Հայաստան. ՄԱԿ-ի փորձագետը ողջունում է իշխանության խաղաղ փոխանցումը

Հայաստան. ՄԱԿ-ի փորձագետը ողջունում է իշխանության խաղաղ փոխանցումը
Հայաստան. ՄԱԿ-ի փորձագետը ողջունում է իշխանության խաղաղ փոխանցումը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով փորձագետն իր գոհունակությունն է արտահայտել այս տարի Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցման կապակցությամբ եւ երկրի նոր ղեկավարությանը կոչ է արել չշեղվել մարդու իրավունքների հիման վրա կատարելագործված ժողովրդավարական համակարգի, երկխոսության մշակույթի եւ ուժեղ ու անկախ հաստատությունների արմատավորմանը հետամուտ լինելու ուղուց։

«Հայաստանի ժողովուրդը վերաձեւում է սեփական ապագան, որը միտված է իրավունքի գերակայության հիման վրա առավել ներառական հասարակության կառուցմանը, որտեղ յուրաքանչյուր անհատ իրացնում է բոլոր հիմնարար ազատությունները», – տասնօրյա պաշտոնական այցի ավարտին նշեց Խաղաղ հավաքների եւ միություններ կազմելու իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող պրն. Կլեման Նյալեցոսի Վուլեն։

«Ես մեծ հույսեր ունեմ, որ Հայաստանում տեղի կունենան իրական փոփոխություններ, եւ որ կգերիշխի թավշյա հեղափոխությունն առաջ մղող ուժը՝ հավասարության ու ազատության ցանկությունը։

Այս տարի ավելի վաղ՝ տասնյակ հազարավոր հայաստանցիներ դուրս եկան փողոց՝ բողոքելու հովանավորչության ու կոռուպցիայի դեմ եւ երկրի ղեկավարության փոփոխության կոչ անելու։ Նրանց բողոքի ցույցերը հանգեցրին Նիկոլ Փաշինյանի ընտրմանը. հոկտեմբերի 16-ին տված ֆորմալ հրաժարականից հետո նա գործում է որպես վարչապետի պաշտոնակատար։

Պրն. Վուլեն նշեց, որ դեկտեմբերի 9-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունները կդառնան եւս մեկ առանցքային իրադարձություն Հայաստանի ժողովրդի կյանքում։ «Կոչ եմ անում անցկացնել ազատ, արդար, թափանցիկ ու ներառական ընտրություններ, որոնք կնպաստեն անհրաժեշտ բարեփոխումների ու տրանսֆորմացիայի համար նպաստավոր մթնոլորտի ստեղծմանը», – շեշտեց նա։

Փորձագետը ողջունեց անցումային շրջանում կառավարության ձեռնարկած սկզբնական քայլերը եւ իշխանություններին հիշեցրեց, որ դեպի զարգացում եւ առաջընթաց տանող ուղին կախված է այն բանից, թե որքան խորն են հասարակության մեջ արմատացած իրավունքի գերակայությունը, բոլորի համար իրավունքներն ու բազմազանությունը հարգելու մշակույթը։

«Հայաստանը զգալի ճանապարհ է անցել վերջին շրջանի բարեփոխումներով եւ նոր օրենքների ընդունմամբ, որոնք կարգավորում են խաղաղ հավաքների եւ միություններ կազմելու ազատության իրավունքների իրացումը. այսուհանդերձ, անհրաժեշտ է, որ իշխանություններն ապահովեն գործող կանոնակարգերի հետեւողական կիրարկումը», – ընդգծեց Վուլեն։

Նա նկատեց, որ նույնիսկ փոփոխությունների հասնելու մեծ խանդավառության պայմաններում դժվարությունները պահպանվում են։ Օրինակ՝ փորձագետը մտահոգություն արտահայտեց նախորդող տարիների բողոքի ցույցերի ընթացքում անհամաչափ ուժի կիրառման եւ կամայական ձերբակալությունների համար պատասխանատու անձանց դատական կարգով հետապնդման եւ նրանց նկատմամբ պատժամիջոցների անբավարարության վերաբերյալ։

Վուլեն նշեց, որ իրեն մտահոգել է այն տեղեկությունը, որ իր այցի ընթացքում չեղարկվել է Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը՝ մասնակիցների անվտանգության անբավարար ապահովման մասին պնդումների պատճառով։ Նա իր մտահոգությունները փոխանցել է իշխանություններին եւ նրանց կոչ արել՝ գործադրելու հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի միավորումների ազատ եւ որեւէ խտրականությունից զերծ գործունեության համար ապահովվի նպաստավոր միջավայր, եւ ապագայում հնարավոր լինի խուսափել նման իրավիճակներից։

Վուլեի այցը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով. այստեղ նա հանդիպումներ ունեցավ պետական իշխանության ներկայացուցիչների, ներառյալ՝ փոխվարչապետի, ինչպես նաեւ անկախ կառույցների ներկայացուցիչների հետ։ Նա նաեւ հանդիպումներ անցկացրեց քաղաքացիական հասարակության տարբեր դերակատարների, ՄԱԿ-ի գործակալությունների ու դիվանագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։

Հատուկ զեկուցողի եզրակացություններն ու առաջարկությունները կներկայացվեն Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի ընթացքում, որը կանցկացվի 2019 թ. հունիսին։ Այցի նախնական արդյունքները հասանելի են այստեղ։