Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 28-ին հանդիպել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, կողմերն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների առանձնահատուկ հարաբերությունները և ինտենսիվ շփումները: Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների գծով փոխգործակցության զարգացումը:
«Անվտանգային միջավայրի ապահովման համատեքստում Արմեն Գրիգորյանը անդրադարձավ հայկական Զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին, այս հարցում կարևորելով երկու երկրների Զինված ուժերի փոխշահավետ համագործակցությունը, հաշվի առնելով հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթը:
Իր հերթին Նիկոլայ Պատրուշևը կարևորեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը, որի շնորհիվ հնարավոր է դառնում բնականոն կյանքի վերականգնումը Լեռնային Ղարաբաղում: Նա նաև ընդգծեց տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում հաստատվել է Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև 2021-2022 թթ. համագործակցության պլանը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում փոխադարձ այցերի իրականացման վերաբերյալ: