«Ռուսական կողմը պետք է բացատրություն տա՝ ինչո՞ւ է Տավուշում զորավարժություն անցկացրել և ո՞վ էր տեղյակ այդ մասին». Ռուբեն Մեհրաբյան

Տավուշի մարզի տարածքում օդային վարժանքներ անցկացնելու հարցում հայկական կողմը պետք է բացատրություններ պահանջի Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի հրամանատարությունից։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով հունվարի 22-ի երեկոյան Տավուշի մարզում արձանագրված դեպքին, երբ բնակիչները պայթյունի բարձր ձայներ էին լսել։

«Հանգամանքների ամբողջությունը դեռ ներկայացված չէ, որպեսզի մենք կարողանանք վերջնական հետևություններ անել, բայց մենք տեսնում ենք, որ անհասկանալի գործընթաց է տեղի ունենում։

Ի վերջո, այո՛, զորավարժություններ կարող են արվել, բայց դրանք ի՞նչ զորավարժություններ էին, ովքե՞ր էին տեղյակ դրանից, քաղաքացիները տեղյա՞կ էին, թե՞ ոչ, տեղական իշխանությունները տեղյա՞կ էին, թե՞ ոչ։ Ի վերջո, նրանք պետք է հասկանան, որ ջունգլիներում չեն գտնվում»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը։

Ռուբեն Մեհրաբյանը (Լուսանկարը՝ Media.am)

Հիշեցնենք, որ հունվարի 22-ի ուշ երեկոյան տեղեկություն տարածվեց, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքին հարակից տարածքների բնակիչները պայթյունի բարձր ձայներ են լսել, որոնք մարդիկ նմանեցրել են ընկնող ինքնաթիռի ձայների։

Պայթյունի և ինքնաթիռ ընկնելու մասին լուրերը արագ տարածվեցին սոցիալական ցանցում, սակայն Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը հերքեցին դրանք։

Ավելի ուշ մարզպետ Հայկ Չոբանյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով տեղեկացրեց, որ ռուսական ռազմաբազան օդային վարժանքներ է անցկացրել մարզի տարածքում։

Սոցիալական ցանցերում ականատեսները գրում էին, որ ռազմական ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել ցածր բարձրության վրա, ինչի հետևանքով էլ մեծ աղմուկ էր առաջացել։

«Սիրելի բարեկամներ, ստորև պաշտոնական տեղեկատվություն է՝ տեղի ունեցած օդային զորավարժությունների վերաբերյալ։ Որևէ պատահար տեղի չի ունեցել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր Հայկ Չոբանյանը՝ կցելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։

Ըստ Ռուսաստանի ՊՆ-ի պաշտոնական տեղեկատվության՝ տեղի են ունեցել օդային զորավարժություններ, 30-ից ավելի օդային տեխնիկա է մասնակցել դրանց` 100 զինծառայողների մասնակցությամբ: Մասնակցել են «Էրեբունի» օդակայանի երիտասարդ օդաչուները։ Ըստ Հայկ Չոբանյանի՝ թռիչքները եղել են ոչ միայն Տավուշում, այլև Լոռիում: 

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ ամբողջությամբ պարզ չէ, թե ի՛նչ է տեղի ունեցել։ «Այո՛, մենք հասկանում ենք, որ բոլորի համար անսպասելի բան է տեղի ունեցել։ Եվ բավականին տհաճ, շատ հարցեր հարուցող, հարցեր, որոնք մարդիկ բարձրացնում էին, բայց երկար ժամանակ մնում էին անպատասխան։ Հետո եղան կցկտուր պատասխաններ։ Սա նորմա՞լ պրակտիկա է, իհարկե ո՛չ»,- ասում է Մեհրաբյանը։

Քաղաքագետը նաև նկատում է, որ անվտանգության տեսանկյունից ևս Հայաստանի համար կարող են խնդիրներ ստեղծվել, երբ սահմանամերձ Տավուշում նման զորավարժություն է անցկացվում։ Նրա խոսքով՝ զորավարժությունների համար գոյություն ունեն զինավարժարաններ։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիս ամսին էլ ռուսական ռազմաբազան զորավարժություն էր անցկացրել Շիրակի մարզի Փանիկ գյուղի հատվածում։ Զորավարժություններն ուղեկցվել էին կրակոցներով ու պայթյուններով։

Պարզվել էր, որ դրանք անցկացվել էին առանց տեղական ինքնակառավարման մարմիններին տեղյակ պահելու։ Փանիկ համայնքի ղեկավարը դիմել էր Շիրակի մարզային ոստիկանություն ու Ազգային անվտանգության ծառայություն՝ պարզելու, թե ինչո՛ւ է ՌԴ 102-րդ ռազմաբազան զորավարժություն անցկացնում համայնքի հարակից տարածքում՝ առանց զգուշացման: Միայն բարձրացված աղմուկից հետո էր ռուսական կողմը ներողություն խնդրել այդ արարքի համար։

«Մի խումբ ապուշներ որոշել էին Փանիկում կռիվ-կռիվ խաղալ՝ մարդկանց լեղաճաք անելով։ Եվ հետո թե՛ բնակիչների, թե՛ հայկական կողմի հրամանատարութան կողմից կարգի հրավիրվելուց հետո հասկացան, թե ինչպես պետք է իրենց դրսևորեն։ Միգուցե սա այն դեպքն է, որ մեկ անգամ ևս պետք է նրանց ուշքի բերել»,- ասում է Մեհրաբյանը։

Ըստ նրա՝ հայկական կողմի արձագանքը նման իրավիճակներում նախևառաջ պետք է համարժեք լինի։ «Տվյալ դեպքում, ես կարծում եմ, որ պետք է բացատրություն պահանջվի ռուսական կողմից։ Պետք է սահմանվեն այն տարածքները, որտեղ կարելի է զորավարժություններ անցկացնել, որտեղ՝ ոչ։ Պետք է ռուսական կողմին հորդորել՝ պահպանել պայմանավորվածությունը»,- ասում է Ռուբեն Մեհրաբյանը։


Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am