Նարեկ Թորոսյանը 20 տարեկան էր։ Այս օրերին նա ոչ թե պետք է դառնար արատավոր բանակային բարքերի հերթական զոհը, այլ մտածեր համալսարան վերադառնալու, ավարտական աշխատանքի և իր ապագայի մասին։ Նա Ռուս-հայկական համալսարանի լրագրության բաժնի ուսանող էր, երազում էր դառնալ մարզական լրագրող։ Նարեկն ուներ երազանքներ, ընտրած մասնագիտություն, ապագա։ Այսօր նրա ծնողները ոչ թե սպասում են որդու զորացրմանը, այլ սպասում են պատասխանի, թե ինչո՞ւ խլվեց որդու ապագան։ Եվ, ցավոք, նրանք միայնակ չեն, այս ցավը բազմաթիվ մայրերի է դարձրել սևազգեստ։
Ոչ մի մայր իր որդուն բանակ չի ճանապարհում՝ մտածելով, որ մի օր կարող է ստանալ նրա անշնչացած մարմինը։ Ոչ մի ծնող համաձայնություն չի տալիս, որ իր երեխան ենթարկվի նվաստացման, բռնության, հոգեբանական ճնշման կամ ոչ կանոնադրական հարաբերությունների։
Յուրաքանչյուր նման ողբերգությունից հետո հասարակությունը սովորաբար կենտրոնանում է մեկ հարցի վրա՝ ո՞վ է մեղավոր, սակայն նույնքան կարևոր է մեկ այլ հարց՝ ի՞նչ համակարգ է ձևավորվել, որտեղ նման ողբերգությունները շարունակում են հնարավոր լինել։ Ամեն մի մահ պետք է դիտարկվի ոչ միայն որպես քրեական գործ, այլ նաև որպես պետական համակարգի արդյունավետության քննություն։
Բանակի ուժը չափվում է ոչ միայն սպառազինությամբ կամ զորահանդեսներով, այլ նաև նրանով, թե որքանով են այնտեղ պաշտպանված մարդու հիմնարար իրավունքները՝ առաջին հերթին կյանքի և առողջության իրավունքը։ Եվ եթե արդեն երեք տասնամյակ նույն ողբերգություններն են կրկնվում, ինչո՞ւ բանակում չեն փոխվում բարքերը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ոչ մարտական պայմաններում գրանցվող մահերի աճի պատասխանատվությունը փորձում է բաժանել բոլորի միջև՝ ընտանիքների, դպրոցների, տղայական բարքերի, քրեական ենթամշակույթի, թմրանյութերի, հանրային պատկերացումների և նույնիսկ մարդկանց դժվարություններին դիմակայելու կարողության։
«․․․սրանք հարցեր են, որ որպես պաշտպանության նախարար, այո, իմ հարցն է, բայց նաև միայն իմ հարցը չէ: Ես ուզում եմ, որ մենք էս հարցին վերաբերվենք ավելի պատասխանատու, որպեսզի հանրության շրջանում նույնպես՝ սկսած դպրոցից մինչև բուհական համակարգ, ծառայություն ու նաև քաղաքացիական կյանք համապատասխան վերաբերմունք ցուցաբերենք նույն քրեական ենթամշակույթին»,- ասում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Այս մոտեցումը նոր չէ։ Տարիներ առաջ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ևս պնդում էր, որ բանակը հասարակության հայելին է, իսկ բանակային բարքերը ձևավորվում են հասարակությունից։
Սակայն նման բացատրությունները շրջանցում են գլխավոր հարցը։ Եթե խնդիրը միայն հասարակական բարքերն են, ապա ինչո՞ւ այդ նույն երիտասարդները չեն մահանում դպրոցում, համալսարանում կամ աշխատավայրում, այլ՝ բանակում։
Բանակը միակ միջավայրն է, որտեղ քաղաքացին ամբողջությամբ գտնվում է պետության վերահսկողության և հոգածության ներքո։ Այստեղ պետությունն է պատասխանատու կարգապահության, անվտանգության, վերահսկողության և այնպիսի պայմանների ապահովման համար, որտեղ որևէ զինծառայող չի կարող ճնշման, բռնության կամ անփութության զոհ դառնալ։ Հետևաբար հասարակական խնդիրներին հղում կատարելը չի կարող փոխարինել պետության պատասխանատվությանը։
Իսկ պետության համար պատասխանատվությունը նույնն է՝ ապահովել, որ ծառայությունը կյանքի համար վտանգ չներկայացնի ու բանակ ուղարկած ծնողի համար չդառնա սև թուղթ։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալները ցույց են տալիս առավել խորքային և մտահոգիչ պատկեր։ 2010-2017 թվականներին Հայաստանի և Արցախի զինված ուժերում մահացել է 462 զինծառայող, որոնցից 163-ը՝ մարտական պայմաններում, իսկ 299-ը՝ ոչ մարտական հանգամանքներում։ Իսկ 2018-2025 թվականներին արձանագրվել է արդեն 511 մահվան դեպք, որոնցից ընդամենը 84-ն են եղել մարտական, մինչդեռ 427-ը՝ ոչ մարտական պայմաններում։
Մարտական
Ոչ մարտական

Այս թվերը խիստ մտահոգիչ են, քանի որ ոչ մարտական պայմաններում մահերը նույն ժամանակահատվածում աճել են շուրջ 45 տոկոսով՝ 299-ից հասնելով 427-ի։
Փաստացի, բանակն այդպես էլ չի կարողացել կանխել այն մահերը, որոնք տեսականորեն լիովին կանխարգելելի են և կախված են կառավարման որակից, վերահսկողությունից, կարգապահությունից և անվտանգության համակարգի արդյունավետությունից։ Եվ այս թվերն ապացուցում են, որ խնդիրը միայն հասարակական բարքերով բացատրել հնարավոր չէ։ Երբ զինվորը զորակոչվում է բանակ, նրա կյանքի և անվտանգության հիմնական պատասխանատվությունը կրում է պետությունը։
Բանակը պետք է լինի կարգապահության, պատասխանատվության և համախմբվածության դպրոց, ոչ թե մարդկային կյանքեր ու ճակատագրեր խեղող համակարգ։ Այստեղ չափահաս կյանք մտնող երիտասարդը պետք է սովորի պաշտպանել հայրենիքը, ոչ թե պարզապես գոյատևել այլանդակ բարքերով առաջնորդվող միջավայրում։ Բանակը պետք է կերտի արժանապատիվ քաղաքացու, ոչ թե խլի մարդու կյանքը կամ կոտրի նրան։
Մենք անընդհատ խոսում ենք խաղաղությունից, բայց հաճախ մոռանում ենք, որ խաղաղությունը սկսվում է հենց մեզնից՝ պետության ներսում։ Եթե բանակում, որտեղ պետության վերահսկողությունը պետք է լինի ամենաբարձրը, շարունակում են գրանցվել նման ողբերգություններ, ապա խաղաղության մասին ամպագոռգոռ հայտարարությունները սին են։
Հայաստանի անվտանգային միջավայրը բարդ է, և զինված ուժերի գլխավոր առաքելությունը երկրի պաշտպանությունն է։ Սակայն պատերազմի բացակայությունը դեռևս անվտանգ բանակ չի նշանակում։
Խաղաղ պայմաններում զոհված յուրաքանչյուր զինվոր հիշեցնում է, որ համակարգային խնդիրները շարունակում են չլուծված մնալ։ Երբ զինվորը մահանում է ինքնասպանության, սպանության, բռնության կամ դեռևս չպարզված հանգամանքներում, վտանգը հաճախ ոչ թե հակառակորդի դիրքերում է, այլ զորամասի ներսում։ Հատկապես, երբ մահվանը նախորդել են նվաստացումներ, ճնշումներ, հոգեբանական բռնություն կամ ոչ կանոնադրական հարաբերություններ։
Բանակը պետության ամենափակ և ամենավերահսկվող համակարգերից մեկն է։ Այնտեղ պետությունը ոչ միայն զինվորին զենք է վստահում, այլև ստանձնում է նրա կյանքի, առողջության և արժանապատվության պաշտպանության պատասխանատվությունը։ Բանակի բարեփոխումները չեն սկսվում նոր սպառազինությունից կամ բարձրագոչ հայտարարություններից։ Դրանք սկսվում են այն պահից, երբ պետությունը բացահայտ ընդունում է, որ յուրաքանչյուր զինվորի կյանքն իր անձնական պատասխանատվությունն է։
Զարուհի Հովհաննիսյան
MediaLab.am

