Նախօրեին ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողին գտել են կախված վիճակում՝ իր բնակության վայրում։ Նա իր ծառայությունն իրականացնում էր «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով, և այդ օրը նրա հերթապահության օրն էր, և նա պետք է ներկայանար զորամաս։
Պաշտպանության նախարարությունը շտապեց հայտարարել, որ դեպքը տեղի է ունեցել զինծառայողի բնակության վայրում, նա այդ պահին ծառայության մեջ չի եղել, և, հետևաբար, դեպքը «առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար»։ ՊՆ-ն նաև շեշտեց, որ վերջին օրերի հրապարակումները «խիստ բացասական ազդեցություն են թողնում զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա», և կոչ արեց «զերծ մնալ բանակի թիրախավորումից»։
Նախ՝ շատ կարևոր է դիտարկել ոչ միայն զինծառայողի ինքնասպանության վայրը, այլև այն գործոնները, որոնք հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել ինքնասպանության։ Ինքնին զորամասից դուրս լինելը բավարար հիմք չէ պնդելու, թե անձի հոգեբանական վիճակի վրա ազդեցություն չեն ունեցել ծառայությունն ու դրա հետ կապված ինչ-ինչ հանգամանքներ։
Ինքնասպանությունը գրեթե երբեք հնարավոր չէ կապել միայն տարածքի հետ և պայմանավորել մեկ գործոնով։ Այն կարող է լինել բազմաթիվ գործոնների համադրության հետևանք։ Այդ պատճառով էլ հատկապես վտանգավոր է դեպքից անմիջապես հետո հայտարարել, թե այն ծառայության հետ առնչություն չունի, քանի որ տեղի է ունեցել զորամասից դուրս, հատկապես երբ դեռևս ուսումնասիրված չեն բոլոր հնարավոր կապերը։ Այդ խնդիրը, հուսանք, կբացահայտի անկախ քննությունը։
Բայց այստեղ, թերևս, պետք է տալ մեկ շատ պարզ հարց. իսկ գուցե զինվորների և նրանց հարազատների բարոյահոգեբանական վիճակի վրա ավելի ծանր են ազդում ոչ թե բանակի մասին քննադատական հրապարակումները, այլ այն, որ երկու շաբաթվա ընթացքում չորս մահվան դեպք է արձանագրվում, իսկ պատճառների և հանգամանքների վերաբերյալ հանրությունը չի ստանում լիարժեք, հասկանալի և արժանահավատ բացատրություն։
Երբ կարճ ժամանակահատվածում այդպիսի ինտենսիվությամբ մահեր են արձանագրվում պետության անմիջական վերահսկողության տակ գտնվող, հստակ կանոնակարգ ունեցող համակարգում, հասարակությունն իրավունք ունի հարցադրումներ հնչեցնելու։ Ավելին՝ այդ հարցերը պետք է հնչեն հենց այն պատճառով, որ բանակում ծառայող զինվորների կյանքն ու անվտանգությունը հանրային կարևորության հարց են։ Եվ այս իրավիճակներում ամենաշատ հնչեցվող հարցերից մեկն է՝ ո՞վ է պատասխանատու բանակում ստեղծված միջավայրի, վերահսկողության և զինծառայողների կյանքի պաշտպանության համար։
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի համար, պարզվում է, նորություն է, որ բանակում զինծառայողների սպանությունների, ինքնասպանությունների և մահվան այլ դեպքերի քաղաքական ու կառավարչական պատասխանատվության մասին հարցը կարող է հասնել հենց իրեն։ «Այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանի Հանրապետությունում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պապիկյանը։
Հնարավոր է նա չի հիշում դեռևս նախկին իշխանության ժամանակ տեղի ունեցած առնվազն մի քանի դեպքերով հանրային մեծ հուզումների և նախարարի հրաժարականը պահանջելու դեպքեր։ Բավարար է միայն հիշել «Բանակն իրականում» նախաձեռնության տարբեր տարիների հայտարարությունները, «Բանակն առանց կասկածելի ինքնասպանությունների» խմբի՝ Սեյրան Օհանյանին ուղղված հրաժարականի պահանջը, կամ սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հուղարկավորության օրը նրա մարմինը ոտքով Երևան բերելու և իրենց որդու մահվան իրական պատճառների վերաբերյալ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից պարզաբանումներ պահանջելու բողոքի ակցիան, որին ընդառաջ գնացին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու զինդատախազ Գևորգ Կոստանյանը, և մինչև հուղարկավորության վայր՝ նրա հայրենի գյուղ, ուղեկցեցին սպանված զինվորի հարազատներին ու մասնակցեցին Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությանը:
Այսպիսով, Հայաստանում ամենևին էլ նորություն չէ բանակում տիրող իրավիճակի համար պաշտպանության գերատեսչության ղեկավարից պատասխանատվություն պահանջելը, և դա ոչ միայն հանրային, այլև օրենսդրական պահանջ է։
«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը պաշտպանության նախարարին վերապահում է պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավարումը, ԶՈՒ-ի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ապահովումը, ինչպես նաև զինված ուժերի և նախարարության համակարգի մեջ մտնող մարմինների ու կազմակերպությունների գործունեության կազմակերպումն ու վերահսկումը։ Ինչպես նաև՝ զինված ուժերի մարտական, անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության և զինվորական կարգապահության գործընթացի վերահսկումը, զինված ուժերում օրինականության պահպանումն ու հանցագործությունների կանխարգելումը։
Ուստի երբ համակարգում կուտակվում են զինծառայողների մահվան դեպքեր, բռնության, ինքնասպանությունների, սպանությունների և այլ խախտումների վերաբերյալ ահազանգեր, նախարարի օրինական պարտականությունը ոչ թե հարցնելն է՝ «ինչո՞ւ եք ինձ մեղադրում», այլ պատասխանել «Ի՞նչը չի աշխատում համակարգում, և ի՞նչ եմ ես անում դա փոխելու համար» հարցին։
Եվ վերջապես, եթե մահերը կրկնվում են, եթե բռնության մասին ահազանգերը կրկնվում են, եթե նույն խնդիրների մասին խոսվում է տարիներ շարունակ, իսկ ղեկավարությունը շարունակում է ասել «չեմ կարող գնահատական տալ», ապա արդեն հասարակությունն է գնահատական տալիս ղեկավարության աշխատանքին:
Ու մինչ Պապիկյանը զարմանում է, օգոստոսի 19-ին Ճամբարակ տանող ավտոճանապարհին վրաերթի հետևանքով մահացած զինծառայողի մայրն արցունքն աչքերին հարցադրում է հնչեցնում․ «Իմ երեխեն ժամը 9-ին, հանգստի ժամ, ի՞նչ գործ ուներ փողոցում, էն էլ հակագազով»,- հարցնում է նա, ավելացնելով, որ ՊՆ ղեկավարությունը պետք է պատասխան տա։ Եվ երբ որդեկորույս մայրը հարցնում է, թե ի՞նչ գործ ուներ իր որդին այդ ժամին փողոցում, դա ամենևին չի տեղավորվում բանակը «թիրախավորելու» և զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա բացասական ազդեցություն թողնելու մասին պնդումների համատեքստում։
Սա ոչ թե բանակը թիրախավորելու փորձ է։ Սա մոր՝ իր որդու մահվան համար պատասխան ստանալու պահանջն է։ Սա ուղղակի պատասխանատվության ճիչ է, որը պետք է լսված լինի։ Եվ ամենակարևորը՝ այն չպետք է մնա անարձագանք։
Զարուհի Հովհաննիսյան
MediaLab.am

