«Ռուսաստանն այլ կերպ, քան ի հաշիվ Հայաստանի շահերի, չէր կարող Ադրբեջանին ՀԱՊԿ անդամ դարձնել»․ Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը 

– Պարո՛ն Վարդանյան, Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դռները պետք է միշտ բաց լինեն բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի համար, և հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վաղ թե ուշ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն։ Ինչպե՞ս է հնարավոր դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, և ի՞նչ նպատակ է հետապնդում Ռուսաստանը։

– Ակնհայտ է, որ Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշումներ է գործադրում, որպեսզի վերջինս դիվանագիտական հարաբերություններ հաստատի Ադրբեջանի հետ, և դրա նպատակն այն է, որ Ադրբեջանը մտնի ԵԱՏՄ և ՀԱՊԿ կառույցների կազմի մեջ։ 

Եվ քանի որ այդ կառույցի անդամները պարտավոր են միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ ունենալ, հետևաբար, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստեղծեն այդ հարաբերությունները միմյանց հետ, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանի անդամակցությունն այդ կառույցներին, ինչը Ռուսաստանի վաղեմի երազանքն է։ Սրան զուգահեռ, Ադրբեջանը լրացուցիչ պայմաններ է դնում Հայաստանի առջև՝ այն է, որ իրենք պատրաստ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, բայց Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

– Ինչո՞ւ է Ռուսաստանն ամեն գնով փորձում Ադրբեջանին այդ կառույցների անդամ դարձնել։

– Վլադիմի Պուտինը հայտարարություններից մեկում ասել էր, որ ԽՍՀՄ փլուզումը 20-րդ դարի ամենամեծ աշխարհաքաղաքական չարիքն էր։ Բնականաբար, նա փորձում է այս կամ այն կերպ նախկին ԽՍՀՄ հանրապետություններին, բացի Մերձբալթյան երեք երկրներից, պահել իր աշխարհաքաղաքական ազդեցության տիրույթում, և այն երկրների նկատմամբ, որոնք փորձում են այդ ազդեցության գոտուց դուրս գալ, Ռուսաստանը պատժամիջոցներ է կիրառում։ 

Ռուսաստանը վաղուց էր ուզում, որ Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին, որ իրենց ազդեցության տակ պահեն այդ երկիրը, որն ունի մեծ նավթագազային ռեսուրսներ, բացի դրանից, վերջին տարիներին Ադրբեջանի վարած ինքնուրույն քաղաքականությունը դուր չի գալիս Ռուսաստանին, բայց նրանք այլ կերպ, քան ի հաշիվ Հայաստանի շահերի, չէին կարող Ադրբեջանին ՀԱՊԿ անդամ դարձնել՝ նրան բերելով իրենց ազդեցության գոտի։

– Պարո՛ն Վարդանյան, կարո՞ղ ենք արձանագրել, որ Ադրբեջանը, ի գին Հայաստանի շահերի ոտնահարման, պատրաստ է անդամակցելու ՀԱՊԿ-ին, իսկ Հայաստանն անկարող է դիմակայելու Ռուսաստանի ու Ադրբեջանի ճնշումներին։

– Դատելով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից՝ այո՛, Հայաստանը ևս պատրաստ է դրան։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը մեծ ճնշումներ են գործադրում Հայաստանի վրա, բայց չգիտեմ՝ ինչքանո՛վ կկարողանա դիմագրավել, համենայնդեպս, նրա խոսքերից կարելի է եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանն իր համաձայնությունը, այնուամենայնիվ, տվել է։

– Հայաստանն այդ ճնշումներին չտրվելու այլընտրանք ունի՞, անկախ հանգամանքից, թե ով է իշխանության։

– Դիվանագիտության մեջ գրեթե միշտ էլ ելք կա, տարբեր ձևերով կարելի է չեզոքացնել դա, բայց ակնհայտ է, որ Հայաստանի վրա շատ մեծ ճնշումներ կան, և եթե իշխանությունն էլ փոխվի, վստահ չեմ, որ կարող է Ռուսաստանին հակադրվել։ Քաղաքական այն ուժերը, որոնք ռեալ շանս ունեն իշխանության գալու, այս հարցում որևէ տարբերություն չունեն Փաշինյանի վարած քաղաքականությունից։

– Պարո՛ն Վարդանյան, ենթադրենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվում։ Երկու երկրների միջև իսկապես խաղաղություն լինելո՞ւ է, թե՞ Ադրբեջանն էլի ոտնձգություններ է թույլ տալու։

– Խաղաղություն չի լինելու, քանի դեռ կոնֆլիկտը վերջնականապես լուծված չէ, սա առավել քան ակնհայտ է։ Իհարկե, որոշակի ժամանակահատված խաղաղություն կլինի, բայց այն կարող է ցանկացած ժամանակ պայթել, քանի դեռ կոնֆլիկտն ամբողջությամբ չի լուծվել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am