Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ․ դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մայիսի 19-ին դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, դատական նիստին ներկա չէր Քոչարյանը։

Իզմիրլյան բժշկական կենտրոնից դատարանը տեղեկանք է ստացել, որում նշված  է, որ Քոչարյանը գտվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ մայիսի 19-ի դատական նիստին։

«Հաշվի առնելով, որ ամբաստանյալի բացակայությամբ գործի քննությունը չի կարող շարունակվել, մայիսի 19-ի դատական նիստը հետաձգվում է»,- ասաց Դանիբեկյանը։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 26-ին ժամը 13։00-ին։

Մայիսի 13-ին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու մասին պատշպանների միջնորդությունները։

Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Երկրորդ նախագահը ապրիլի 28-ին տեղափոխվել էր Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար։ Նա մայիսի 12-ին վիրահատվել էր։