Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված էգ առյուծի անկման դեպքի կապակցությամբ մասնագիտական և հանրային լուրջ հարցեր են ի հայտ եկել: Երևանի ավագանու անդամ, Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի անդամ Քրիստինա Վարդանյանը և «Թռչնասերների կենտրոն» բնապահպանական ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը պնդում են՝ կենդանու տեղափոխման, անզգայացման և անկման բոլոր հանգամանքները պետք է պարզվեն անկախ, մասնագիտական քննությամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի։
Մեկ օր անց ուշ Կենդանաբանական այգին հաստատել էր շրջանառվող լուրերը, որ տեղափոխված էգ առյուծը քնեցումից հետո չի արթնացել։
«Ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։ Կենդանու օրգան- համակարգերը եղել են ախտահարված` փայծաղը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,- նշված էր Կենդանաբանական այգու հաղորդագրության մեջ
Քրիստինա Վարդանյանը, որը նաև Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի անդամ է, եղել է այգում, ասում է՝ հանդիպել տնօրենի հետ և ծանոթացել հերձման եզրակացությանը։ Նրա խոսքով՝ այդ եզրակացությունը կարդալուց հետո ավելի է համոզվել, որ կենդանու առողջական վիճակում նման միջամտությունը կարող էր ծանր հետևանք ունենալ։
«Կարդացի հերձման եզրակացությունը և ավելի համոզվեցի, որ կենդանու առկա առողջական վիճակում նման միջամտությունը բարձր հավանականությամբ դատավճիռ կարող էր լինել։ Եթե կենդանին նախապես հետազոտվեր, կարճաժամկետ և փոքր դոզայով անզգայացվեր, արդյունքը դժվար սա լիներ»,- գրել է Վարդանյանը։

Նա հայտնել է, որ այգու տնօրենը վստահեցրել է՝ տեղափոխված կենդանիները մասնագետների հսկողության տակ են և պահվում են անվտանգ կարանտինային պայմաններում։ Միաժամանակ Վարդանյանը նշել է, որ ինքը կենդանիներին չի տեսել, քանի որ նրանք կարանտինում են։
«Բժշկության ոսկե օրենքն ասում է՝ մի վնասիր, Noli nocere, ցավոք, վնասեցին անպաշտպանին, որի համար պետությունը ստանձնել էր պատասխանատվություն։ Մի՞թե չէր կարելի ընդամենը կապարակնքել և թողնել իրենց համար սովորական պայմաններում՝ «տնային կալանք» վճռել, ոչ թե այն, ինչ արվեց»,- ասում է Վարդանյանը։
Դեպքից հետո՝ երեկ, Վարդանյանը հայտարարել էր, որ պաշտոնական նամակով դիմելու է Երևանի քաղաքապետին՝ պահանջելով տեղափոխված առյուծի մահվան հանգամանքների ամբողջական, անկախ և մասնագիտական քննություն։ Նա նաև պահանջել է հրապարակել անզգայացման արձանագրությունը, կիրառված դեղամիջոցներն ու դեղաչափերը, տեղափոխման ընթացակարգը, դիահերձման եզրակացությունը և պարզել՝ պահպանվե՞լ են արդյոք մասնագիտական ու իրավական բոլոր պահանջները։
«Կենդանու մահը չափազանց լուրջ դեպք է և չի կարող առանց լիարժեք մասնագիտական գնահատականի և պատասխանատվության մնալ։ Հասարակությունն իրավունք ունի ստանալու ամբողջական և հիմնավորված պատասխաններ»,- գրառում էր կատարել Վարդանյանը։
«Մեդիալաբի» հետ զրույցում Սիլվա Ադամյանը նույնպես պնդում է՝ դեպքը չի կարելի դիտարկել միայն քաղաքական կոնտեքստում, քանի որ խոսքը կենդանիների կյանքի և նրանց նկատմամբ պետության պատասխանատվության մասին է։
«Շատ մարդիկ այս թեմային չանդրադառնալը հիմնավորեցին նրանով, թե սա քաղաքական խնդիր է, բայց ուզում եմ այդ մարդկանց ասել, որ այս հարցը քաղաքական տիրույթից դուրս է, եթե իրենք իրոք կենդանասեր են, ապա նրանց համար չպետք է կապ ունենա, թե այդ կենդանին ում է պատկանում»,– ասում է Ադամյանը։
Բնապահպանը պատմում է, որ կենդանիների տեղափոխման պահին փորձել է տեղեկանալ՝ ինչ պայմաններում են դրանք տեղափոխվում։ Նրա խոսքով՝ իրեն հավաստիացրել են, թե կենդանիները պատշաճ պայմաններում են տեղափոխվելու և ապրելու։ Սակայն ավելի ուշ, ըստ Ադամյանի, ինքը մասնագիտական ահազանգ է ստացել, որ հատկապես տարիքով մեծ և քրոնիկ խնդիրներ ունեցող էգ առյուծի անզգայացումը կարող է վտանգավոր լինել։
«Ինձ ասացին, որ մասնագետները զգուշացրել են՝ կենդանիները կարող են սթրեսի մեջ ընկնել, իսկ կոնկրետ էգ առյուծը, որն արդեն տարիքով մեծ է ու բազմաթիվ քրոնիկ խնդիրներ ունի, ներարկումից կարող է ուղղակի չզարթնել»,– ասում է Ադամյանը։
Նրա պնդմամբ՝ այդ զգուշացումները փոխանցվել են նաև տեղափոխումն իրականացնողներին, սակայն մասնագիտական կարծիքը բավարար չափով հաշվի չի առնվել։
«Տեղափոխումը լուրջ խնդիր է ու մասնագիտական շատ լուրջ մոտեցում է պահանջում։ Ուժային կառույցները չէ, որ պետք է այդ խնդիրը լուծեին, սա մասնագետների խնդիրն էր»,– նշում է Ադամյանը։
Նրա խոսքով՝ որոշ մասնագետների գնահատմամբ՝ կենդանուն ներարկված դեղորայքի տեսակը կամ դեղաչափը կարող էր դեր ունենալ տեղի ունեցածի մեջ, սակայն դրա համար անհրաժեշտ է մասնագիտական քննություն և փաստերի ամբողջական ուսումնասիրություն։
«Մենք անպայման պետք է փորձաքննություն անենք ու հասկանանք, թե ինչ դեղորայք է ներարկվել, ինչը ոնց է եղել։ Ամեն բանի համար պետք է փաստեր ունենանք, որպեսզի դիմենք նաև դատարան»,– «Մեդիալաբին» ասում է բնապահպանը։
Ադամյանը նաև ընդգծում է, որ կենդանիները չպետք է դառնային քաղաքական պայքարի մաս։
«Կենդանիներին սարքել են քաղաքական խաղերի ու ամբիցիաների առարկա, ինչը բացարձակ անթույլատրելի է»,– ասում է նա։
Միաժամանակ Սիլվա Ադամյանը նշում է՝ ինքը սկզբունքորեն դեմ է մասնավոր կենդանաբանական այգիներին, սակայն քանի դեռ Հայաստանի օրենսդրությունը դա չի արգելում, հարցը պետք է դիտարկվի իրավական դաշտում։
«Ես կատեգորիկ դեմ եմ մասնավոր կենդանաբանական այգի ունենալուն, բայց քանի դեռ ՀՀ օրենքը դա չի արգելում, չեմ կարող դեմ գնալ օրենքին։ Եթե Ծառուկյանն ունի բոլոր փաստաթղթերն ու կենդանիներին պահել է համապատասխան կանոններով, ապա որևէ մեկն իրավունք չուներ նրանից կենդանիներին առգրավել․ դա դատական գործ է»,– ասում է Ադամյանը։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են նաև տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ։ ՔԿ-ն հայտնել է, որ ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն դրամի վնաս։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Մասնագետները, մինչդեռ, պնդում են՝ առյուծի անկման հանգամանքները պետք է քննվեն ոչ միայն իրավական, այլև մասնագիտական տեսանկյունից՝ պարզելու համար՝ արդյոք հնարավոր էր կանխել կենդանու մահը։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















