«Սեփական պասիվությունը քողակելու համար ՀԱԿ-ը էտիկետներ է ուզում կպցնել». վերլուծաբանը` Զուրաբյանի գնահատականների մասին

«Սեփական պասիվությունը քողակելու համար ՀԱԿ-ը էտիկետներ է ուզում կպցնել». վերլուծաբանը` Զուրաբյանի գնահատականների մասին
«Սեփական պասիվությունը քողակելու համար ՀԱԿ-ը էտիկետներ է ուզում կպցնել». վերլուծաբանը` Զուրաբյանի գնահատականների մասին

ԵԽԽՎ պատվիրակության հետ հանդիպմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հնչեցրած գնահատականին՝ գալիք ընտրությունների մասին որպես «ոչ մրցակցային», քաղաքագետ Արմեն Մինասյանը համակարծիք չէ:
«Դա ՀԱԿ-ի ներքին իրավիճակից է գալիս, այդպիսի գնահատական տալը ընտրական պրոցեսին: Իրենք մրցակցությունից դուրս են, դրա համար նման գնահատական են հնչեցնում, ինչը արտաքին դիտորդի համար լուրջ չէ: Եթե չես մասնակցում ընտրություններին, ճիշտ չէ ընտրական պրոցեսը ոչ մրցակցային գնահատելը»,- «Մեդիալաբին» ասում է Մինասյանը:

Նա մատնանշում է, որ ՀԱԿ-ից բացի մյուս երկու կարևոր քաղաքական ուժերը՝ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, նույնպես իրենց կամքով են հրաժարվել ընտրություններին մասնակցելուց ու հայտարարել են այդ մասին, «այսինքն` սա պարտադրանքի հետևանք չէ»:

«Սեփական պասիվությունը քողակելու համար ՀԱԿ-ը նման էտիկետներ է ուզում կպցնել ընտրական պրոցեսին»,- ասում է Մինասյանը և հավելում, թե արդյոք Հրանտ Բագրատյանի թեկնածությունը, ով հինգ տարի եղել է ՀԱԿ-ի անդամ, Զուրաբյանը չի՞ համարում մրցակցություն:

«Ոչ մրցակցային ընտրությունն էլ ունի իր սահմանումը, հետաքրքիր է իմանալ` Զուրաբյանը ո՞րն է համարում մրցակցային և որը` ոչ մրցակցային»:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Զուրաբյանը ԵԽԽՎ պատվիրակության հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը:

Ըստ նրա՝ իշխանությունների կողմից ստեղծված լայնածավալ ընտրակեղծարարության մեքենան բացառում է արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացումը երկրում:

Զուրաբյանը ներկայացրել է նաև այն պատճառները, որոնք վճռորոշ դեր են խաղացել ՀԱԿ-ի՝ ընտրություններին չմասնակցելու որոշում կայացնելու հարցում, և մատնանշել այն հանգամանքը, որ մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերը ևս հրաժարվել են նախագահական ընտրություններին մասնակցելուց, ինչը, ըստ նրա, ցույց է տալիս, որ առաջիկա ընտրությունները չեն կարող մրցակցային համարվել:

© Medialab.am