Պատերազմի վտանգի մասին վարչապետի հայտարարությունը կարող է մանիպուլյացիոն լինել՝ խաղաղության օրակարգը առաջ տանելու համար. Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարող է, որ պատերազմի վտանգ միշտ էլ կարող է լինել: Բայց նաև ընդգծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի վտանգի գոյության մասին հայտարարությունները կարող են մանիպուլյացիոն լինել՝ խաղաղության օրակարգն առաջ տանելու համար:

«Այն, որ պատերազմի վտանգ մշտապես կա, այն, որ իրավիճակը բավականին բարդ է և Հայաստանի, և Արցախի համար, միանշանակ, այդպես է: Բայց ես կարծում եմ, որ վարչապետի խոսքերը պատերազմի վտանգի մասին կարող են մանիպուլյացիոն լինել, որպեսզի խաղաղության օրակարգը առաջ տանեն: Այս իշխանությունները փոխանակ ամրապնդեն մեր դիրքերը, Քարագլուխի բարձրավանդակը, մտածում են խաղաղության օրակարգի, հայելային հետքաշման մասին», -լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սեյրան Օհանյանը: