«Հայաստանի իշխանությունը սկի իր երաշխավորը չի, ուր մնաց Արցախի անվտանգության երաշխավորը լինի». արցախցի պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը

– Պարո՛ն Բալայան, Արցախում ներքաղաքական կյանքը ինչպիսի՞ն է:

– Առանձին զարգացումներ չկան։

– Սպասողական վիճակո՞ւմ է Արցախի քաղաքական կյանքը։

– Կարելի է էդպես ասել։ Սպասում ենք, տեսնենք՝ Հայաստանում ի՛նչ փոփոխություններ են լինելու։

– Այսինքն՝ Արցախում կատարվելիքը կախված է հայաստանյան իրադարձությունների՞ց։

– Դե իհարկե։ Անչափ կարևոր է, իրար հետ շաղկապված են։

– Բայց տեսնում եք՝ Հայաստանում ամեն ինչ անփոփոխ է. Փաշինյանը հրաժարական չտվեց, ավելին, կարծես պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ 

– Դե ինչ ասեմ… Մեզ մոտ՝ Արցախում, Սահմանադրության համաձայն, ընտրություններից մեկ տարի անց նախագահին անվստահություն հայտնել արգելվում է։

Մեկ տարին պետք է անցնի, իսկ դա արդեն կարող է լինել մայիս ամսին։ Հետո՝ իրավական նաև այլ խնդիրներ կան, որոնց մասին հիմա չեմ կարող խոսել։ Պրոցեսներ կան, հանրային անհանգստություններ կան, մասնավորապես, կապված Արցախի կարգավիճակի, անվտանգության հետ։

Հարցեր կան, որոնց լուծման անհրաժեշտություն կա։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում պետք է նորմալ իշխանություններ ձևավորվեն, որ կարողանանք առաջ գնալ։

Ի վերջո, Հայաստանը միջազգային հանրության կողմից ճանաչված պետություն է, և նրա խոսքը պետք է արժևորվի։ Իսկ Հայաստանի խոսքը կարժևորվի, եթե ունենա գործուն իշխանություն։ 

– Այսինքն՝ Հայաստանի իշխանությունը անգործությա՞ն է մատնված։

– Իհարկե, դուք ի՞նչ է, չե՞ք տեսնում, որ այդպես է։ Այսինքն՝ այն ամենը, որ այսօր կատարվում է բոլոր ասպարեզներում՝ անվտանգային ասպարեզից սկսած։

Գերիների հարցը շարունակում է մնալ չլուծված, տնտեսական ոլորտն է գահավիժում, հանրությունը ծանր վիճակում է, արտագաղթը սկսում է, մարդիկ ճամպրուկները կապած փախչում են երկրից։

Արդյոք վիճակը վատ չէ՞։ Շատ վտանգավոր իրավիճակ է։

Դուք դժգոհում եք Հայաստանի իշխանություններից, բայց իշխանության ներկայացուցիչ պատգամավորը՝ Ռուբեն Ռուբինյանը, հայտարարել է, որ Հայաստանը Արցախի անվտանգության միակ երաշխավորն է։ Դուք ունե՞ք նման զգացողություն։

– Հայաստանի իշխանությունը սկի իր երաշխավորը չի, ուր մնաց Արցախի անվտանգության երաշխավորը լինի։ Այսօր ունա՞կ է ինքը այդ անվտանգությունն ապահովի։ Իհարկե ոչ։ Եթե ունակ լինեին, թուրքերը չէին գա, մեր ճանապարհները չէին փակի։

– Այդ դեպքում ի՞նչ եք սպասում, ի՞նչ զարգացումների։

– Պետք է պարտադիր իշխանափոխություն լինի, և մարդիկ, ինչպես ասում են, սկսեն կամաց-կամաց երկիրը ոտքի կանգնեցնել, բանակում արմատական բարեփոխումներ իրականացվեն, հասարակության սև-սպիտակի տարանջատումը դադարեցվի, հանրային համերաշխություն ապահովվի, տնտեսությունը վերականգնվի։

Հազար ու մի հարցեր կան լուծելիք, որոնք օրախնդիր են Հայաստանի համար, հայ ժողովրդի համար։ 

– Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է արտահերթ ընտրությունների դեպքում մասնակցել։ Դուք հույսեր կապո՞ւմ եք Քոչարյանի գալուստի հետ։

– Շատ մեծ։ Իհարկե, մեծ հույսեր ենք կապում։ Մարդ, որ ճգնաժամային ժամանակներում կառավարման փորձ ունի։ Մյուս կողմից՝ վերջիվերջո, ամեն ինչի հիմքը փաստն է, դուք նայեք փաստերը, որոնք բոլոր ասպարեզներում գրանցած հաջողությունների մասին են։

Ես Ռոբերտ Քոչարյանի իմիջմեյքերը չեմ, բայց փաստն այն է, որ նա ապացուցեց՝ ի վիճակի է պատերազմների ժամանակ երկիր կառավարել, հայրենիք ազատագրել, իսկ խաղաղ ժամանակներում՝ երկնիշ թվերով տնտեսություն զարգացնել, կարելի է պետական պարտքը կրճատել։

Դրանք փաստեր են, որոնց հնարավոր չէ հակադարձել։ Իհարկե, կարող են ասել՝ բա կոռուպցիա՞ն, թալա՞նը, մարդկանց էս են արել, էն են արել և ականջի համար նման հաճելի բաներ, բայց, ցավոք սրտի, ժողովրդի անունը տալով, ժողովրդի հերն անիծելով չի կարելի երկիր պահել։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am