«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակա ափամերձ տարածքներում շարունակվում է ապօրինի շենք շինությունների ապամոնտաժման գործընթացը

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է․

Մեծ թափով շարունակվում է Սևանի՝ «կապանքներից ազատման» գործընթացը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակա ափամերձ տարածքներում շարունակվում է ապօրինի շենք շինությունների, տաղավարների, պարիսպների ապամոնտաժման ու տարածքներն աղբից մաքրելու գործընթացը։

Այս փուլում ապամոնտաժվում են 1901.5 մետր նիշից ներքև գտնվող ապօրինի կառուցված շենք-շինություններ, հանգստի գոտիների պարիսպներ, քարաշեն կիսակառույցներ, երկաթյա տնակներ ու տաղավարներ։

Ներկայումս աշխատանքներն իրականացվում են Սևանի հանրային լողափում, հանրային լողափից դեպի թերակզի ընկած ափամերձ և Սևանի նավամատույցի հարևանությամբ գտնվող լճափնյա հատվածներում։

Սևանա լճի ու դրա ջրհավաք ավազանի ջրային պաշարների, կենդանական և բուսական աշխարհի, էկոլոգիական ենթահամակարգերի անխաթարության ապահովման գործում անչափ կարևոր ու առանցքային է ափամերձ հատվածներում տնտեսվարման պատշաճ վերահսկողությունն ու ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը։ 

Բավականին մեծածավալ աշխատանքներ են ընթանում, սակայն դրանց ծավալը կախված է նաև «Սևան» ազգային պարկի սեփական կարողությունների ոչ բավարար հզորության հետ։ Արդեն մեկնարկել են այդ կարողությունների ընդլայնման և հզորացման գործընթացը․ շուտով ձեռք կբերվի նոր տեխնիկա, որի կիրառմամբ էլ ավելի մեծ թափով կընթանան լճի առափնյա հատվածներն արժանավայել տեսքի բերելու և կարգուկանոն հաստատելու աշխատանքները։