Հայոց Բանակ. 19 տարի անց հասարակությունը քննարկում է զինվորի եւ բանակի խնդիրները

Հայոց Բանակ. 19 տարի անց հասարակությունը քննարկում է զինվորի եւ բանակի խնդիրները
Հայոց Բանակ. 19 տարի անց հասարակությունը քննարկում է զինվորի եւ բանակի խնդիրները
Հեղինակ MediaLab

22-ամյա Յուլիաննայի ընկերը ծառայում է բանակում` Մարտունու զորամասերից մեկում: Ընկերոջ վերադարձին հաշված ամիսներ են մնացել, սակայն մինչև հիմա Յուլիաննան սարսափով է հիշում հուլիսի 28-ին Մարտունու զորամասում տեղի ունեցած միջադեպը:
«Ես սկսեցի կարդալ մահացածների անունները, բայց չկարողացա շարունակել: Տեղումս սառեցի: Տառերն ասես լղոզվեցին: Հետո տնեցիներից մեկը սենյակ մտավ, միասին կարդացինք մինչև վերջ: Ասեցինք նորմալ է, նրա անունը չկա: Այդ պահին սկսեցի լաց լինել: Հասկացա, որ իմ պես ինչ-որ մեկն էլ երևի այսպես կարդում է և գտել է ծանոթ մի անուն»,- «Մեդիալաբին»  պատմում է Յուլիաննա Սիրանյանը:
Դրանից հետո նա որոշել է այլևս չծանոթանալ բանակին վերաբերվող նորություններին և ընդհանրապես չմտածել վտանգի մասին:

Մինչդեռ հուլիսի 28-ի դեպքը մեծ աղմուկ բարձրացրեց հայ հասարակության մեջ: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Կարո Այվազյանը հրազենով սպանել էր 1 լեյտենանտի ու 1 սերժանտի, Այնուհետև նա նույն զենքով սպանել էր դեպքի վայրին մոտեցած ևս 3 զինծառայողների ու ինքնասպան եղել։

Այս դեպքից հետո նախորդ տարվա ընթացքում Բանակում առկա հիմնական խնդիրները հասարակական և քաղաքական քննարկումների առարկա դարձան: Տարբեր կարծիքներ հնչեցին: Այսօր, սակայն, ամփոփելով անցած տարին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հավաստիացնում է, որ Հայկական բանակն իր կենսագրության երկրորդ տասնմյակն ավարտում է որպես տարածաշրջանի մարտունակ բանակներից մեկը:

«Հրադադարի ռեժիմի խախտումներով և դիվերսիոն գործողություններով թշնամին շարունակ փորձում է մեր զգոնությունը։ Մինչ այսօր արձանագրված այդ ոտնձգություններն արժանի հակահարված են ստացել։ Եվ չի բացառվում, որ նոր, էլ ավելի ստոր ոտնձգություններ ու սադրանքներ նախաձեռնվեն»-ասել է Սեյրան Օհանյանը Հայոց բանակի կազմավորման 19- ամյակին նվիրված իր ելույթում:

Այդուհանդերձ նախարարի խոսքերը բոլորին չեն որ ոգևորում են: Ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսը բանակի ծննդյան 19 ամյակի առթիվ իր հայտարարության մեջ մտահոգություն է հայտնել:

« Հայ ազգային կոնգրեսը ցավով է արձանագրում այն փաստը, որ իր կազմավորման առաջին տասնամյակում լավագույն ավանդույթներ որդեգրած պետական այս կառույցը հետզհետե կորցնում է իր որակները։ Դրա անհանգստացնող դրսևորումներն են ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով ողբերգական դեպքերը բանակում, որին զոհ են գնում զինծառայողները»,-ասվում է ՀԱԿ հայտարարության մեջ։

Վերլուծաբան Անուշ Սեդրակյանն ասում է խնդիրները բազմաթիվ են:

«Հայաստան հարաբերական բաց համակարգն ունի բազմաթիվ խնդիրներ, և երբ մենք այդ բաց համակարգից մտնում ենք փակ համակարգ՝ բանակ, այդ խնդրները  քառակի, եթե ոչ տասնապատիկ, սրվում են, և մենք ունենում ենք այն, ինչ ունենում ենք»,-համոզված է վերլուծաբանը։

Նրա կարծիքով բանակում գրանցված ինքնասպանությունների շարանը այն հոգևոր ինքնասպանությունների շարանն է, որն ամեն վայրկյան իրականացվում է հասարակության ներսում, և երբ մտնում ենք բանակ, այդ հոգևոր սպանությունը դառնում է ֆիզիկական:

Նույն խնդրի շուրջ լրագրողների հետ խոսացել է նաև  «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Գրետա Միրզոյանը:

«Ես գտնում եմ, որ ճիշտ է այն փիլիսոփայությունը, որ ասում են՝ պետք է համեմատես, որ իմանաս։ Անհամեմատելի է մեր այսօրվա ունեցածը 10 տարի առաջ ունեցածի հետ»,-ասել է Գրետա Միրզոյանը։

Մի քանի ամիս առաջ զորացրված Դավիթ Խումարյանը չի սիրում խոսել այն մասին, թե ինչպիսին է եղել Հայոց Բանակը տարիներ առաջ: Նրա կարծիքով այժմ բանակը վատ վիճակում չի գտնվում:

«Բանակում այնպես է, ինչպես հասարակության մեջ: Երբ ասում են` մեզ բանակում ճնշում են, հաստատ իմացեք, դա այն մարդիկ են, ում նաև բանակից դուրս են ճնշում: Այսինքն նրանք դա թույլ են տալիս»,- «Մեդիալաբին» ասում է Դավիթ Խումարյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am