Ամուլսարի հանքի շահագործմանը  Ջերմուկում արդեն ոչ ոք լուրջ չի վերաբերվում, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը. Շիրակ Բունիաթյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը

– ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ «Լիդիան Արմենիայի» կողմից ղեկավարվող Ամուլսարի ոսկու հանքը ենթադրաբար կսկսի շահագործվել կա՛մ այս տարեվերջին, կա՛մ 2025 թ. սկզբին։ Քանի որ դուք մշտապես պայքարել եք հանքի շահագործման դեմ, կխնդրեմ ասեք, թե ինչպե՞ս եք վերաբերվում իշխանության այս որոշմանը։

– Նախ ասեմ, որ Ամուլսարի տարածքում շարժ, աշխատանքներ ու այլ գործունեություն չկան, բնակչության մասով՝ վստահաբար կարող եմ ասել, որ ովքեր դեմ էին հանքի շահագործմանը, շարունակում են մնալ այդ դիրքորոշմանը, իսկ այդ մարդկանց թիվը քիչ չէ։ 

Ջերմուկը փոքր քաղաք է, ու ամենօրյա շփումներից ինձ համար պարզ է դառնում, որ մարդիկ իրենց միտքը չեն փոխել, ավելին՝ այն մարդիկ, որոնք կողմ էին, որ հանքը շահագործվի, արդեն իրենք էլ լուրջ չեն վերաբերվում պարբերաբար արվող այդ հայտարարություններին։ Ես հիմա Գնդեվազ գյուղում եմ, որը հենց Ամուլսարի լանջին է, մարդիկ զբաղված են իրենց հողագործական աշխատանքներով, սարի լանջին իրենց այգիներն են մաքրում ու մշակում, ամեն մարդ իր գործին է ու ակնկալիք էլ չունի, որ պետք է հանքը շահագործվի։ 

– Լուրջ չվերաբերվելու պատճառը ո՞րն է։

– Անհատապես չեմ հարցրել, թե ինչո՞ւ լուրջ չեն վերաբերվում այդ հարցին, բայց հիմնականում, եթե մենք նայենք պարբերաբար արվող հայտարարություններին, թե հանքը պետք է բացվի, կտեսնենք, որ արդեն մի քանի տասնյակ անգամ ասել են՝ հեսա բացվելու է, այս ամսվա սկզբին, տարվա երրորդ եռամսյակին և այլն։ Բայց ոչ մի լուրջ բա չի հետևել դրան։ 

– Պարո՛ն Բունիաթյան, եթե այս անգամ իսկապես հանքը շահագործվի, ընդվզում կլինի՞։

– Ես ունեմ անձնական դիրքորոշում, որը նախկինում ու հիմա էլ նույնն է, ունեմ ներքին համոզմունք, որ հիմա հատկապես Ամուլսարում չի կարող հանք շահագործվել, որովհետև Հայաստանի ներքին, սահմանային իրավիճակը դրա համար նպաստավոր չէ, աշխարհում տեղի ունեցող գործընթացներն էլ այս ամենին կապելով, ես կարծում եմ, որ Ամուլսարը չի կարող հանք դառնալ։ 

Ինչ վերաբերում է մարդկանց արձագանքին, ասեմ, որ այդ ամենը նախկինում եղել է ինքնաբուխ ձևով, ու հիմա դժվար է կարծիք հայտնել ու հստակ ասել, որ այս դեպքում այսքան մարդ դուրս կգա փողոց։ Երբ կլինեն գործընթացները, մարդկանց արձագանքից արդեն պարզ կլինեն դրա ծավալները։ 

– Բայց, այնուամենայնիվ, կարծում եք, որ այդ դեպքում ընդվզում կլինի՞, ինչպես նախկինում է եղել։

– Ես կարծում եմ, որ կլինի, երբ հիմա տեսնում եմ, որ մարդիկ, որոնք երկար ժամանակ դրան դեմ են եղել ու շարունակում են դեմ լինել, ապա պարզ է, որ իրենք իրենց դիրքորոշումն ինչ-որ ձևով կարտահայտեն, թե դա ի՛նչ ձևով կդրսևորվի, արդեն ժամանակը ցույց կտա։ 

Հիշեցնենք, որ 2023 թ. հունիսի 6-ին «Լիդիան Արմենիա» և «Ըլայդ գոլդ քորփ» ընկերությունների ղեկավարները ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել են, որ պատրաստվում են համատեղ իրականացնել

Ամուլսարի ծրագիրը։ 

Տևական ժամանակ է՝ հանքը չի գործում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am