Ո՞վ է անձեռնմխելիությունից զրկելու դատախազությանը.Մհեր Ենոքյան

Խցում նստած հետևում եմ լուրերին: Լսեցի նախագահ Սերժ Սարգսյանի խիստ հանձնարարականը խոշոր շնաձկներին բռնելու մասին: Ու մի քանի օր էլ չանցավ: Սկսվեց «վհուկների որսը»: Քաղաքագետներից շատերը Սաֆարովի ներումը մեր արտաքին քաղաքականության դիվանագիտական անհաջողությունը համարեցին: Հետևելով իրադարձությունների հասունացմանը՝ ես էլ գտնում եմ, որ այդ անհաջողությունն այժմ ակնհայտ փորձում են կոմպենսացնել՝ հանրության ուշադրությունը «վհուկների որսով» շեղելով: Փաստորեն հիմա իշխանությունները դատախազության միջոցով փորձում են հասարակությանը ցույց տալ, թե իբր մեր երկրում արդարություն կա, և հանցանք կատարողներն, անկախ զբաղեցրած դիրքից և հանցանքի վաղեմությունից, վաղ թե ուշ կբացահայտվեն ու կպատժվեն:

Բայց իմիտացիոն այս պրոցեսը բացահայտվում է, երբ տեսնում ես, որ զոհ են ընտրվում հաճախ նախկինները կամ քաղաքականապես ոչ նպատակահարմարները: Չեմ կարող չցիտել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ կատարվածը: Քաղաքական պատվե՞ր է սա, թե՞ պարզապես Դատախազությունն, ի զարմանս բոլորի, բացահայտում է տարիների վաղեմություն ունեցող արարք: Ինձ համար գոնե, ով անարդար դատավճռով, մեկ անձի հակասական ցուցմունքով հայտնվել է մահապատժացմահականի կարգավիճակում, ակնհայտ է՝ սա քաղաքական պատվեր է, այլապես դատախազությունը կբացահայտեր ոչ միայն ներկա իշխանությունը քննադատող Օսկանյանին, այլև իշխանության մեջ գտնվող բարձրաստիճան օրինախախտներին կամ գոնե նախկինում հենց դատախազությունում աշխատող քննիչներին, որոնց անօրենությունների հետևանքով անմեղ, սխալ դատված ու չափազանցված պատիժ կրող մարդիկ մինչ օրս գտնվում են բանտում:

Ցմահ դատապարտյալների բողոքները՝ ձայն բարբառո անապատի

Եթե ցանկանում եք ռեալ, շոշափելի արդյունք, հասարակական վստահության վերանվաճում, իսկական ժամանակն է իրագործելու նախագահի հանձնարարականը, ով ևս դժգոհ է ԱՆարդար արդարադատությունից: Իսկ մահապատժացմահականների գործերը այդ առումով իսկապես ինդիկատոր են: Մեր նորանկախ պետության 20 տարիներին գործերի որևէ վերանայում, որևէ ներում, որևէ համաներում, որևէ դատական սխալի ընդունում ու հետևանքի վերացում չի եղել: Մենք այստեղ հացադուլ ենք անում, դիմումներ գրում, փոփոխություն, գործերի վերանայում պահանջում, բայց…ձայն բարբառո անապատի: Տպավորություն է, որ մեր դատարանը միակ ճշմարիտն է: Քանդեք ցմահականների թնջուկը, չէ՞ որ դատավճիռներից շատերը կայացվել են, երբ դեռ ձևավորման փուլում էին պետական համակարգերը՝ մոտ-հեռու 90-ականների սկզբին:

Ամենավառ օրինակը հենց իմ գործն է: Գիտեք, որ տարվա սկզբին Դատախազություն ներկայացվեցին փաստացի ապացույցներ, թե 1996 թ-ին ինչ կեղծիքներ են արվել դատախազության քննիչի կողմից. մասնավորապես իմ գործում հորինվել էին իրականում գոյություն չունեցող վկաներ՝ ընթերականեր, կեղծվել փորձագիտական եզրակացություններ: Եվ ի՞նչ… ոչինչ, պարզապես խոսուն լռություն: Ունի՞ դատախազությունն այդքան կամք, որ իր նախկին քննիչին կանչի, նոր քննություն իրականացնի, հարկ եղած դեպքում պատժի, իսկ այս քրեական գործը վերաբացվի: Պարզապես հասկանում եմ, որ չկա հրահանգ վերևից: Ինչևէ, Դատախազության որոշումը իմ փաստաբանի կողմից վիճարկվեց նաև առաջին ատյանի դատարանում: Նորից մերժում: Պիտի հաշվեմ՝ քանի մերժում եմ առհասարակ ստացել դատարաններում:

Կարդալ ավելին