«Ծնունդի օրը զանգեց, ասեց՝ երեխեքին լավ կնայես, դրանից հետո անհասանելի ա եղել»․ Վալենտինայի դիպուկահար ամուսինը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից

«Իմ կյանքը կանգ առավ»,- ասում է երկու անչափահաս երեխաների մայր Վալենտինա Գաբրիելյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է ամուսնուն՝ 30-ամյա Լեռնիկ Գաբրիելյանին։

Լեռնիկ Գաբրիելյանը դիպուկահար էր, ծառայել է Իվանյանի տանկային զորամասում։ Պատերազմի առաջին իսկ օրից առաջնագծում է եղել, մասնակցել Մարտունիում ընթացող թեժ մարտերին։ Կինը պատմում է, որ ամուսնու հետ խոսել է հոկտեմբերի 20-ին՝ նրա ծննդյան օրը, որից մի քանի օր անց ողբերգական դեպքը պատահել է։

«Ծնունդի օրը զանգեց, ես կորոնավիրուսով հիվանդ էի, ջերմության մեջ՝ ահավոր պառկած, խոսեցինք: Երեխեքի հետ խոսաց, ասեց՝ երեխեքին լավ կնայես: Դրանից հետո էլի մի անգամ զանգեց, ասեց՝ ուրիշ պոստ ենք տեղափոխվում, դրանից հետո ինչքան զանգել եմ, անհասանելի ա եղել»,- ասում է 32-ամյա կինը։

Լեռնիկ Գաբրիելյանը՝ ծննդյան օրը

Վալենտինան պատմում է, որ ամուսնու մասին լուր չլինելուց հետո եղբայրն ու եղբոր ընկերը սկսում են փնտրել նրան։ Այդ օրը չեն գտնում, քանի որ թեժ մարտերի պատճառով հնարավոր չէր փնտրել։ Վալենտինան ինքն էլ է ամուսնու ընկերներին զանգել, հարցուփորձ արել ամուսնուց, բոլորը հավատացրել են, որ Լեռնիկը շուտով կզանգի․ 

«Բայց զանգ չէր գալիս։ Մենակ էն եմ լսում, որ մեծ քույրս ախպորս ասում ա ՝ գոնե մի բան գտնենք, գոնե մի մասունք, որ շիրիմ լինի իրան։ էդ ժամանակ մտածում էի՝ գուցե վիրավորվել ա, ձեռը չկա, դրա համար են էդպես ասում, բայց ես ասում եմ՝ ոչինչ, կբերենք, կպահեմ, կլավացնեմ,- ասում է Վալենտինան ու կսկիծով հավելում․- պարզվում ա՝ ոչ թե ձեռը չկա, այլ ձեռ են գտել։ Քանդել են, պատառներ են եղել, մեկ էլ հեռախոսն ու մատանին»։

Լեռնիկ Գաբրիելյանը զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից, կինն ասում է, որ ԱԹՍ հարվածից զինակից 5 ընկերներից 3-ը վիրավորվել են, 2-ը՝ մահացել։ «Մարտափոխության ժամանակ են խփել, ամուսինս դիպուկահար էր, էդ սնարյադները կրում էին, պիտի տանեին, պատրաստեին, որ խփեին, էդ պատրաստության ժամանակ ԱԹՍ-ն իրենց օդից նկարել է ու խփել»,- ցավով ասում է Վալենտինան։

Կինն ասում է, որ դեպքից հետո իր կյանքը ոչ թե փոխվել է, այլ պարզապես կանգ առել։ Նշում է՝ ամուսինը իր համար և՛ ընկեր էր, և՛ եղբայր, և՛ հայր։

«Շատ լավ ամուսին էր, ինքը փոքր է եղել, որ իր ծնողները հիվանդության պատճառով մահացել էին, ինքը որ մանկություն չէր տեսել, ուզում էր՝ ինչ ինքը չի տեսել, երեխեքը տեսնեն։ Նենց էր անում, որ սաղ հասցներ, նենց բան չկար, որ չառներ երեխեքին՝ ամենաթանկը, ամենալավը»,- ասում է Վալենտինան։

Լեռնիկ Գաբրիելյանի քույրը՝ 34-ամյա Մարինա Գաբրիելյանը, որ ծնողների մահից հետո ուներ մեկ հենարան՝ եղբորը, այժմ մեծ ցավ ու անսահման կարոտ է զգում։

«Ես սպասումով եմ ապրում։ Ես չեմ կարողանում անցյալ ժամանակով խոսել իր մասին, ամեն օր զգում եմ իր ներկայությունը՝ երազում, քայլելիս։ Աշխատանքի ժամանակ հիշում եմ, որ գալիս էր, իր համազգեստով ավտոբուսից իջնում էր, մինչև ինձ չէր տեսնում, չէր գնում։ Առանց իրա ոչ մի բան չէինք որոշում, միշտ միասին, խորհրդակցելով, շատ կապված էինք։ Ինքը ամեն ինչ էր ինձ համար՝ մայր, հայր, քույր, եղբայր»,- հուզվում է քույրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am