Ուջանի կինոփառատոնին տեղի կունենա հայ-իրանական «Ուջանյան պատմություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան

Օգոստոսի 22-ին՝ «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի բացման արարողության ավարտին, տեղի կունենա «Ուջանյան պատմություն» կինոնկարի համաշխարհային պրեմիերան։ Սա հայ-իրանական համատեղ արտադրության ֆիլմ է, որի հեղինակն է «Ծիրանի ծառ»-2017-ի շրջանակում Գլխավոր մրցանակին արժանացած իրանցի ռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրը։

Փառատոնի շրջանակում բոլոր մասնակիցներն ապրում են հյուրընկալ ուջանցիների տներում։ Մեհրը, սիրահարվելով Ուջանի մթնոլորտին և իրեն հյուրընկալած Մանվելյանների ընտանիքին, 2019 թվականին վերադարձել է Ուջան և փառատոնի նախաձեռնող «Ֆիլմադարան» ՀԿ-ի աջակցությամբ լիամետրաժ ֆիլմ ստեղծել իր տանտերերի և Ուջանի մասին։ 

Այս ֆիլմը «Ծիրանի ծառ» կինոփառատոնի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է, քանի որ փառատոնի նպատակը ոչ միայն վավերագրական կինոյի լավագույն նմուշները Հայաստանում ցուցադրելն է, այլև միջազգային մշակութային շփմանը նպաստելը և հայ մշակույթն արտասահմանցի ստեղծագործ անձանց հասանելի դարձնելը։ Ապրելով ուջանցիների տներում՝ արտասահմանցի մասնակիցները հնարավորություն են ստանում մոտիկից, առանց զբոսաշրջային շղարշների և անմիջականորեն ծանոթանալու հայ մարդու առօրյային և հայ մշակույթին։ 

Անցյալ տարիների փառատոների մի շարք մասնակիցներ արդեն իսկ ցանկություն են հայտնել Հայաստանում ֆիլմ անելու մասին, և Մեհրի ֆիլմն առաջին այդպիսի օրինակն է, որը օգոստոսի 22-ի պրեմիերայից հետո կցուցադրվի աշխարհի տարբեր կինոփառատոներում։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։