Եվրոպական Միությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հայտարարության մեջ:
«2020թ. սեպտեմբերի 27-ին շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկվեցին մարտական գործողություններ, որոնք, ցավոք, հանգեցրին ռազմական և քաղաքացիական բնակչության զոհերի: Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասված է հայտարարությունում:
Բորելը նշել է, որ անհրաժեշտ է շտապ վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ առանց նախապայմանների։
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Հայկական կողմն Ադրբեջանի Զինված ուժերի փոխգնդապետ է ոչնչացրել: ՊԲ կորուստները ճշտվում են: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: