Մամուլի ազգային ակումբի հայտարարությունը՝ տեղեկատվական աղբյուրը բացահայտելու պահանջի մասին

Մամուլի ազգային ակումբի հայտարարությունը՝ տեղեկատվական աղբյուրը բացահայտելու պահանջի մասին
Մամուլի ազգային ակումբի հայտարարությունը՝ տեղեկատվական աղբյուրը բացահայտելու պահանջի մասին

Մամուլի ազգային ակումբը խոր մտահոգություն է հայտնում Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման կապակցությամբ, որով «ilur.am» տեղեկատվական կայքին եւ «Հրապարակ» օրաթերթին պարտավորեցվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը։

Տեղեկատվական աղբյուրի բացահայտումը պետք է լինի խիստ բացառիկ դեպքերում եւ հանրային անժխտելի շահի առկայության դեպքում։ Մինչդեռ Գյումրիի ոստիկանապետի՝ ՀՀ քաղաքացու վրա զենք ճոճելու համար հարուցված քրեական գործը, ՄԱԱ համոզմամբ, նման բացառիկ դեպք չէ և չի կարող տեղեկատվական աղբյուրը բացահայտելու հանգամանք լինել, ուստի, հաշվի առնելով հայաստանյան իրականությունը, ՄԱԱ-ն վստահ է, որ տեղեկատվության աղբյուրի բացահայտումը կվտանգի տվյալ անձի (կամ՝ անձանց) ֆիզիկական անվտանգությունը։

Տեղեկատվության աղբյուրի պաշտպանությունը լրագրողի պրոֆեսիոնալիզմի և մասնագիտական արժեքների ու սկզբունքների պահպանման գրավական է, և հարկ է հարգանքով մոտենալ տեղեկատվության աղբյուրի գաղտնիության ապահովման՝ լրագրողների ձգտմանը՝ հասարակության շահերի ի պաշտպանության և պետական իշխանության ներկայացուցիչների վարքագծի բացահայտման նպատակով:

ՄԱԱ-ն պահանջում է Վերաքննիչ դատարանից վերանայել դատավոր Գագիկ Խանդանյանի կայացրած որոշումը, իսկ Արդարադատության խորհրդին՝ կարգապահական վարույթ սկսել դատավորի նկատմամբ՝ պարզելու համար, թե ինչով է պայմանավորված առանց «Հրապարակի» եւ «ilur.am»- ի ներկայացուցիչների մասնակցությամբ դատաքննության անցկացումը։

Մամուլի ազգային ակումբը կարծում է, որ տեղեկատվական աղբյուրը բացահայտելու այս նախադեպով գործող իշխանությունը փորձում է սահմանափակել տեղեկատվություն ստանալու և տարածելու մամուլի ազատությունը և տեղեկատվության աղբյուրի պաշտպանության՝ լրագրողների իրավունքը:

Մամուլի ազգային ակումբը համոզված է, որ նման որոշումն էլ ավելի կմեծացնի հասարակության մեջ իրավական վհատությունը՝ մարդկանց ստիպելով շարունակել արդարություն, օրինականություն և պաշտպանություն փնտրել Հայաստանից դուրս: