Մենք հակամարտությունը լուծել ենք միակողմանի ձևով․Ալիևը դարձյալ խոսել է խաղաղության պայմանագիր ստորագրելու անհրաժեշտությունից ու սպառնացել. Factor.am

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ սպառնալիքի տոնով խոսել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունից՝ ընդգծելով, թե իր տեղեկություններով Հայաստանը պատրաստ չէ դրան, գրում է Factor.am-ը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևն ասել է․«Ես բազմիցս հնչեցրել եմ իր կարծիքը՝մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Այսինքն՝ մենք պատրաստ ենք նման աշխատանք սկսել։ Բայց Հայաստանի կողմից չկա արձագանք, չկա պաշտոնական արձագանք։ Ոչ պաշտոնական խողովակներով մեզ տեղեկատվություն է հասնում, որ Հայաստանը դրան պատրաստ չէ։ Գտնում եմ, որ դա մեծ սխալ է »,- ասել է Ալիևը պատերազմում զոհվածների ու հաշմանդամների ընտանիքներին բնակարանների ու մեքենաների հանձման միջոցառման ժամանակ։

Ալիևը դարձյալ կրկնել է վերջին ամիսներին պաշտոնական Բաքվի համար սովորական դարձած այն թեզը , թե «համամարտությունը լուծված է ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր լինի»։ «Կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ճանաչեն սահմանները, սկսեն դելիմիտացիայի աշխատանքները։ Միջազգային կազմակերպությունները հիմա նույնպես դրական ազդակներ են տալիս դելիմիտացիային։ Եթե Հայաստանը դա չի ուզում, դա իր գործն է, բայց պետք է լավ մտածի, այլապես հետո ուշ կլինի»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Բացի այդ Ալիևը նշել է, որ «չնայած ռազմական գործողությունները մնացել են անցյալում, պետք է ամեն րոպե պատրաստ լինել պատերազմի»։ «Ինձ տեղեկություն է հասնում, որ նորից խոսակցություններ են գնում այն մասին, որ հարցը իր լուծումը չի գտել, հակամարտությունը չի լուծվել։ Դա սխալ ու վտանգավոր ճանապարհ է»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ եթե հակամարտությունը չի լուծվել, ապա թող բացատրեն, ինչպես պետք է այն լուծվի։

«Մենք գտնում ենք, որ այն լուծված է։ Պատերազմի փուլը մնացել է անցյալում»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով․ «Եթե խոսքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ես արդեն ասել եմ, որ Ադրբեջանում չկա նման տարածքային միավոր։ Դրա համար էլ այդ արտահայտությունը չպետք է օգտագործվի։ Չկա Լեռնային Ղարաբաղ, կա Ղարաբաղ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։