Գագիկ Ծառուկյան. ապրող «Պանթեոնը»

Գագիկ Ծառուկյան. ապրող «Պանթեոնը»
Գագիկ Ծառուկյան. ապրող «Պանթեոնը»

Գագիկ Ծառուկյանին ու Անդրանիկ Մարգարյանին այսօր տարբերում է այն, որ առաջինն ապրում է: Մնացած բոլոր առումներով նրանք նույն հեղինակությունն են, նույն «մեծությունն» են: Այդպիսի հեղինակություն ունենում են մեռյալները, երբ այլևս իրենք իրենցով ոչինչ չեն կարող ավելացնել ապրածին:

Անդրանիկ Մարգարյանի մեծությունը սարքում են Պանթեոնով, Ծառուկյանի «Պանթեոնը» ժողովուրդն է: Եվ այնպես չէ, որ այս Պանթեոնի կայացմանը նույնպես ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի մատը խառը չէ: Անդրանիկ Մարգարյանը մահից հետո ապրում է իրեն հիշողների մտքերում, սրտերում և փողոցների վահանակների վրա, իսկ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մահ ապրելուց հետո հայտարարում է, որ «քաղաքականությունից լավ է հասկանում»:

Այս մարդը երևույթ է: Բոլորն էլ գիտեն, որ նա հոդաբաշխ հայերենի վերջին ներկայացուցիչներից է ապրողների մեջ, բոլորն էլ գիտեն, որ այդ մկանուտ մարդը ամենավախկոտներից է, որին կարելի է ուղղակի դուրս վռնդել քաղաքականությունից` առանց նույնիսկ հրելու: Բոլորն ամեն ինչ գիտեն այս մարդու մասին, գիտեն, որ իր գումարները, գոնե ամենասկզբից, անձամբ չի վաստակել, գիտեն, որ հարկ եղած դեպքում ընդունակ է բռնությունների, բայց շարունակում են նրա հետ «համապատասխան» հույսեր կապել:

Անիմաստ է խոսել, թե ինչու է Ծառուկյանը «երկարակյաց»: Նա քաղաքականությունից և նույնիսկ հույսից ոչինչ չհասկացող ժողովրդի արհեստական շնչառությունն է: Սերժ Սարգսյանն է նրան միացրել այս ժողովրդի սպասումների «համապատասխան» սարքին, որպեսզի իր չբաբախող գոյությամբ Ծառուկյանն իր առանցքում պահի մարդկանց, որոնք արդեն չգիտեն, թե ի՛նչ է հույսը, և ո՛ւմ դեմքով է այն արտահայտվում: Ծառուկյանը նույնիսկ ինքն իր համար է արհեստական շնչառություն քաղաքականության մեջ: Նրա շնչառության ապարատը Սերժ Սարգսյանն է: Ինքն իրենով այդ մարդը ոչ միայն քաղաքականության, այլև բիզնեսում չի կարող ապրել, որոշ տվյալներով նրա նույնիսկ կյանքի երաշխավորն է եղել Սերժ Սարգսյանն երկու տարի առաջ փետրվարյան այն օրերին, երբ պատրաստ էր անձամբ տրորել այդ հսկային:

Գագիկ Ծառուկյանը կենդանի վկայությունն է անհույս Հայաստանի: Նա փրփուր է: Այնտեղ, որտեղ միտքը չկա, հույսը տեսադաշտ չունի: Բայց մարդը ունի հույսի օրգան և այն պետք է աշխատեցնի: Հատկապես երբ նա ունի միայն հույսի օրգան: Փրփուրը միայն հույսի օրգան ունեցողների փրկօղակն է: Գագիկ Ծառուկյանին նայելով կարելի է հասկանալ, որ հայ մարդը ո՛չ ձեռք ունի, ո՛չ ոտք, ո՛չ պետություն, ո՛չ օրենք, ո՛չ ընտանիք, ո՛չ Աստված, ո՛չ սիրելի, ո՛չ հող, ո՛չ բնություն, ո՛չ նույնիսկ ձեռնափայտ: Նա ունի Գագիկ Ծառուկյան, որը փոխարինում է այդ ամենին: Նա մեր առօրյայի հնդկական սերիալն է, մեր ձախորդ վաղվա մաքրագիրը, մեր անգրագիտության Կույսը, մեր հույսերի սև խոռոչը, մեր ճահճի թթվածինը, որով միայն խեղդվում են: Ծառուկյանը Պատ է, այսինքն` յուրաքանչյուրի հույսի վերջին սահմանը, որպեսզի այն չգնա և տարածվի նրանց վրա, որոնք ի պաշտոնե պատասխանատու են քաղաքացու բարեկեցության համար:

Ծառուկյանը մեր ամեն ինչն է: Ինչքա՜ն ենք մենք սպասում նրա խոսքին, երբ հայտնվում է որևէ հրապարակային միջոցառման, ինչքա՜ն հրատապ է նրա խոսքը, երբ մինչ այդ էլ ոչինչ չի ասվել: Ծառուկյանի ամեն միտքը պատշաճ կլիներ Հայաստանի Հանրապետության վրա դրվող շիրմաքարին, բայց հոդաբաշխ աչքից հեռու: Որպեսզի «թուրքը չտեսնի և ուրախանա»:

Ծառուկյանը փամփուշտ է` ուղղված սեփական ժողովրդին: Նրա և այլ օլիգարխների գոյությունը առանց սևագրի և լուրջ հաշվարկների բացատրում է մեր արտագաղթի տեմպերը, որովհետև ոչ մի կերպ չես հասկանում, թե ինչո՛վ է նա առավել ընկալելի ադրբեջանցի դիպուկահարից: Ինչո՞վ նրա ներկայությունը մահ չէ: Նա բարեգո՞րծ է: Բայց այդպես կարելի է բարեգործաբար խնամել Արամ Մանուկյանի շիրիմը, երբ Մանուկյանի համար մեկ է արդեն: Այդպես բարեգործաբար կարելի է «բարեգործվողին» օտարել ինքն իրենից և կապել Ծառուկյանի փողերի «աբուզին», որպեսզի նա այլևս որևէ բանի մասին չմտածի, բացի հաջորդ գումարից:

Եվ ինչո՞վ ապրող Պանթեոն չէ այս մարդը, որի խոսքը թևածում է Հայաստանի Հանրապետության տարածքով ու դառնում ինքնասպանությունների, արտագաղթի և անգրագիտության աստվածային պատվանդան:

Մհեր Արշակյան

MediaLab.am