«Բնական է, որ Արցախից պետք է անհապաղ դրական արձագանք լիներ, որովհետև դա նախադեպ է, ու մեզ համար հուսադրող տարր կա դրա մեջ». Արամ Հարությունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը

Պարո՛ն Հարությունյան, Ռուսաստանի Դաշնությունը ճանաչեց Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Արցախի Հանրապետության նախագահն առաջիններից էր, որ շնորհավորեց այս երկրների ժողովուրդներին, իսկ ավելի ուշ Արցախի խորհրդարանի նախագահը ողջունեց ՌԴ նախագահի այս քայլը: Ինչո՞վ է պայմանավորված Արցախի նման արագ արձագանքը:

– Պետք է միանշանակ գիտակցենք, որ Արցախի համար սա նախևառաջ չճանացված պետության միջազգային ճանաչման նախադեպ է, որը շատ ավելի է մոտեցնում նաև Արցախի ճանաչումը, ու, միանշանակ, սա առաջին դեպքը չէ, երբ նման դեպքում Արցախից անհապաղ դրական արձագանք է լինում, որովհետև նույն խնդիրներն են, ըստ էության, որոնց բախվում է Արցախի ժողովուրդը, ու, միանշանակ, նաև հույսեր է արթնացնում, որ օրերից մի օր արդարություն կլինի, ու կճանաչվի նաև Արցախի անկախությունը:

Ռուսաստանի նախագահի երեկվա խոսքում մի քանի անգամ անդրադարձ եղավ, որ ԽՍՀՄ-ի ժամանակ սխալ վարչատարածքային որոշումներ են կայացվել, որոնց հետևանքով նման խնդրահարույց հարցեր են ծագել, այսինքն՝ այս նույն տրամաբանության մեջ՝ սովետական այդ սխալ վարչատարածքային բաժանման հետևանքով Արցախի Հանրապետությունը հայտնվեց Ադրբեջանի Սովետական Հանրապետության կազմում, տարիներ հետո ժողովրդի դժգոհության առիթ հանդիսանալով, հիմքում ունենալով և՛ էթնիկ խնդիրը, և՛ այն, որ Արցախը երբեք անկախ Ադրբեջանի տարածքային մաս չի եղել:

Այս առումով Ռուսաստանի նախագահի երեկվա մեկնաբանության մեջ լրիվությամբ մեկնաբանվում է նաև Արցախի խնդիրը: Իհարկե, Արցախում նման զուգահեռները դրական սպասումներ առաջացրին, բացի այդ էլ, եթե հիշենք, Կոսովոյի դեպքում էլ Արցախից էլի դրական արձագանք գնաց, որովհետև սա նախադեպ է, և մեզ համար դրա մեջ հուսադրող տարր կա:

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում հնչող կարծիքներին, որոնց հեղինակները չեն ողջունում Արցախից եկող այդ հրատապ արձագանքները՝ նշելով, որ ՌԴ-ի այս քայլն իրականում բռնություն է, ու չպետք է բռնությունն արդարացնել:

– Բնական է, որ կլինեն նաև նման կարծիքներ, որովհետև մարդիկ տարբեր մոտեցումներ ունեն: Ես չեմ ուզում նույնականացնել Արցախի խնդիրը Դոնեցկի, Լուգանսկի խնդրի հետ, որովհետև մեզ մոտ, կարծում եմ՝ կոնֆլիկտը շատ ավելի խորն է: Մյուս կողմից էլ՝ սա այդ ժողովրդի կամարտահայտությունն է, իրենք իրենց հռչակել են անկախ պետություն, ինչը նրանց ինքնորոշման միջազգային իրավունքն է, որից իրենք օգտվել են:

Չեմ ուզում գնահատականներ տալ այդ տեսակետներին, բայց, կարծում եմ՝ բնական ու տրամաբանական էր, որ Արցախից ողջույնի խոսքեր պետք է հնչեին, որովհետև շատ նման իրավիճակում ենք մենք գտնվում: Չեմ կարող հասկանալ, թե այդ մարդկանց մոտ ի՛նչն է բացասական ընկալվում:

– Պարո՛ն Հարությունյան, Վլադիմիր Պուտինի այդ որոշումից հետո Հայաստանում կարծիքներ հնչեցին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը ևս պետք է ճանաչեր Արցախի անկախությունը, ու այդ պարագայում, հնարավոր էր՝ պատերազմի այլ ելք ունենալ: Համակարծի՞ք եք այս պնդումներին:

– Ես անկեղծ չեմ կարծում, որ եթե Հայաստանն այդ թեժ մարտական գործողությունների ժամանակ ճանաչեր Արցախի անկախությունը, դա առարկայական ինչ-որ բան կփոխեր: Ընդհակառակը՝ հակառակ ռիսկերն էլ կային, որ ճանաչման դեպքում կարող էր բանակցային գործընթացը փակուղի մտնել: Ճիշտ է, հիմա էլ չկա ակտիվ բանակցություն, բայց որոշակի շարժ կա:

Բացի այս, ուզում եմ հետևյալն ասել, որ Ռուսաստանը, ճանաչելով այդ երկրների անկախությունը, իր պատրաստակամությունը հայտնեց մինչև վերջ կանգնելու այդ հանրապետությունների կողքին և ցանկացած լայնամասշտաբ պատերազմի պարագայում աջակցել նրանց: Մենք պետք է նաև մեր հնարավորությունները գնահատենք, այսինքն՝ արդյոք Հայաստանն ունե՞ր այդքան ռեսուրս, որ ճանաչելով Արցախի անկախությունը՝ կարողանա՞ր հարաբերական խաղաղություն հաստատել կամ զինադադար կնքել:

Իսկ Ռուսաստանը ցույց տվեց, որ այդ ռեսուրսը, հնարավորությունն ու ուժն ունի, և դրա համար առանց երկմտելու ճանաչեց այդ պետությունների անկախությունը: Ռուսաստանը շատ լավ գիտակցում է, որ այս որոշումը լի է բազմաթիվ պատժամիջոցներով ու հետևանքներով, բայց գնաց այդ քայլին:

– Ասացիք, որ սա հույս է ներշնչում, որ Արցախի Հանրապետության անկախությունն էլ օրերից մի օր կճանաչեն, նման նախադրյալներ այսօր տեսնո՞ւմ եք, և դրա համար ի՞նչ է պետք անել:

– Նախադրյալներ միշտ էլ կան, ու մենք փորձում ենք ամեն ինչ անել, բայց մենք պետք է նաև հասկանանք, որ սա նաև այս կամ այն գերտերության համար քաղաքական շահերի հարց է: Բայց, ամեն դեպքում, սա նախադեպ է, որը, միանշանակ, մեր մեջ հույս է արթնացնում: Կարծում եմ, որ սա նաև մեսիջ է Ադրբեջանին, թե Ռուսաստանն ինչ քայլերի է պատրաստ այս կամ այն կոնֆլիկտի դեպքում: Հատկանշական է նաև, որ հենց այսօր Ռուսաստանում Պուտին-Ալիև հանդիպումն է կայացել:

– Իսկ ձեզ չի՞ մտահոգում, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կնքվող ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը կարող է բացասական ազդեցություն ունենալ արցախյան հակամարտության կարգավորման հարցում, պարո՛ն Հարությունյան, որովհետև ըստ այդմ նրանք դառնում են դաշնակից երկրներ:

– Ես վտանգներ չեմ տեսնում, որովհետև առաջին դեպքը չէ, որ այս երկու կողմն էլ հայտարարում է բարիդրացիական հարաբերությունների մասին, ու կարծում եմ, որ հարաբերությունները, ինչպես կարող են մեկ օրում կարգավորվել, այնպես էլ շահերի բախման դեպքում՝ մեկ օրում վատանալ:

Քանի որ հիմա Ռուսաստանը միջնորդի դեր է զբաղեցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, չեմ կարծում, որ կողմերից մեկի հետ Ռուսաստանի վատ հարաբերությունները կարող են դրական ազդեցություն ունենալ հարցի կարգավորման վրա, ընդհակառակը՝ լավ հարաբերությունների պարագայում կարող է ավելի արդյունավետ գործել:

Ռուսաստանը նաև Հայաստանի ռազմավարական գործընկերն է, Արցախում իրականացնում է խաղաղապահ առաքելություն, տարածաշրջանում ունի իր շահերը, ու այս առումով, չեմ կարծում, որ Ադրբեջանի հետ լավ կամ վատ հարաբերություններն այս համատեքստում կարող են հակամարտության լուծման կամ չլուծման բանալի լինել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am