2026 թվականի ընտրական քարոզչության մեջ վախի լեզուն դարձել է ոչ թե ուղեկցող գործիք, այլ՝ հիմնական քաղաքական տեխնոլոգիա։ Երբ քաղաքական ուժերը քաղաքացիներին դիմում են ոչ թե ծրագրերով, արժեքներով կամ ապագային միտված ուղերձներով, այլ գոյաբանական սպառնալիքներով, ընտրությունը դադարում է ազատ քաղաքական որոշում լինելուց և վերածվում է հոգեբանական ինքնապաշտպանության ռեակցիայի։
Վախի վրա հիմնված քարոզչությունը աշխատում է մարդու ամենահին կենսաբանական մեխանիզմների միջոցով։ Երբ մարդը լսում է՝ «եթե մեզ չընտրեք, կգան ադրբեջանցիները» կամ՝ «եթե մեզ չընտրեք, պատերազմ կլինի», նրա ուղեղը հաճախ այլևս չի մշակում տեղեկատվությունը որպես քաղաքական բանավեճ։ Գործի է դրվում սպառնալիքի արձագանքման համակարգը։ Այդ պահին ընտրողը ավելի քիչ է մտածում ծրագրերի, հաշվետվողականության, սոցիալական քաղաքականության կամ ժողովրդավարության մասին և ավելի շատ կենտրոնանում է ֆիզիկական անվտանգության և գոյատևման վրա
Սա հոգեբանության մեջ հայտնի է որպես «վախի պայմաններում որոշումների կայացում»։ Այդ վիճակում մարդիկ հակված են ընտրելու այն ուժին, որը ներկայանում է որպես միակ փրկիչ, հանդուրժելու ավելի մեծ վերահսկողություն և բռնություն, նվազեցնելու քննադատական մտածողությունը, ավելի հեշտ հավատալու պարզեցված թշնամական նարատիվներին, բաժանելու աշխարհը սևերի և սպիտակների, թշնամիների և յուրայինների։
Վախի քարոզչությունն աշխատում է հատկապես պատերազմ, կորուստ, տեղահանություն և անորոշություն վերապրած հասարակություններում։ Հայաստանում վերջին տարիների պատերազմները, բռնի տեղահանումը, անվտանգության մշտական ճգնաժամը հանրային գիտակցության մեջ ստեղծել են տևական տրավմատիկ ֆոն։ Այդ պայմաններում քաղաքական ուժերը շատ հեշտ են ակտիվացնում հավաքական տագնապը։ Իրականում, նրանք հաճախ չեն առաջարկում անվտանգության լուծումներ, այլ խաղում են մարդկանց վախերի վրա։
Այսպիսի քարոզչության գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն քաղաքացուն չի դիմում որպես ինքնուրույն մտածող սուբյեկտի։ Քաղաքացին դիտարկվում է որպես վախեցած մարդ, ում պետք է մոբիլիզացնել վտանգի պատկերներով։ Այդ պատճառով քաղաքական լեզուն դառնում է աղետային՝ լուծելով ընտրության քվե ստանալու կարճաժամկետ ծրագիրը։
Բայց երկարաժամկետ կտրվածքով հետևանքներն ավելի վտանգավոր և խորն են, քան մեկ ընտրության արդյունքը։ Նախ՝ հասարակությունը սովորում է ապրել մշտական վախի ռեժիմում։ Մարդիկ սկսում են քաղաքականությունն ընկալել ոչ թե որպես հանրային կառավարման համակարգ, այլ որպես մշտական հակամարտություն, ինչը նաև շարունակվելու է խորհրդարանական միջավայրում։ Սա հանգեցնելու է քրոնիկ անհանգստության, հոգնածության և հանրային ագրեսիայի աճի։ Այդպիսի հասարակություններում ընտրություններից հետո բևեռացումը չի նվազում, որովհետև ընտրությունը կատարվել է ոչ թե ընդհանուր ապագայի շուրջ, այլ փոխադարձ սարսափների միջավայրում։
Հաջորդ վտանգավոր զարգացումն այն է, որ վախի պայմաններում ընտրված իշխանությունը հաճախ ստանում է «արտակարգ իրավիճակի լեգիտիմություն»։ Երբ հասարակությանը համոզում են, որ երկիրը մշտապես վտանգի մեջ է, ավելի հեշտ է արդարացնել կոշտ ուժը, սահմանափակումները, ճնշումները, ընդդիմախոսների դեմոնիզացումը։ Անվտանգության անվան տակ ժողովրդավարությունը աստիճանաբար նահանջում է։
Վախի քարոզչության ամենավտանգավոր հետևանքներից մեկն այն է, որ այն աստիճանաբար նորմալացնում է հանրային տրավման։ Երբ պատերազմի, կորստի, մահվան և ոչնչացման պատկերները անընդհատ օգտագործվում են քաղաքական նպատակներով, հասարակությունը սկսում է ապրել մշտական հոգեբանական մոբիլիզացիայի պայմաններում։ Իսկ երկարաժամկետ մոբիլիզացիան հյուծում է հասարակություններին՝ ստեղծելով հուսահատություն, ագրեսիա և ապագայի նկատմամբ անվստահություն։
Ժողովրդավարական ընտրությունը ենթադրում է, որ քաղաքացին որոշում է կայացնում ազատ կամքի, տեղեկատվության և բանական քննարկման հիման վրա։ Բայց երբ ընտրության գլխավոր շարժիչը վախն է, քաղաքացին հաճախ քվեարկում է ոչ թե հանուն ինչ-որ բանի, այլ՝ ինչ-որ բանից փրկվելու համար։ Եվ այդ պահին քաղաքականությունը դադարում է ապագա կառուցելու տարածք լինելուց ու վերածվում է հավաքական տագնապի կառավարման մեխանիզմի։
Զարուհի Հովհաննիսյան
MediaLab.am















