Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը ազատամարտիկ Վարդան Թումանյանի սպանության դեպքի առթիվ

Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը ազատամարտիկ Վարդան Թումանյանի սպանության դեպքի առթիվ
Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը ազատամարտիկ Վարդան Թումանյանի սպանության դեպքի առթիվ
Հեղինակ MediaLab

Հուլիսի 13-ին ազատամարտիկ Վարդան Թումանյանին մի խումբ անձինք դաժանաբար ծեծել են իր տան հարևանությամբ գտնվող մանկապարտեզի բակում: Ազատամարտիկին ծեծել են նրա կնոջ, դստեր և հարևանների ներկայությամբ:

Հեռանալու պահին հանցագործների ոհմակի անդամներից մեկը սպառնալի տոնով հոխորտացել է, թե ուրախ եղեք, որ ողջ ենք թողնում: Նրանք նաև ինքնավստահ ու լկտի կերպով հայտարարել են, որ բարձրաստիճան հովանավորներ ունեն, որոնք կապահովեն իրենց անպատժելիությունը: Կարճ ժամանակ անց Վարդան Թումանյանը ծեծի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Ինչպես առանձին դաժանությամբ կատարված Վահե Ավետյանի սպանության պարագայում, այս անգամ ևս ծեծի միջոցով մարդու կյանքը խլած հանցագործները մարտարվեստի մեջ հմուտ թիկնապահներ են: Եվ նույն կերպ՝ ունեն բարձրաստիճան հովանավորներ, վստահ են, որ անպատիժ կմնան, ինչպես նաև քննության առաջին իսկ րոպեներից վայելում են իրավապահպան համակարգի աջակցությունը:

Ավելին՝ գրեթե նույն մեխանիզմով տեղի ունեցած Վարդան Թումանյանի սպանության պարագայում համակարգն ավելի լկտի վարք է դրսևորում և, ամենայն հավանականությամբ, արդեն փորձում է հիմքեր ստեղծել, որ Վարդան Թումանյանը մահացել է գլխուղեղի կաթվածի, այլ ոչ թե գլխի շրջանում ստացած բազմաթիվ հուժկու հարվածների հետևանքով:

Համակարգի կողմից ակնհայտ հովանավորության մասին է խոսում այն հանգամանքը, որ մարդասպաններից միայն երկուսն են կալանավորված, իսկ մյուսներն ազատության մեջ են և շարունակում են սպառնալ ու ահաբեկել սպանվածի ընտանիքին ու վկաներին: Ըստ մամուլի տվյալների՝ վկաների շրջանում ահաբեկվածությունն այնքան մեծ է, որ մինչ օրս նրանցից միայն մեկն է համարձակվել ցուցմունք տալ:

Այս ամենը խոսում է այն մասին, որ հանցավոր ռեժիմը և նրա արյունռուշտ շահառուները բացառիկ ցինիզմով և լկտիությամբ մարտահրավեր են նետում մեր պետականությանը, ազգին ու քաղաքացուն: Այս ամենը խոսում է նաև այն մասին, որ ռեժիմը կտրվել է իրականությունից և չի հասկանում, որ հասունացնում է իրեն ոչնչացնող համաժողովրդական ցասումը:

Նախախորհրդարանի քարտուղարությունը ցավակցում է հանցավոր ռեժիմի հերթական զոհ դարձած ազատամարտիկի ընտանիքին ու մերձավորներին և հավաստիացնում, որ հետամուտ է լինելու մարդասպաններին պատասխանատվության ենթարկելու հարցին, ինչպես նաև պատրաստ է հնարավոր աջակցություն ցուցաբերելու նրա ընտանիքին:

Նախախորհրդարանի քարտուղարությունը հայտարարում է, որ ռեժիմի մարտահրավերն ընդունված է և մեր ժողովրդի ակտիվ հատվածին կոչ է անում արագացնել համախմբումը՝ օր առաջ ռեժիմի վախճանը մոտեցնելու համար: Աղետալի չափերի հասնող արտագաղթի հետևանքով երկիրն արյունաքամ է լինում, ուստի ժամանակի անողոք թելադրանքով որպես ռեժիմի հեռացման վերջնաժամկետ ենք սահմանել Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը, որին մնացել է 40 շաբաթ: Ոչ ավել, քան 40 շաբաթ հետո ռեժիմը պետք է կանգնի ժողովրդի արդար դատաստանի առջև: Քրեական, իրավապահպան թե որևէ այլ ոլորտը ներկայացնող ոչ մի հանցագործ չի խուսափելու պատասխանատվությունից ու պատժից:

Մենք ենք տերը մեր երկրի: