Ադրբեջանական կողմին ենք փոխանցել սահմանների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ. ՀՀ վարչապետ

Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ ու սպասում է ինչպես դրա, այնպես էլ խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկների արձագանքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

«Խաղաղության պայմանագրի մեր տարբերակը փոխանցվել է: Բայց արձագանք, որպես այդպիսին, դեռ չունենք: Երբ մենք էլ ստանում ենք նմանատիպ փաստաթուղթ, դրա արձագանքի ձևավորումը տևում է որոշակի ժամանակ: Եվ ենթադրվում է, որ որոշակի ժամանակ հետո ինչ-որ արձագանք կլինի»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ այս ընթացքում տեղի է ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի երեք շրջափուլ: Այսինքն՝ ադրբեջանական կողմն է տվել, Հայաստանն է արձագանքել, և այդպես 3 անգամ:

«Անկախ առերես հանդիպումներից ՝ փաստաթղթային աշխատանքներ են իրականացվում: Եվ այդ աշխատանքները միշտ չէ, որ պահանջում են առերես հանդիպում: Վերջերս, օրինակ, մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել սահմանների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ: Եվ նաև դրա արձագանքին ենք սպասում»,-ասաց վարչապետը:

Իսկ այն առաջարկները, որոնք հայկական կողմն արել է նախկինում՝ կոմունիկացիաների բացման, սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ, շարունակում են մնալ ուժի մեջ: