Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Թավադյանին ազատ արձակելու որոշման դեմ

Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը մերժելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020 թվականի մարտի 11-ի որոշման դեմ։

«Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Դատախազությունը, ուսումնասիրելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020թ. փետրվարի 19-ի որոշումը բեկանելու պաշտպանության կողմի միջնորդությունը բավարարելու և քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Արմեն Թավադյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը մերժելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020 թվականի մարտի 11-ի որոշումը, դրա վճռաբեկ բողոք է ներկայացրել:

Հիմք է ընդունվել նախ՝ վիճարկվող դատական ակտը  բացարկման ենթակա դատարանի կողմից կայացված լինելու հանգամանքը, ինչպես նաև այն, որ կայացված որոշումը որևէ կերպ պատճառաբանված չէ, անհիմն է և անօրինական: Մասնավորապես՝ չի բերվել որևէ պատճառաբանություն, թե ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան իրավական դիրքորոշմամբ արտահայտված՝ կազմակերպված խմբին բնորոշ հիմնական առանձնահատկություններից որի կամ որոնց վերաբերյալ է ապացույցը բացակայում: Հիմնավոր կասկածի գնահատման առումով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիրքորոշումը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածին, ինչպես նաև դրա վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ-ի՝ մի քանի գործերով արտահայտված իրավական դիրքորոշումներին»,- ասաց Խաչատրյանը։

Դատախազությունը պնդում է, որ առկա են Արմեն Թավադյանին կալանքի տակ պահելու հիմքերը՝ մասնավորապես կապված ազատության մեջ մնալու պայմաններում նրա կողմից գործի քննությանը՝ քրեական դատավարության մասնակցող անձանց, այդ թվում նաև մյուս մեղադրյալի վրա անօրինական ազդեցություն գործադրելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով խոչընդոտելու, վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու բարձր հավանականության հետ:

 Մարտի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարել էր  «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։

2020 թվականի փետրվարի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը։ Պաշտպանները դատարանի այս որոշման դեմ բողոք են ներկայացրել, ինչը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին: