Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող քրեական վարույթը վաղուց դադարել է միայն մեկ անձի վերաբերյալ քրեական գործ լինելուց։ Այն դարձել է փորձաքար՝ հասկանալու, թե ինչպիսին է Հայաստանի քրեական արդարադատությունը, ինչ սահմաններ ունի պետական հարկադրանքը, և որքանով է պետությունն իրականում հարգում մարդու արժանապատվությունը նույնիսկ այն դեպքում, երբ տվյալ անձը գտնվում է քրեական հետապնդման տիրույթում։
Քրեական արդարադատության նպատակը հանցագործության բացահայտումն ու մեղավորի պատասխանատվությունն է, ոչ թե մարդու հրապարակային նվաստացումը։ Պետության հարկադրանքի գործիքակազմը ստեղծվել է իրավական նպատակների, այլ ոչ քաղաքական կամ հանրային տեսարաններ ստեղծելու համար։ Երբ այդ գործիքակազմը վերածվում է ուժի ցուցադրության, այն դադարում է ծառայել արդարադատությանը և սկսում է ծառայել վախի մշակույթին։
Հանրային գիտակցության վրա ծանր ազդեցություն թողեցին այն տեսարանները, որոնք ուղեկցեցին Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանն ու խուզարկություններին։ Դիմակավորված հատուկ ստորաբաժանումների ներխուժումը, փաստացի դիմադրություն չցուցաբերող անձին գետնին պառկեցնելը, բաց ձեռնաշղթաներով ցուցադրական տեղափոխումը, տեսախցիկների առջև իրականացվող ամբողջ գործընթացը դժվար է ընկալել բացառապես որպես անհրաժեշտ դատավարական գործողություններ։ Դրանք ավելի շատ հիշեցնում էին ուժի ցուցադրություն, քան իրավական անհրաժեշտություն։
Առանձնակի ծանր խորհրդանիշ դարձավ կենդանիների քնեցման պատմությունը։ Առանց հանրությանը հասկանալի բժշկական հիմնավորման քնեցվեցին Ծառուկյանին պատկանող կենդանիները, որոնցից մեկը՝ էգ առյուծը, այլևս չարթնացավ։
Առյուծը քնեց։ Բայց հանրային գիտակցության քնեցումը երբեմն կատարվում է հենց վախի չդոզավորված ներարկմամբ, և կա վտանգ, որ կքնի նաև հասարակության իրավագիտակցությունը։ Որովհետև երբ հանրությունը սկսում է սովորական համարել անհարկի ուժի կիրառումը, հրապարակային նվաստացումը և ցուցադրական հարկադրանքը, վտանգվում է ոչ միայն մեկ մարդու իրավունքը, այլև ամբողջ իրավական պետության գաղափարը։
Միևնույն ժամանակ պետք է տալ մեկ այլ, ավելի անհարմար հարց. որտե՞ղ էր պետությունը տարիներ շարունակ։ Եթե այսօր հայտնաբերվել են բազմաթիվ հնարավոր խախտումներ, ինչո՞ւ օրենքով նախատեսված վերահսկողական, վարչական, բնապահպանական, անասնաբուժական կամ այլ իրավական գործիքները երկար տարիներ չեն գործել։ Եթե պետությունն ունի վերահսկողության օրինական մեխանիզմներ, ապա դրանք պետք է կիրառվեն խախտումը կանխելու համար, ոչ թե տարիներով անգործությունից հետո դառնան ցուցադրական քրեական արշավի տեսանյութ։
Իրավական պետությունը կանխարգելում է, իսկ թույլ պետությունը երկար ժամանակ ոչինչ չի անում, իսկ հետո փոխհատուցում է իր անգործությունը ցուցադրական ուժով։
Այս ամենը հիշեցնում է նաև 2018 թվականը, երբ կալանավորված Մանվել Գրիգորյանի լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից հայտնվեց մամուլում։ Այդ հրապարակումը, որն ակնհայտորեն նվաստացնում էր ազատությունից զրկված մարդու արժանապատվությունը, արժանացավ իրավապաշտպանների սահմանափակ արձագանքին։ Հետհեղափոխական էյֆորիայի պայմաններում շատերը գերադասեցին չնկատել այն, ինչն ակնհայտորեն հակասում էր մարդու արժանապատվության պաշտպանության սկզբունքին։
Սակայն իրավական պետության շրջանակներում մարդու իրավունքները չեն գործում ըստ անձի կենսագրության։ Ազատությունից զրկված մարդու իրավունքները կախված չեն նրանից, թե ինչ հոդվածով է նա մեղադրվում, ինչպիսի հասարակական հեղինակություն ունի, որքան հարուստ կամ աղքատ է, որքան համակրելի կամ հակակրելի է հասարակության համար։ Դրանք գործում են միայն մեկ պատճառով՝ որովհետև նա մարդ է։
Պետությունը չի ստանում նվաստացնելու իրավունք նույնիսկ ամենածանր հանցագործություն կատարած անձի նկատմամբ, այլապես կվերածվի քրեական ենթամշակույթով, այլ ոչ իրավական գործիքակազմով առաջնորդվող համակարգի։ Որովհետև իրավական պետությունը չափվում է ոչ թե նրանով, թե ինչպես է վերաբերվում օրինապաշտ քաղաքացուն, այլ նրանով, թե ինչպես է վերաբերվում այն մարդուն, որի նկատմամբ կիրառվում է իր ամենախիստ հարկադրանքը։
Եթե պետությունը սկսում է նվաստացնել, ցուցադրել, վախեցնել և իրավական անհրաժեշտությունը փոխարինել քաղաքական կամ հանրային ներկայացմամբ, վաղ թե ուշ այդ նույն գործիքակազմը դուրս է գալու մեկ անձի գործի սահմաններից և դառնալու է կառավարման մշակույթ։
Իսկ այն հասարակությունը, որը լռում կամ արդարացնում է՝ մտածելով, թե այսօր նվաստացվում է արժանին, վաղը կհայտնաբերի, որ այլևս ոչ ոք չունի արժանապատվությունը պաշտպանելու իրավունք:
Զարուհի Հովհաննիսյան
MediaLab.am

