«Ռուսաստանի հետ ունեինք ոչ թե զորախումբ, այլ համատեղ բանակ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերի ժամանակ, բայց արդյոք պաշտպանե՞ց մեզ». Արա Պապյան

«Ռուսաստանի հետ ունեինք ոչ թե զորախումբ, այլ համատեղ բանակ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերի ժամանակ, բայց արդյոք պաշտպանե՞ց մեզ». Արա Պապյան
«Ռուսաստանի հետ ունեինք ոչ թե զորախումբ, այլ համատեղ բանակ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերի ժամանակ, բայց արդյոք պաշտպանե՞ց մեզ». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

– Պարո´ն Պապյան, Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը: Ի՞նչ է դա նշանակում Հայաստանի համար, ի՞նչ ռիսկեր եք տեսնում:

– Այստեղ ամբողջ խնդիրն այն ոչ հստակ ձևակերպումների մեջ է, որը վերաբերում է այդ միացյալ զորախմբի հրամանատարությունը ստանձնելուն: Ասվում է՝ պատերազմի վտանգի դեպքում հրամանատարությունն անցնում է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին: Այսօր պատերազմը բավական վիճելի ձևակերպում ունի: Օրինակ՝ քառօրյան պատերազմ չէ, ռազմական գործողություն է և այլն: Ավելի անորոշ է «պատերազմի սպառնալիք» հասկացությունը: Մենք վավերացնելով այդ համաձայնագիրը՝ Ռուսաստանին հնարավորություն ենք տալիս, որ ցանկացած պահի նա կարող է մեզանից մի կորպուս խլել:

Եվ ինչպե´ս կվարվի Ռուսաստանը` մենք դա չգիտենք: Քանի որ, ինչպես Աստվածաշունչն է ասում, ծառը պտուղից է իմացվում, մենք պետք է մոտ անցյալի պտուղները տեսնենք և այդտեղից զուգահեռներ անցկացնենք: Քանի որ այդ զուգահեռները նպաստավոր չեն մեր և հայ-ռուսական հարաբերությունների համար, բնականաբար, ինձ՝ որպես ՀՀ քաղաքացու, անհանգստություն է պատճառում այդ համաձայնագիրը:

Ես ասում եմ՝ եթե այդ երկիրը զենք է ծախում իր դաշնակցի թշնամուն՝ Ադրբեջանին, հիմա էլ սկսել է զենք վաճառել Թուրքիային, ես արդյոք կարո՞ղ եմ վստահել, որ այդ երկիրը, ստանձնելով համատեղ զորախմբի հրամանատարությունը, իսկապես կպաշտպանի մեզ: Թե՞ կասի՝ սա է իրավիճակը, պետք է այսպես լինի: Ես հիշեցնեմ, որ մենք պետություն չունեինք, բայց 1917 թվականին՝ բոլշևիկյան հեղաշրջման ժամանակ, ունեինք համատեղ զորախումբ: Բայց եկավ մի վիճակ, որ ռուսները մեզ թողեցին մենակ ու նահանջեցին: Մենք ունեինք համատեղ բանակ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերի ժամանակ, ոչ թե զորախումբ էր, այլ բանակ: Եվ ակնկալում էինք, որ այդ բանակը մեզ կպաշտպաներ, բայց արդյոք պաշտպանե՞ց:

– ՀՀԿ-ականներն ասում են, որ այդ համատեղ զորախմբի շրջանակներում հայկական կողմը երբ ուզի, կարող է դիմել ռուսական կողմին՝ զենք ստանալու համար: Արդյոք դա իրատեսակա՞ն է, ռուսական կողմը կաջակցի՞ զենքի հարցում:

– Դիմել հիմա էլ կարող են, բայց ի´նչ պատասխան կստանան` դա ուրիշ հարց է: Եթե Ռուսաստանը մեզ զենք տվող լիներ, այդ զենքը կտար: Այդ երկիրը մեզ 200 մլն դոլար պարտք է տվել, դեռ մինչև հիմա դրա դիմաց զենքը չի տվել: Ասում են՝ մինչև տարեվերջ նոր կավարտվի զենքի մատակարարումը:

ԱՄՆ-ն իր ոչ դաշնակից Սիրիայի քրդերին միայն վերջին երկու ամիսների ընթացքում 400 մլն դոլարի անվճար զենք է տվել: Դաշնակիցն այդպես է լինում, էլ ի՞նչ դաշնակից, որ մեր փողով պետք է մեզ զենք տա:

Ռուսաստանը մեզ դաշնակից կլիներ այն դեպքում, եթե ոչ թե մեր փողով մեզ 200 միլիոնի զենք տար, այլ տար 500 միլիոնի զենք անվճար և մեր թշնամուն էլ զենք չծախեր: Այդ դեպքում մենք կասեինք՝ հանուն Ռուսաստանի ամբողջ աշխարհի դեմ ենք կանգնած: Բայց նրանք մեզ օգտագործում են և դրա դիմաց չեն օգնում: Այնպես որ, ՀՀԿ-ականների այդ հայտարարությունները որևէ հիմք չունեն՝ ելնելով մեր փորձից:

– Նաև ՀՀԿ-ական որոշ գործիչներ, օրինակ` ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, այլընտրանքը Թուրքիան է, որտեղ մենք անելիք չունենք: Նաև հայտարարում են, որ Հայաստանը միայնակ չի կարող իր անվտանգությունը պաշտպանել, պետք է կա´մ այս, կա´մ այն ռազմական միավորի մեջ լինի: Ինչպե՞ս եք վերաբերվում այս արդարացումներին:

– Երբ մենք ՀԱՊԿ-ի անդամ չէինք, մենք կայինք: Երկրորդ` ցանկացած երկիր, անկախ այն բանից, թե ո´ր պաշտպանական կառույցի մեջ է, ինքը պետք է ունենա նվազագույն ինքնաբավություն՝ սեփական երկիրը պաշտպանելու համար: Հիմա այստեղ շատ կարևոր հարց կա. ՀՀԿ-ն պետք է հայտարարի՝ արդյոք ինքը համաձա՞յն է Շարմազանովի այդ գնահատականին, թե՞ ոչ:

Եթե այդ կուսակցությունը համաձայն է այդ տեսակետին, նշանակում է` իրենք ընդունում են, որ ձախողել են: Առ այսօր մեր բոլոր տնտեսական դժվարությունները, բոլոր խարդախությունները, հարկեր չմուծելն իբր պայմանավորված են եղել այն հանգամանքով, որ մենք մեր անվտանգությունն ենք ուժեղացնում, բանակն ենք զինում: Ասում էին՝ եթե հարկ չենք տալիս, հո մեր գրպա՞նը չենք դնում, այլ բանակի համար զենք ենք գնում: Իսկ այս հայտարարությունն ընդունելով՝ նշանակում է, որ իրենք ընդունում են, որ դա էլ են ձախողել:

Այսինքն՝ միակ բանը, հանուն որի մենք այսքան տառապել ու տառապում ենք, դա էլ է ձախողված: Այդ դեպքում, եթե իրենք գտնում են, որ ՀԱՊԿ-ի այլընտրանքը միայն Թուրքիան է, ուրեմն թող բարի լինեն հեռանալ, կգան այն մարդիկ, ովքեր ցույց կտան տասնյակ այլընտրանքներ: Դա նրանց համար է միայն Թուրքիան այլընտրանք, դա նշանակում է ասել, որ աշխարհում գոյություն չունեն Չինաստան, Իրան, ՆԱՏՕ, ԱՄՆ, Գերմանիա, որը հիմա Թուրքիայից իր օդանավերը տարավ Հորդանան և չբերեց Հայաստան: Մենք տեսնում ենք, թե ԱՄՆ-ն իր դաշնակիցներին ոնց է պաշտպանում, և տեսնում ենք, թե Ռուսաստանը ոնց է պաշտպանում: Այդտեղից պետք է հետևություներ անել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am