ՄԱԿ-ը Բաքվին կոչ է անում կանխել հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը. դատարանի որոշում.Factor

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված մի շարք հրատապ միջոցների կիրառման կապակցությամբ իր որոշումը:

Այս մասին հայտնում է factor.am-ը:

Լսելով կողմերի ներկայացրած ապացույցները՝ դատարանը որոշել է, որ ՀՀ-ի կողմից ներկայացված իրավունքների խախտումների վերաբերյալ ապացույցների միայն մի մասն են համապատասխանում կոնվենցիային։

Ըստ դատարանի՝ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ 2020 թվականի ռազմական գործողությունների արդյունքում գերեվարված մարդիկ շարունակում են գերության մեջ մնալ իրենց ազգային պատկանելության պատճառով։

Այնուամենայնիվ, դատարանը կարծում է, որ այդ անձանց իրավունքներն Ադրբեջանում ձերբակալված լինելու ընթացքում չպետք է ոտնահարվեն՝ ելնելով նրանց ազգային պատկանելությունից։ Դատարանը կարծում է, որ Ադրբեջանը պետք է հարգի ՀՀ-ի կողմից ներկայացված գերիների իրավունքները, որոնք կալանավորվել են 2020 թվականի ռազմական գործողություններին ընթացքում ու դրանից հետո։

«Ադրբեջանը, ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններին համապատասխան, պետք է պաշտպանի բանտարկյալներին բռնությունից և վնասից, պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ռասայական ատելության և խտրականության հրահրումը էթնիկ հայերի դեմ, այդ թվում՝ պաշտոնյաների կողմից»,- հայտարարել է դատավորը։