«Այս ընդդիմությունը խորհրդարանում է մեկ բանի համար՝ առավոտից երեկո վիրավորանքներ հնչեցնի իշխանության հասցեին». Անի Սամսոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը

– Տիկի՛ն Սամսոնյան, ձեր գնահատմամբ` ներքաղաքական ի՞նչ իրավիճակ է այսօր, ու ինչպե՞ս եք գնահատում իշխանության ու ընդդիմության, մասնավորապես՝ խորհրդարանական ընդդիմության աշխատանքները:

– Այսօր ունենք ներքաղաքական միաբևեռ իրավիճակ, որովհետև իշխանության գործողություններին ու քայլերին հակակշռող որևէ այլ ուժ, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության մեջ չկա, և դա պայմանավորված է նրանով, որ իշխանությունը խորհրդարանում ունի մեծամասնություն, իսկ ընդդիմությունը ներկայացված է փոքրամասնությամբ, ու կան նաև ինստիտուցիոնալ դժվարություններ՝ հակակշռելու իշխանության քայլերին: 

Խորհրդարանական ընդդիմության կողմից երբևէ որևէ սպասելիք չեմ ունեցել ու հիմա էլ չունեմ, թե կարող են այնպիսի մի բան անել, ինչը կստիպի վարչապետին ավելի թափանցիկ ու հաշվետվողական լինել: 

Այն ժամանակ, երբ մեզ մեղադրում էին անգործության մեջ, բազմիցս ասել ենք, որ այդ խորհրդարանում մենք լինենք, թե դուք, սահմանափակված եք լինելու այն լիազորություններով, որ ունենալու եք, ու դրանից ավելին չեք կարող անել:

– Ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանական լիագումար նիստերն ու չի մասնակցում դրանց: Նրանց որդեգրած այս քաղաքականությունը որքանո՞վ է օգտակար երկրի համար, ինչպե՞ս եք վերաբերվում նրանց այս վարքագծին:

– Ընդդիմությունը խորհրդարան չի եկել, որպեսզի աշխատի, փորձի իշխանության հետ հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպել, հավասարակշռել կամ զսպել իշխանությանը՝ օգտագործելով իր բոլոր լծակները: 

Այս ընդդիմությունը խորհրդարանում է մեկ բանի համար՝ առավոտից երեկո վիրավորանքներ հնչեցնի իշխանության հասցեին ու փորձի ընտրողներին ապացուցել, թե որքան արմատական ու ագրեսիվ կեցվածք ունեն խորհրդարանում:

Ես չեմ հիշում մի դեպք, երբ «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայստանը», երբ երկրում նման իրավիճակ էր, բոյկոտեին նիստերն ու այդկերպ փորձեին ինչ-որ վերաբերմունք ցույց տալ: 

Սա խոսում է այն մասին, որ այս խորհրդարանական ընդդիմությանը բացարձակ չեն հետաքրքրում ո՛չ պետությունը, ո՛չ արտաքին վտանգը, նրանք ուղղակի ուզում են ցույց տալ, թե ամեն ինչով դեմ են երկրի վարչապետին: 

Բայց այսօր երկրում ո՛չ վարչապետի, ո՛չ մեծամասնության հարցն է, գտնվում ենք շատ ծանր վիճակում՝ արտաքին վտանգների ու ծանր մարտահրավերների առաջ ենք: 

Այս պարագայում պետք է լինեին միասնություն, քաղաքական համերաշխություն, որ կարողանայինք միասին հասկանալ, թե ոնց ենք դուրս գալու այս իրավիճակից: 

Փաստն այն է, որ 2020 թվականի պատերազմից հետո որևէ դաս չենք քաղել. իշխանությունն իր հերթին է շարունակում թաքցնել ճշմարտությունն ու կեղծիք տարածել, ընդդիմությունն իր հերթին է փորձում մանիպուլացնել, ու այսպես՝ երկու կողմից, կարծես թե, մեզ գերի են վերցրել, ու չենք հասկանում, թե մեզ ինչ է սպասում: 

Անորոշությունն առանց այդ էլ կար, բայց նրանց այս վարքագծով անորոշությունն ավելի է խորանում:

– Այսինքն՝ երկու կողմի աշխատանքն էլ ստեղծված իրավիճակին համարժեք չե՞ք համարում, տիկի՛ն Սամսոնյան:

– Իհարկե համարժեք չէ, որովհետև պատերազմից մեկ տարի է անցել, իսկ պատգամավորներն այսօր խորհրդարանում ելույթներ են ունենում ու բարկացած տոնով մուննաթ են գալիս մեր միջազգային գործընկերների, Ռուսաստանի վրա, թե ինչո՞ւ մեզ չեն պաշտպանում:

Բայց այդ մեկ տարվա ընթացքում ինքներս մեզ պաշտպանելու համար որևէ քայլ չենք արել, որևէ ռազմավարություն ու մարտավարություն չկան մշակված, այն պարագայում, երբ մեր թշնամիները շատ թափանցիկ են գործում՝ ինչ հայտարարում, այն էլ անում են: 

Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը անում են հնարավորը, որպեսզի մենք դուրս չգանք մեր տառապանքի, անորոշության միջից:

– Երկու կողմի որդեգրած նման քաղաքականության մեջ միտում տեսնո՞ւմ եք:

– Ես իշխանությանը համարում եմ անուղղելի: Իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երբևէ չի սովորելու իր սխալների վրա, արել է ու շարունակելու է գործել նույն սխալները: 

Այս իրավիճակից, բնականաբար, պետք է օգտվի այն ընդդիմությունը, որի նպատակը Նիկոլ Փաշինյանին իր սխալները ցույց տալն ու ամեն գնով փորձել այդ սխալների ուղղմանը հասնելը չէ, ինչպես մենք էինք փորձում անել, բայց մեզ մոտ էլ, իհարկե, չստացվեց, որովհետև հայտնվեցինք հայհոյանքի, վիրավորանքի տիրույթում, այլ այս ընդդիմությունը փորձում է իր անձնական հաշիվները մաքրել Նիկոլ Փաշինյանի հետ: 

Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը դուրս չեկան իրենց նեղ անձնական շահերի պատերազմական գոտուց՝ մոռանալով պետության մասին, այն պետության, որի լինել-չլինելու խնդրի առաջ ենք կանգնած:

– Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է պնդել, թե այս իշխանությանը հեռացնելու է ցանկացած եղանակով: Հնարավոր համարո՞ւմ եք, որ մեր երկրում իշխանափոխություն կլինի հենց այս ընդդիմության ջանքերով:

– Կարծում եմ` այս ընդդիմությունը հոգու խորքում շատ գոհ է, որ իշխանության ղեկին է Նիկոլ Փաշինյանը, որովհետև երկրի առջև ծառացած խնդիրները, պատերազմը, ընդդիմությունը բնականաբար չէր ուզենա լինել դրա կրողն ու հասցեատերը, որովհետև իրենք էլ իրականում հասկանում են, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Ու խնդիրը միայն Հայաստանի որոշումների մեջ չէ, կան նաև աշխարհաքաղաքական դերակատարներ, որտեղ բախվում են բազմաթիվ շահեր: 

Ներկա խորհրդարանական ընդդիմությունը շատ հարմար դիրքավորում ունի՝ պատասխանատվություն չկրելով՝ փորձում է անընդհատ վիրավորել, բոյկոտել, ինչ-որ գործընթացներ վիժեցնել, ընդ որում, այն գործընթացները, որոնք խոստացել էին վիժեցնել՝ չեն արել, ընդամենը գործընթացներից հետո կազմակերպում են ինչ-որ փողոցային ակցիաներ՝ փորձելով մարդկանց խաբել կամ ցույց տալ, թե տեսեք` մենք պայքարում ենք: 

Անկեղծություն ու սրտացավություն խորհրդարանական ընդդիմության գործողություններում չեմ տեսնում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am