Չենք անի քայլ, որը ժողովրդին կզրկի իշխանություն ձևավորելու լծակից. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց այն մոտեցումը, որ իրենք չեն զրկի ժողովրդին՝ իշխանություն ձևավորելու լծակից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով իր հրաժարականի և արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:

«Կա շատ հստակ մի բանաձև՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին և իշխանության վերաբերյալ որոշումներ պետք է կայացնի ժողովուրդը: Չենք անի այնպիսի քայլ, որը ժողովրդին կզրկի իշխանություն ձևավորելու հնարավորությունից և լծակներից ու իշխանության հարցը կտեղափոխի փակ սենյակներում քննարկումների տրամաբանություն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ եթե խորհրդարանական ընդդիմադիր ուժերը շարունակեն մերժել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ իրենց առաջարկած տրամաբանությունը, ապա իրենք համապատասխան դիրքորոշում կձևավորենք այդ մոտեցման նկատմամբ: