Մորթե՞լ, վառե՞լ, թե՞ վերացնել աշխարհի երեսից. Ինչ պատիժ է նախատեսում նոր օրենքը բռնության հրապարակային կոչերի հեղինակներին

ՀՀ Ազգային ժողովը վերջերս ընդունել է Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ատելության խոսքի, բռնության հրապարակային կոչի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու համար սահմանել քրեական պատասխանատվություն:  ՀՀ նախագահը դեռ չի ստորագրել օրենսդրական փաթեթը։ 

Եթե այն ստորագրվի և ուժի մեջ մտնի, ապա հանրային վտանգավորության տեսանկյունից արարքը համարվելու է ոչ մեծ ծանրության հանցագործություն, որի համար նախատեսվելու է կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-150-ապատիկի չափով և ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով: Իսկ պաշտոնյան նույն արարքի համար որպես պատիժ 1-3 տարով կզրկվի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։

ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը նշում է, որ  Քրեական օրենսգրքով առաջարկվել է քրեական պատասխանատվություն նախատեսել բռնության հրապարակային կոչերի, բռնությունը արդարացնելու, բռնության քարոզի համար։ Սակայն խոսքը ոչ բոլոր բռնության կոչերի կամ բռնության արդարացման կամ նման քարոզի մասին է։ 

«Նման բռնությունը պետք է անպայման պայմանավորված լինի անձի սահմանադրորեն պաշտպանվող որոշակի հատկանիշով՝ սոցիալական ծագում, ազգային փոքրամասնություն, հայացքներ, հաշմանդամություն և այլ հատկանիշներ»,-նշում է փոխնախարարը։

Կառավարության պաշտոնյան նշում է, որ օրենքով նման կարգավորում ներմուծելու հիմքը վարչապետի ուղիղ հանձնարարականն է եղել․ 

«Սա այն նախագծերից է, որի սկզբնաղբյուրը վարչապետի հանձնարարականն է եղել, և նախագիծը սկսել ենք մշակել հենց վարչապետի հանձնարարականի հիման վրա»։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի կարծիքով՝ նման հանցակազմի ներմուծումը ՀՀ Քրեական օրենսգրքում արդեն անհրաժեշտություն էր։ 

«Քրեական օրենսգրքում այս հանցակազմի համար պատժի հստակ մեխանիզմ վաղուց պետք է լիներ, սա ոչ միայն ժամանակի պահանջն է, քանի որ տեխնոլոգիաների զարգացման, տեղեկատվության տարածման արագության և հանրային կարծիքի ու դրանից բխող հետևանքների վրա շատ ավելի արագ ներգործություն ունենալու այսօրվա հնարավորությունների պայմաններում բռնության կոչերն ունենում են շատ ավելի մեծ ազդեցություն ու հնարավոր հետևանք, քան դրանք կարող էին ունենալ 10-20 տարի առաջ», -«Մեդիալաբին» ասում է Գայանե Աբրահամյանը։ 

Այդուհանդերձ, ըստ պատգամավորի՝ Կառավարության այս նախաձեռնությունը կարևոր է հայ հասարակության շրջանում որոշ վարքաբանական նորմեր և ընկալումներ փոխելու առումով։ 

«Բռնության մշակույթի տարածումը, դրա արդարացումն ու խրախուսումը տասնյակ տարիներ են իրականացվել, և այսօր մենք տեսնում ենք բռնության մշակույթի սերմանման դրսևորումներն ու հետևանքները», – նշում է Աբրահամյանը։

Որպեսի մարդիկ չհայտնվեն այս օրենքի թիրախում, արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը խորհուրդ է տալիս կազմակերպել վարքագիծը, կառավարել խոսքը։ 

«Պետք է այնպես խոսել, արտահայտվել, որ այն չպարունակի բռնության որևէ հատկանիշ պարունակող արարքի վերաբերյալ արտահայտություններ կամ առնվազն չպարունակի բռնություն գործադրելու կոչ, կամ գործելակերպով չարդարացվի բռնությունը»,- ձևակերպում է փոխնախարարը։ 

Իշխանական պատգամավորը օրենքում կատարված այս փոփոխությունից հետո արագ արդյունք չի ակնկալում․ նա կարծում է, որ մի քանի օրում կամ նույնիսկ մեկ տարի անց մարդկանց ընկալումներում արագ փոփոխություններ չեն լինի։ 

«Երկարատև և բազմոլորտ, բազմաշերտ աշխատանքի արդյունքում է միայն հնարավոր արձանագրել հասարակական վարքի վերափոխում և արմատացած բռնության մշակույթի նվազեցում, սակայն քրեական պատասխանատվության նախադեպերից հետո, վստահաբար դիտավորությամբ իրականացվող, տիրաժավորվող և գեներացվող բռնության կոչերը, հնարավոր է լինելու նվազեցնել և, որոշ դեպքերում, նաև բացառել»,- նշում է նա։

Հիշեցնենք, որ հատկապես վերջին տարվա ընթացքում հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների, տարբեր հիմնադրամների հանդեպ բուռն հակաքարոզչություն էր իրականացվում՝ տարբեր շահեր հետապնդող խմբերի կողմից: 

Եվ չնայած դատարան ներկայացված տարբեր հայցերին, սայլը տեղից կարծես չի շարժվում:

Այս ամենից զատ, ատելության խոսքին զուգահեռ, քիչ չէին այն դեպքերը, երբ տարբեր օգտատերեր կոչ էին անում վառել, մորթել կամ վերացնել այս կամ այն հասարակական գործչին կամ անհատներին, որոնց մոտեցումը և հայտարարությունները այս կամ այն կերպ չէին խաչվում իրենց տեսակետների հետ: 

Սակայն, եթե, օրինակ՝ «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի կողմից տարածված ատելության խոսքի, բռնության կոչերի ու ՀՀ վարչապետի անձի հասցեին հնչեցված հայտարարություններին իրավապահները արագ են արձագանքում և նույնիսկ կալանավորված անձ կա, մյուս դեպքերում թվում է, թե որևէ էական փոփոխություն առկա չէ:

Արդյոք այս օրենքը ընտրովի կիրառություն չի՞ ունենալու և չի՞ պաշտպանելու իշխանություններին՝ մեր հարցին ի պատասխան իշխանության տարբեր օղակների ներկայացուցիչները մեկ հարցում վստահ են՝ այս հանցակազմի կիրառելիության հարցում խտրականություն չի դրսևորվելու։

«Ես կարող եմ ասել, որ այս հոդվածը հավասարապես վերաբերելի է բոլորին, յուրաքանչյուրին, և արդեն ասացի՝ ծագել է հենց վարչապետի հանձնարարականից։ 

Նախագծի ակունքներում կանգնած է վարչապետի հանձնարարականը։ Միայն այդքանը կարող եմ նշել՝ բոլորին հավասարապես վերաբերելի է նախագիծը։ Այս հանցակազմի համար էական ու հիմնական նշանակություն ունի անձի դիտավորությունը, այսինքն՝ ցանկությունը իր գործադրած բռնության կոչը փաստացի իրագործված տեսնելու, դրա իրական ու ուղղակի լինելը։ Անձը պետք է գիտակցի ու ցանկանա, որ իր բռնության կոչին հաջորդի որոշակի արարքի կատարումը, փաստացի՝ բռնության գործադրումը»,- նշում է արդարադատության փոխնախարարը։

Գայանե Աբրահամյանի դիտարկմամբ՝ օրենքի կարևոր և անհրաժեշտ լինելն ու իրավակիրառ պրակտիկայում խնդիրները տարբեր հարթություններում են, սակայն իրավակիրառ պրակտիկան, որն արդեն իսկ ձևավորվել է ԵՄ տարբեր երկրներում, ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներով հստակ մեխանիզմներ է տալիս, որպեսզի հնարավորինս բացառվի օրենքի  ընտրովի կիրառումը։ 

«Բայց նաև պետք է շատ հստակ հասկանալ, որքան էլ խստորեն դատապարտելի և անընդունելի են բռնության ու ատելության կոչերը, սակայն այս օրենքը կիրառելի է միայն որոշակի հիմքերի առկայության դեպքում, երբ բռնության կոչն արված է:

Արդյոք բոլոր բռնության կոչերին է սա վերաբերում, քանի որ օրենքով պաշտպանված հիմքերով քրեորեն պատժելի կդառնան այն բռնության կոչերը, որոնք հնչել են անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված, այսինքն սրանք ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով Խտրականության արգելքը սահմանող հիմքերն են», -նշում է Աբրահամյանը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am