ՀՅԴ-ն դեռ որոշում չի կայացրել Ռոբերտ Քոչարյանի հետ արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կուսակցությունների դաշինք կազմելու մասին լուրերին:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Սաղաթելյանը շեշտեց, որ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը դեռևս որոշում չի կայացրել, թե ընտրություններին ինչ ֆորմատով է մասնակցելու:

«Քանի դեռ ՀՅԴ գերագույն մարմինն այդ մասին հայտարարություն չի արել, ուրեմն մինչ այդ պահը մենք որոշում չունենք: Նման հարցերը մեզ մոտ որոշվում են ժողովների ժամանակ: Եթե մենք մասնակցենք ընտրություններին, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո չի լինի»,- նշեց Սաղաթելյանը:

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո:

Ռոբերտ Քոչարյանը՝ ապրիլի 5-ին, ռուսական Առաջին ալիքի եթերում Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում հայտնել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է որպես կուսակցությունների դաշինքի ղեկավար: Նա նշել էր նաև, որ ամենայն հավանականությամբ դաշինքում կլինի երկու կուսակցություն: