«Բացարձակ մտքներովս չէր անցնի, որ զոհված կգտնենք Արթուրին, լավ տիրապետում էր տարածքին, զինվորական էր». կինը՝ ամուսնու մասին

Արուսիկ Արմենակյանը հուզմունքով է հիշում ամուսնության 13-ամյակը, երբ ամուսինը՝ Արթուր Վարդանյանը, երկու ծաղկեփնջով ներս է մտել և ծաղիկները նվիրել՝ մեկը՝ իրեն, մյուսը՝ մորը՝ ծննդյան օրվա առթիվ։ 

Այսօր, երբ երկրորդ տարին է՝ ամուսինը կողքին չէ, կինն ասում է՝ «ոչ մի տոն աչքիս չի գալիս»։

Մարտի դաշտում թշնամու դեմ պայքարում ամուսնուն կորցնելուց հետո կինը դառնորեն նշում է՝ պատերազմը խլեց իր ընտանիքի երջանկությունը, ներդաշնակությունը, ապագայի ծրագրերը։ 

«Օգոստոս ամսին լրացավ մեր ամուսնության 15-ամյակը, բայց մենք միասին հասցրեցինք ապրել 13 տարի։ Պատերազմի պատճառով մեր կյանքը 180 աստիճանով փոխվեց։ Կոտրվեց ամեն ինչ՝ երազանքներ, սպասելիքներ։ Երազանք ունեինք, որ Էջմիածնում տուն առնեինք, երեխեքի ապագան էինք հաճախ քննարկում, տղես 14 տարեկան ա, աղջիկս՝ 12, մտածում էինք՝ ամեն ինչ անենք, որ լավ սովորեն, լավ մարդ դառնան․․․»- ասում է ու հուզվում 38-ամյա կինը։

Արուսիկն ասում է՝ երբեք մտքով չէր անցնի, որ ամուսինը կզոհվի պատերազմում։ Նշում է՝ ամուսինը զինվորական էր, լավ տիրապետում էր տարածքին: 

«Չէինք կարող պատկերացնել, որ Արթուրն այլևս տուն չի վերադառնա։

Բացարձակ մտքներովս չէր անցնի, որ զոհված կգտնենք։ Երբ իրենից լուր չունեինք, էդ ժամանակ էլ ընդհանրապես չէինք մտածում, որ ողջ չի, ինքը շատ լավ գիտեր էդ տարածքները»,- ասում է կինը։

Արթուր Վարդանյանը սակրավոր էր, 2012 թվականին ծառայության է անցել Էջմիածնի N զորամասում։ 2017-ին տեղափոխվել է «Սև հովազ» կամավորական ջոկատ որպես դիրքային զինծառայող։ 2019-ին ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ N զորամասի առաջին ինժեներասակրավորական գումարտակում՝ որպես ավագ սակրավոր։

Պատերազմն սկսվելուն պես Արթուր Վարդանյանը մեկնել է առաջնագիծ, թշնամու դեմ թեժ պայքար մղել Ջրականում, Իշխանաձորում։

Արուսիկը ցավով է մտաբերում հոկտեմբերի 25-ը, այդ օրը ամուսնու վերջին զանգն է եղել: Կինը ամուսնու հետ խոսելիս կրակոցների ուժգին ձայներ է լսել հեռախոսի մյուս կողմում, այնուհետև պատմում է՝ ամուսինը հետաքրքրվել է ընտանիքի անդամներով, հարցրել է՝ ինչպես են, իրեն ասել է՝ «Երեխեքին լավ պահի, մինչև գամ։ Բայց չեկավ․․․»- կսկիծով ասում է կինը։

Արուսիկին հասած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 25-ին Կուբաթլուի շրջանում առաջադրանքը կատարելու ժամանակ ամուսինը զոհվել է երեք ընկերների հետ միասին։

«Փրկված տղաներից ինձ պատմեցին, որ իրանք Կուբաթլուում ընկել են շրջափակման մեջ։ 10 հոգի են եղել, 3-ը եղել են «ՈՒԱԶ»-ի մեջ առջևի մասում, մյուսները՝ հետևի բաց մասում։ Երբ կրակոցները հասել են իրանց, հետևում եղած տղաները, որ թափքից դուրս են թռել, մյուսները մեքենայով շրջվել են ձորը»,- ասում է կինը։

Արուսիկը պատմում է՝ 3 օր ամուսնուց լուր չունենալուց հետո սկսել են փնտրտուքները, փնտրել են նրան՝ այն հույսով, որ ողջ կգտնեն, սակայն 2 ամիս շարունակ որևէ տեղեկություն չեն ստացել նրա գտնվելու վայրի մասին։ 

Դեկտեմբերի 9-ին հարազատները Գորիսի մորգում հայտնաբերել են Արթուրի մարմինը։

Արուսիկը, վերհիշելով ծանր օրը, ասում է, ոչ ոք բառերով չասաց, որ Արթուրը զոհվել է, պարզապես հարազատների տխուր ու արցունքոտ աչքերից հասկացել է, որ իր ընտանիքի հետ ողբերգություն է տեղի ունեցել։

Կինն ասում է՝ այդ պահից սկսած կյանքը դատարկվել ու իմաստազրկվել է։

«Ամեն տեղը դատարկ ա, որովհետև էդ տեղը իրանով էր լցվում, կարոտում ենք իրեն, իր ներկայությունը, ամեն ինչը իրեն է հիշեցնում»,- ասում է Արուսիկը։

Արթուր Վարդանյանը հուղարկավորվել է Էջմիածնի գերեզմանատանը։

Հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով և «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։

Արթուրը նվիրված էր և՛ իր աշխատանքին, և՛ ընտանիքին՝ պատմում է կինը։ Ասում է՝ ամուսինը շատ էր սիրում հայրենիքը և ընտանիքով հաճախ էին Հայաստանով մեկ ճամփորդում։ 

Արուսիկը երանությամբ է հիշում 2020 թվականը, երբ ամուսինը Սիրիա կատարած առաքելությունից մոտ 6 ամիս անց Հայաստան էր վերադարձել, ընտանիքով մեկնել էին Ջերմուկ, այնուհետև Գորիս՝ Տաթևի ճոպանուղին նստել, այցելել Նորավանք, Խոր Վիրապ, Սուրբ Հովհաննես։

«Ինքը կյանքով լեցուն էր, սիրում էր բոլորս Հայաստանով մեկ պտտվենք, սիրում էր կյանքը, սիրում էր կատակներ ու անեկդոտներ պատմել։ Հիմա ամեն ինչ տխուր ա դարձել մեզ համար»,- ասում է ու ծանր լռում կինը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am