«Իշխանություններն էլ ուրախ չեն ստեղծած այս իրավիճակից». ըստ քաղաքագետի` «արհեստական վիճակը խիստ վտանգավոր» է

«Իշխանություններն էլ ուրախ չեն ստեղծած այս իրավիճակից». ըստ քաղաքագետի` «արհեստական վիճակը խիստ վտանգավոր» է
«Իշխանություններն էլ ուրախ չեն ստեղծած այս իրավիճակից». ըստ քաղաքագետի` «արհեստական վիճակը խիստ վտանգավոր» է

Թեև 2008-ի վիճահարույց նախագահական ընտրություններից հետո միջազգային կառույցները բազմիցս նշել են թափանցիկ և ժողովրդավարական, ինչպես նաև մրցակցային պայմաններում ընտրությունների անհրաժեշտության մասին, այնուամենայնիվ քաղաքական վերլուծաբանները ստեղծված իրավիճակում թերահավատ են, թե հնարավոր կլինի նման պայմաններ ստեղծել:
«Խիստ կասկածի տակ է դրված ընտրությունների լինել-չլինելու հարցը»,-«Մեդիալաբին» ասում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել 15 թեկնածուներ, սակայն այսօր ԿԸՀ-ում կայացած արտահերթ նիստում համապատասխան փաստաթղթերի, ինչպես նաև 8 միլիոն դրամի ընտրագրավի պայմանի դեպքում գրանցվել են ընդամենը 8 թեկնածու:

Թեկնածուներն են` գործող նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:

Եթե ճիշտ հինգ տարի առաջ` 2008 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին Հայաստանը պայթում էր ընդդիմության պայքարի կոչերից, իսկ ընդդիմության գլխին կանգնած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրների բանակը հազարներով ավելանում էր, ապա փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից հաշված օրեր առաջ գործող նախագահ Սերժ Սարգսյանը մեծ հաշվով մնացել է առանց մրցակցի:

Դեկտեմբերի առաջին կեսին ՀՀԿ թեկնածու գործող նախագահ Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցներ համարվող ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես նաև երկրի երկրորդ ամենախոշոր` ԲՀԿ կուսակցությունն ի դեմս օլիգարխ Գագիկ Ծառուկյանի հայտարարեցին, որ ոչ միայն առանձին թեկնածուով չեն մասնակցելու նախագահական ընտրություններին, այլև չեն սատարելու որևէ մեկին:

«Ինչո՞ւ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և մյուս ուժերը չեն մասնակցում ընտրություններին, որովհետև գույություն չունեն ընտրություններ: Համընդհանուր գիտակցություն է ձևավորվել, և շատ քաղաքական գործիչներ էլ դա քննարկում են, որ չկա ընտրական պրոցես»,- համոզված է Մանվել Սարգսյանը:

Նա նշում է, որ եթե նախկին ընտրություններում էլ խոսվում էր ընտրությունները կեղծելու, անարդար անցկացնելու մասին, միևնույն է, «կոչ էր արվում պայքարի, և բոլորն էլ մասնակցում էին, փորձում իրենց ուժերը՝ մինչև վերջ պայքարելով»:

Հայաստանում թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների ակնկալիքների մասին օրեր առաջ խոսել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը ղեկավար Հայդի Թալիավինին.

«Ընտրական գործընթացները դիտարկելիս մենք անշուշտ միշտ հույս ունենք, որ այդ ընտրությունները գերազանցելու են մեր սպասելիքները և լավագույնն են լինելու, բայց ընտրությունները միմյանց հետ չենք համեմատում»:

«Մենք սպասում ենք նախագահական ընտրություններին և հուսով ենք, որ դրանք կլինեն թափանցիկ և արդար: Ակնկալում ենք, որ այդ ընտրությունների ժամանակ կապահովվի ամուր և արդար մրցակցությունը»,- ըստ «Արմենպրեսի»` նոյեմբերի 1-ին Գյումրի կատարած այցի ընթացքում ասել էր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը:

Մինչդեռ ստեղծված իրավիճակն «արտասովոր» որակող քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանն առանձնապես մեծ հույսեր չունի:

«Սա անսովոր է, և քննարկումներ են գնում , որպեսզի հասարակությունն էլ գիտակցի այս նոր իրավիճակը: Իշխանությունները իրենց բնույթը, գործողությունների ձևը չեն փոխել: Նույն ալգորիթմի մեջ են: Ասում են մի բան, անում` ուրիշ բան»,- ասում է Սարգսյանը:

Նա կարծում է, որ իշխանությունները, օգտագործելով վարչական ռեսուրսը, մեկուսացնում և մեկուսացրել են մյուս ուժերին:

«Իշխանություններն էլ ուրախ չեն իրենք իրենց համար ստեղծած այս իրավիճակից, բայց փորձում են ցույց տալ, թե ամեն ինչ լավ է: Սա հանգեցրել է կուսակցական համակարգի կոլապսի, քաղաքական համակարգի խորքային ճգնաժամի: Իսկ քաղաքական վակուումները, որն իշխանությունը արհեստական ստեղծում է, խիստ վտանգավոր են և ծանր հետևանքներ են ունենում կամ միանգամից պայթում, ինչպես եղավ մարտի 1-ի ժամանակ»,- ասում է Մանվել Սարգսյանը:

© Medialab.am