Մահացել է Արա Գյուլերը

Մահացել է Արա Գյուլերը
Մահացել է Արա Գյուլերը

90 տարեկանում մահացել է ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը:

Գլյուլերը հայտնի էր որպես «Ստամբուլի աչք»:

Ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլում, հայկական ընտանիքում:

Սկզբնական կրթությունն ստացել է Պոլսի Մխիթարյան կրթարանում:

Դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և հաճախել Մուհսին Էրթուղրուլի թատերական դասընթացներին, որտեղ ձեռք բերված գիտելիքները հետագայում կիրառել է իր 9 թատերախաղերը գրելիս:

1950 թվականից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում՝ զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանիտնտեսագիտական ֆակուլտետում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն:

1958 թ. դարձել է ամերիկյան «Թայմ-Լայֆ» հանդեսի թուրքական մասնաճյուղի` Մերձավոր Արևելքի առաջին թղթակիցը, ինչպես նաև գործակցել է միջազգային մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հետ՝ ֆրանսիական «Փարիզ մատչ», գերմանական «Սթերն» և բրիտանական «Սանդի թայմս»:

1961 թվականին ավարտելով զինվորական ծառայությունը՝ աշխատանքի է անցել «Հայաթ» թերթում՝ գլխավորելով լուսանկարչական բաժինը: Նույն թվականին անգլիական ամենամյա «Լուսաանկարչական տարեգիրք» ամսագիրը նրան ներառել է աշխարհի լավագույն յոթ լուսանկարիչների ցանկում:

2013 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվել է Արա Գյուլերի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի կապակցությամբ լուսանկարիչը ժամանել է Երևան:

Թուրքիայի վարչապետի հետ դեպի երկրի խորքը կատարած մի ուղևորության ընթացքում Գյուլերը հայտնաբերել է Աֆրոդիսիաս հնագույն քաղաքը (մ.թ.ա. 6-րդ դար): Նա նկատել է հունական սյուներին նմանվող ավերակները և հնագետների ուշադրությունը հրավիրել դրանց վրա: Հնավայրը պեղելիս արդեն պարզվել է, որ այն իր մեջ է ամփոփում հունական մի հին մշակույթի ավեակները:

1960-ականերից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում՝ Կանադայում «Համաշխարհային առկայծումներ», Նյու Յորքի ժամանակակից արվեստիպատկերասրահի «Գունավոր լուսանկարչության տասը վարպետները», Քյոլնի «Լուսանկարչական կայծ» և այլն:

Նկարահանել է սյուրռեալիստական վավերագրական «Հերոսի մահը» ֆիլմը՝ նվիրված «Յավուզ» ռազմանավի ապազինմանն ու կործանմանը:

1970-ականներին ֆոտոհարցազրույցներ է վերցրել այնպիսի հեղինակավոր դեմքերից, ինչպիսիք են՝ Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալասը, Ջոն Բերգերը, Բերտրան Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք: Ստամբուլում գտնվող նրա հայրական տունը վերածվել է տուն-թանգարանի, իսկ առաջին հարկում գտնվող «Արա» սրճարանը նշանավոր արվեստագետների հավաքատեղի է: