10 տարվա ընթացքում Հայաստանում երիտասարդների թիվը նվազել է 240 հազարով. Հայաստանի ժողովրդագրական հեռանկարը

Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում երիտասարդների թիվը նվազել է 240 հազարով կամ 25 տոկոսով, այն դեպքում, երբ ընդհանուր բնակչության թվաքանակը նվազել է 55400 մարդով:

«Սա շատ լուրջ մարտահրավեր ու բացասական միտում է Հայաստանի համար»,-ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:

Բացի այն, որ Հայաստանում երիտասարդների թիվն է նվազել, նաև նրանց շրջանում գործազրկության մակարդակն է շատ բարձր: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի վերլուծության համաձայն՝ աղջիկների շրջանում գործազրկության ցուցանիշը 34,5 տոկոս է, իսկ տղաների շրջանում՝ 26,9 տոկոս:

Ճիշտ է, արտագաղթի ցուցանիշների մեջ տարիքային կազմի մասին հիշատակում չկա, բայց ամբողջ աշխարհում, ըստ Հովհաննիսյանի, միտում կա՝ արտագաղթում են հիմնականում երիտասարդները և աշխատունակ տարիքի մարդիկ: Երիտասարդների թվի նվազման պատճառներից մասնագետը համարում է նաև ծնելիության ցածր մակարդակը:

Հայաստանյան երիտասարդության մյուս խնդիրը, ըստ կատարված ուսումնասիրության, որևէ զբաղմունք, հետաքրքրություն չունենալն է (NEET ցուցանիշ):

Այսինքն՝ այս խմբում 15-29 տարեկանի միջակայքում գտնվող երիտասարդներն են, որոնք չունեն հետաքրքրություն, կրթություն, չեն զբաղվում որևէ գործով: Հայաստանը ամբողջ աշխարհում այդ ցուցանիշով ամենաբարձրն է: Մեր երկրին հաջորդում են Ալբանիան, Մոնղոլիան, Վրաստանը, Թուրքիան և այլն:

«Այսինքն՝ Հայաստանի երիտասարդների շրջանում գրանցված է ամենաբարձր կշիռը այն երիտասարդների, որոնք ոչնչով չեն զբաղվում: Պատճառների ուսումնասիրություն չենք կատարել, բայց տրամաբանական պատճառը հավանաբար այդ երիտասարդների մոտ ցանկության, մոտիվացիայի բացակայությունն է, աշխատանքի ցածր վարձատրությունը և այլն»,- ասում է Աննա Հովհաննիսյանը:

Հայաստանում երեխաներ քիչ են ծնվում

Ծնելիության նվազումը տեղի է ունենում ոչ միայն Հայաստանում, այլ նաև՝ ամբողջ աշխարհում: 2021-ի հունվարի 1-ի դրությամբ գրանցվել է 36585 ծնունդ, որը 200-ով ավելի է 2020-ի ցուցանիշից:

Այնինչ Հայաստանում 1990 թվականին ծնելիության ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել՝ շուրջ 80 հազար ծնունդ: Ծնունդների ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2001 թվականին՝ 32065 և 2002-ին՝ 32229:

«Ցանկացած երկրում, որպեսզի բնակչության թվաքանակը չնվազի կամ գոնե մնա նույնը, պարզ վերարտադրության մակարդակ պետք է ապահովվի: Այսինքն՝ ծնելիության գործակիցը պետք է լինի 2.1 և ավելի, ինչը նշանակում է, որ երեխաները կկարողանան վերարտադրել իրենց ծնողներին: Հայաստանում 2020-ին ծնելիության գործակիցը 1.65 է: Այսինքն՝ 10 կնոջ հաշվով ծնվում է 16 երեխա, ինչը նշանակում է, որ պարզ վերարտադրություն չի ապահովվում, այսինքն՝ երկու ծնող ունենում է իրենց թվից քիչ երեխաներ:

Պետք է հասկանանք՝ ժողովրդագրության մեջ ցածր ծնելիությունն ազդում է ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների վրա: Սա նշանակում է, որ երբ այս տարի ծնված երեխաները մտնեն հայրանալու ու մայրանալու տարիք՝ 27-30 տարեկան, ունենալու ենք ամուսնությունների ամենացածր թիվը: Հենց այդ ժամանակ մենք ունենալու ենք ժողովրդագրական լուրջ խնդիր»,- նշում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը:

Գյուղերում քիչ են ծնվում երեխաներ

Հայաստանի համար ժողովրդագրական մեկ այլ խնդիր է այն, որ գյուղերում երեխաներ քիչ են ծնվում, ինչը մասնագետները համարում են աննախադեպ երևույթ: Ծնելիության գումարային գործակիցը գյուղական շրջաններում տարիներ շարունակ՝ մինչև 2011 թվականը, բարձր է եղել, քան քաղաքներում: Բայց 2012-ից սկսած այդ ցուցանիշը նվազել է, և փոխարենն աճել է քաղաքային շրջաններում ծնելիության գործակիցը: Այսինքն՝ քաղաքներում ավելի շատ են ծնվում երեխաներ:

«Այս ցուցանիշը շատ կարևոր է, քանի որ ամբողջ աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ քաղաքային բնակչության շրջանում ծնելիությունն ավելի բարձր լինի, քան գյուղական շրջաններում: Միշտ գյուղական բնակչությունը ապահովել է ծնելիության առյուծի բաժինը, միշտ այդպես է եղել, անկախ նրանից՝ տվյալ երկիրը զարգացած է, թե ոչ: Մինչդեռ այն, ինչ ունենք մենք Հայաստանում, աննախադեպ երևույթ է»,- ասում է Աննա Հովհաննիսյանը:

Նշում է՝ երևույթի պատճառների մասին կարելի է միայն ենթադրել. արտագաղթ, դատարկվող գյուղեր, ներքին արտագաղթ, թերզարգացած կամ չզարգացած ենթակառուցվածքներ, մանկապարտեզների, աշխատատեղերի բացակայություն և այլն:

Տարեցների թիվը ավելանում է

2020 թվականին, 2019-ի համեմատ, մահերի բացարձակ թիվը աճել է 10 հազարով: Այդ տարի, երբ Հայաստանին պատուհասեցին կորոնավիրուսային համավարակը և պատերազմը, մեր երկրում գրանցվել է 36170 մահ, որից 20031-ը տղամարդիկ են, իսկ 16139-ը՝ կանայք:

2021-ին մահերի ընդհանուր թիվը քիչ է տարբերվում 2020-ին գրանցված ցուցանիշից՝ 34658, որից տղամարդիկ 17601-ն են, իսկ կանայք՝ 17057:

Նույն հետազոտության համաձայն՝ Հայաստանում նվազում է բնական հավելաճը: Ժողովրդագիրները բնական հավելաճ են անվանում ծնունդների և մահերի տարբերությունը, երբ տվյալ տարում գրանցված ծնվածների թվից հանում են մահացածների թիվը: Բնական հավելաճը կարող է լինել դրական և բացասական՝ կախված նրանից՝ ծնունդնե՞րն են բարձր, թե՞ մահերը:

Օրինակ՝ 1990-ին, երբ 80 հազար երեխա է ծնվել Հայաստանում, բնական հավելաճը եղել է 57900: Տարիների ընթացքում այն նվազել, և 2020-ին բացասական բնական հավելաճ է գրանցվել Հայաստանում. 200 հոգի ավելի է մահացել ծնվածների համեմատությամբ:

Բացի Գեղարքունիքից և Երևանից, 2020-ին մյուս բոլոր մարզերում բնակչության թվաքանակը նվազել է. ծնունդների թիվը ավելի քիչ է եղել, քան մահերի:

2020-ին տարեցների տեսակարար կշիռը Հայաստանում 15 տոկոս է, որը 2050-ին, ՄԱԿ-ի կանխատեսմամբ, դառնալու է 27 տոկոս:

«Սա մարտահրավեր է, և այս ցուցանիշը նշանակում է, որ մեծանում է կախյալության գործակիցը, այսինքն՝ աշխատունակ տարիքի բնակչության վրա ընկնում է տարեցներին խնամելու բեռը, բարձրանում է պետության վրա սոցիալական, առողջապահական բեռը: Կրկնապատկվում է տարեցների տեսակարար կշիռը: Պետությունը պետք է պատրաստ լինի այս մարտահրավերին»,- նշում է Հովհաննիսյանը:

Այդուհանդերձ, նրա ներկայացմամբ՝ բազմաթիվ երկրների հաջողված փորձ կա, որտեղ տարեցները չեն դիտարկվում որպես բեռ, այլ՝ լրացուցիչ հնարավորություն, որի շրջանակներում հնարավոր է օգտագործել նրանց ներուժը, գիտելիքները:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակից ասում են, որ կառավարությունում այս մարտահրավերների ու խնդիրների մասին տեղյակ են: Այժմ աշխատում են ժողովրդագրական ռազմավարության մշակման վրա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am