Հեռու են խաղաղության պայմանագրի կնքումից, որովհետև ամբողջ տարածաշրջանում կան անհամատեղելի շահեր. Արմեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը 

– Պարո՛ն Պետրոսյան, Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական ֆորումի առաջին օրվա վերաբերյալ ձեր դիտարկումներն եմ խնդրում, դատելով հնչած հայտարարություններից, քննարկումներից՝ ի՞նչ կարող եք ասել Ադրբեջան-Հայաստան, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին։

– Ե՛վ Հայաստանի, և՛ Թուրքիայի, և՛ Եվրամիության ներկայացուցչի հայտարարությունները, հռետորաբանությունը, մտքերը, ուղերձները, բոլորն ըստ էության ավելի պարզ էին դարձնում այն բարդագույն պատկերը, որ առկա է մեր տարածաշրջանում, ու այն, թե այս պահին որքան անհամատեղելի են բոլոր հնարավոր դերակատարների միջև նպատակները, շահերն ու ակնկալիքները։ 

Եթե մի կողմ դնենք Քըլըչի, Ռուբինյանի, Հաջիևի, Կլաարի, անգամ Վրաստանի ներկայացուցչի դիվանագիտական հայտարարությունները, ապա ուղերձներն ու հիմնական ակնկալիքները փաստում են այն փակուղային իրավիճակը, որը կա մեր տարածաշրջանում ու գոնե կանխատեսելի ապագայում առկա խնդիրների կարգավորման հեռանկարի անորոշությունը։ 

Սա պայմանավորված է ոչ միայն ներկա աշխարհաքաղաքական իրողություններով, այլ նաև, բնականաբար, այն անորոշ ժամանակահատվածով, որը սպասում է ամբողջ աշխարհին ընթացիկ 2024 թվականին։ Այստեղ երևացին բոլոր կողմերի ակնկալիքները ու նաև խնդիրները։ Նույն Ադրբեջանը շարունակելու է պահանջել Հայաստանից առավելագույն միակողմանի զիջումները բոլոր խնդրահարույց հարցերի վերաբերյալ։ Թուրքիան, բնականաբար, լինելու է Ադրբեջանի կողքին ու մեծացնելու է ճնշումը Հայաստանի նկատմամբ ու աջակցելու է Ադրբեջանի պահանջների իրականացմանը։ 

Եվրոպական միությունը, բնականաբար, փորձելու է ակտիվացնել կամ շարունակել իր միջնորդությունը, նաև փորձելու է շեշտադրում անել Թուրքիայի դիրքորոշման փոփոխության վրա: Ես ասում եմ Եվրամիություն, բայց նկատի ունեմ հավաքական Արևմուտքը։ Վրաստանը փորձելու է այս զգայուն իրավիճակում հնարավորինս մանևրել, իր համար նոր խնդիրներ չստեղծել, խնդիր չդառնալ Ռուսաստանի համար, խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ ու մաքսիմալ օգտվել այս տարածաշրջանային դիմակայությունից բոլոր առումներով։ 

Ռուսաստանին էլ եմ ուզում անդրադառնալ, թեև ներկա չէր այս ֆորումին, բայց քանի որ Ռուսաստանը շարունակում է այս տարածաշրջանում մնալ ազդեցիկ դերակատար ու որոշելու է այս տարածաշրջանը որպես թիկունք կառավարելի պահել ու բոլոր եղած մարտահրավերները, խնդիրները լուծել տարբեր մեթոդներով։

– Այսինքն՝ ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանը շա՞տ հեռու են խաղաղության պայմանագրի կնքումից։

 – Միանշանակ հեռու են, որովհետև այս պահին, կրկնում եմ, կան անհամատեղելի շահեր ամբողջ տարածաշրջանում։ Խաղաղության պայմանագիրը, մեծ հաշվով, նոր ստատուս քվո ֆիքսելու քայլ է, իսկ նման իրավիճակ կարող է լինել այն դեպքում, երբ տարածաշրջանում որոշակի հավասարակշռություն լինի, խոսքը միայն ռազմական հավասարակշռության մասին չէ, որովհետև միայն դա բավարար հիմք չէ պայմանագրի կնքման համար։ 

Տարածաշրջանում կա աշխարհաքաղաքական ազդեցության հավասարակշռության խախտում, այստեղ միայն Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրը չէ, ու եթե անգամ այս երկուսի ռազմական բալանսը ինչ-որ հրաշքով հավասարակշռվի, միայն դա բավարար չէ, որպեսզի խնդիրները լուծվեն: Այստեղ աշխարհաքաղաքական բալանսի վերականգնման խնդիր կա, այսինքն՝ Թուրքիա-Ադրբեջան դաշինքին ու դրա հետ Ռուսաստանի համագործակցությանը Հայաստանը պետք է համադրի համարժեք ազդեցություն, ա՛յ դրա հնարավորությունն է, որ մենք այսօր չունենք։

– Արևմուտքը չի՞ տալիս այդ հնարավորությունը։ 

– Տալիս է, բայց արդյոք կարողանո՞ւմ է բալանսավորել։ Մենք մի կողմից ունենք Թուրքիա-Ադրբեջան դաշնակցություն, մյուս կողմից էլ ունենք Ռուսաստանի շատ սերտ համագործակցություն նրանց հետ, համարյա ռազմավարական մակարդակի գործընկերություն: Դրա փոխարեն մենք Արևմուտքի ինչպիսի՞ ներկայություն ունենք, առնվազն դրա համարժեքը պետք է լիներ Հայաստան-Եվրամիությունը, մոտավորապես այնպիսի հարաբերություն, ինչպիսին Վրաստանն ունի, բայց մենք դա չունենք, ու փաստացի դրա հեռանկարն էլ չկա։ 

Ի տարբերություն Վրաստանի՝ մեր աշխարհագրական դիրքը, խնդիրները, մեր հարևանների հետ հարաբերությունները, խոսքը միայն Թուրքիայի ու Ադրբեջանի մասին չէ, խոսքը նաև Իրանի մասին է, մեզ թույլ չեն տալիս Արևմուտքի նման ներկայություն ապահովել մեր երկրում։ Ցավոք սրտի, սրանք օբյեկտիվ իրողություններ են, որոնք շատ հաճախ անտեսվում են մեզանում։ 

– Պարո՛ն Պետրոսյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը կմոտենա ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն թույլ կտա, ըստ ձեզ՝ որքա՞ն է թույլ տալու։

– Որքան որ կարողանա պատասխանատվություն ստանձնել Հայաստանի համար։ Սրանք շատ գեղեցիկ դիվանագիտական ձևակերպումներ են, բայց դրա բովանդակությունը պետք է բացվի։ Ցանկացած համագործակցություն ենթադրում է պատասխանատվություն, այսինքն՝ ԵՄ-ն թույլ կտա Հայաստանին մոտենալ այնքան, որքանով ինքը կկարողանա իր ստանձնած պարտավորությունները իրականացնել Հայաստանում, իսկ պարտավորությունների իրականացումը շատ բարդ է Հայաստանի պայմաններում, ես արդեն նշեցի օբյեկտիվ իրողությունների մասին։ 

Այո՛, աշխատանքի տեղ կա, հեռանկար կա, բայց, ցավոք սրտի, դա տևական ժամանակ է պահանջում, իսկ մեր խնդիրները պահանջում են արագ լուծումներ, որ այս պահին ԵՄ-ն վստահ չի կարող իրականացնել։ 

– Ռուսաստանի հետ հարաբերություններն այս պահին ինչպե՞ս եք գնահատում, դրանք ի՞նչ հետևանքներ են ունենալու Հայաստանի վրա։

– Անթաքույց է, որ հարաբերությունները շատ լուրջ ճգնաժամ են ապրում գրեթե բոլոր մակարդակներում՝ բացի տնտեսությունից։ Սա, իհարկե, լավ չէ, որովհետև Ռուսաստանն այսօր աշխարհում ու նաև մեր տարածաշրջանում անկանխատեսելի գործողություններ է անում։ 

Ռուսաստանի քաղաքականության տրամաբանությունն այն է, որ տարբեր տարածաշրջաններում պետք է լինեն կոնֆլիկտներ, որոնց զարգացումը կառավարելի պահելով՝ Ռուսաստանն կկարողանա իր ներկայությունն ապահովել այդ ճանապարհին։ Իսկ հիմա տեսնում ենք, որ տարբեր տարածաշրջաններում՝ Մոլդովայում, Հարավային Կովկասում, չի կարողանում իր ներկայությունն ապահովել: Այդ բոլոր տարածաշրջանները վերածվել են աշխարհաքաղաքական դիմակայության պոտենցիալ հարթակների, որտեղ այս պահին գործողությունները ոչ թե ուղիղ ռազմական բախման տեսքով են, այլ՝ ռազմավարական մանևրների։ 

Սա մեզ համար մեծացնում է խնդիրները, բայց նաև հնարավորություն է տալիս դուրս գալու այն պատմական աշխարհաքաղաքական ձևաչափից, որը հաստատել էր Ռուսաստանը Թուրքիայի հետ մեր տարածաշրջանում, այսինքն՝ կոնֆլիկտների առկայությունը տարածաշրջանում ու դրանց կառավարելիության վրա ազդելու հնարավորությունը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am