Անձանց տեղորոշման համակարգն այլևս չի կիրառվի․ տվյալները կոչնչացվեն․ Ի՞նչ է սպասվում արտակարգ դրության ավարտից հետո

Extraordinary session of the RA National Assembly took place

Էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով անձանց տեղորոշումը և վարակակիրների հայտնաբերումն այլևս չի կիրառվելու։

Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը։ Ըստ նրա՝ արտակարգ  դրության օրենքով սահմանված կարգով այդ տվյալները ոչնչացվելու են։

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Սեպտեմբերի 11-ին արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո արտակարգ դրությունը չի երկարաձգվի։ Փոխնախարարն ասաց, որ արտակարգ դրության ավարտից հետո կսկսեն գործել այս նախագծով առաջարկվող կարգավորումները։

Այս նախագծով կառավարության կողմից կարանտին կարող է սահմանվել։ Կարանտին սահմանելու պարագայում կարող են կիրառվել հետևյալ միջոցառումները՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ անցկացնելու, դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների տեղափոխման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, պետական կառավարման, ՏԻՄ և այլ հաստատություններում սահմանափակումներ։

«Տնտեսական գործունեության դադարեցման հնարավորություն նախատեսված չէ, այլ միայն նախատեսված է անվտանգության կանոնների սահմանում ու սահմանափակումներ»,- ասաց փոխնախարարը։