Խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում նախագահի ինստիտուտը կարող է դառնալ փրկօղակ ցանկացած քաղաքական ճգնաժամի դեպքում․ ՀՀ նախագահ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատերազմի հետևանքների, հայոց պետականության վերականգման ու դրա ուղիների վերաբերյալ հոդված է հրապարակել։

Նա իր Դեպի «Չորրորդ Հանրապետություն» հոդվածում մասնավորապես գրում է․

«Խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում նախագահի ինստիտուտն արտաքնապես խորհրդանշական կամ ձևական բնույթ ունի, սակայն ներքուստ այն կարող է դառնալ փրկօղակ ցանկացած քաղաքական ճգնաժամի դեպքում:

Որպես պետության գլուխ և Սահմանադրության հետևող՝ նախագահի ինստիտուտը կարող է դառնալ այն անփոխարինելի հարթակը, որտեղ երկխոսության միջոցով կձևավորվեն ճգնաժամից դուրս գալու սահմանադրական ելքերը և մեխանիզմները: Հարց է առաջանում՝ իսկ իդեալակա՞ն է արդյոք մեր Սահմանադրությունը: Պատասխանը մեկն է՝ ո՛չ, ինչպես ցանկացած երկրի սահմանադրություն:

Աշխարհում ամենուրեք վեճեր ու քննարկումներ են ծավալվում իրենց երկրների հիմնական օրենքների փոփոխման շուրջ: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ ես իմ կարծիքն ունեմ մեր Սահմանադրության թերությունների մասին, սակայն որպես Հանրապետության նախագահ՝ ես պարտավոր եմ հետևել օրենքի տառին: Մենք կարող ենք տրվել զգացմունքներին, սակայն բոլոր քաղաքական պահանջները պետք է իրականացվեն օրենքի սահմաններում:

Հայաստանի «Երրորդ Հանրապետությունը» այլևս անցյալ է, մենք առերեսվում ենք նոր իրականության հետ, որը մեզ ստիպում է լինել չափազանց սթափ, հաշվենկատ և նպատակասլաց: Այն ազգային անհոգությունը, անկազմակերպվածությունը, անկարգապահությունը և անհետևողականությունը, այն կեղծ օրակարգերը, գաղափարները և մոտեցումները, որոնք մեզ ուղեկցում էին վերջին տասնամյակներին, պետք է նետել պատմության արխիվ:

Ցավոք, մինչև այսօր Հայաստանում և Հայկական աշխարհում չկա տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունների իրական չափերի և դրանց պատճառների ու հետևանքների ամբողջական ընկալում: Մենք պետք ունենք հասկանալու, որ մեզ համար սկսվում է պատմության նոր էջ իր մարտահրավերներով, և այս անգամ՝ չսխալվելու, գրագետ և պրոֆեսիոնալ գործելու բացառիկ հրամայականով:

Ինչպես էլ կոչենք այդ նոր էջը՝ «Նոր էջ», «Ռեսթարտ», «Նոր սկիզբ», «Վերելքի սկիզբ», «Չորրորդ Հանրապետություն» կամ այլ կերպ, միևնույնն է, իրականությունն այն է, որ մտնում ենք պատմության նոր փուլ:

Պատերազմի պատճառած համազգային ցնցումից ու պարտադիր անցումային փուլից հետո մենք պետք է ձեռնարկենք նոր պետության կառուցումը, որը պայմանականորեն այս հոդվածում անվանում ենք «Չորրորդ Հանրապետություն»:

2018թ. իշխանափոխությունը կարող էր մեր պատմության նոր փուլի սկիզբ դառնալ, որի համար կային ժողովրդական համախմբման, խանդավառության և աջակցության բավարար հիմքեր, սակայն այն դարձավ նախորդ փուլի վերջը՝ առանց առաջարկելու նոր գաղափարախոսություն:

Վերջին պատերազմում պարտությունը հենց այդ համակարգի պարտությունն էր, ոչ թե զինվորի, ժողովրդի և ազգի: