«Ասեց՝ եթե մի օր չզանգեմ, ուրեմն իմացեք, որ չկամ, ու ինձ էստեղ չթողնեք»․ քույրն ասում է՝ եղբայրը նույն օրն էլ զոհվել է

29-ամյա Նարինե Սարգսյանը հուզմունքով է հիշում պատերազմից մեկ շաբաթ առաջ եղբոր հետ վերջին հանդիպումը։ Քույրն ասում է՝ եղբայրն անակնկալ էր մատուցել և բանակից տուն եկել։

«Գիշերվա ժամը 3-ին անսպասելի տուն եկավ, մեզ համար շատ անակնկալ էր։ Կարանտին էր, մենք չէինք հանդիպել, շատ ուրախացանք, որ տեսանք։ Էդ վերջին հանդիպումն էր, որ տեսա  իրան, հետո պատերազմը սկսվեց․․․»- հուզմունքով պատմում է քույրը։

Նարինեի եղբայրը՝ 20-ամյա Ժորա Սարգսյանը, ժամկետային զինծառայող էր Հադրութում, երբ պատերազմը սկսվել է։ Ժորան կռվել է Հադրութում, պատերազմի ժամանակ արդեն ավագ սերժանտ էր։ 

Հոկտեմբերի 23-ին Ժորան կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ, քույրը հիշում է եղբոր վերջին զանգի խոսքը․ «Ասեց՝ եթե մի օր չզանգեմ, ուրեմն իմացեք, որ չկամ, ու ինձ էստեղ չթողնեք»։

Նույն օրն էլ զոհվել է։ Քույրը պատմում է եղբոր մարտական ընկերների հայտնած տեղեկությունը․

«Նույն պոստում, որտեղ պայքար է մղել, տեխնիկա ա եղել, որի անձնակազմը զոհվել ա, Ժորան իր ենթակայությամբ զինվորներ ա ունեցել, որպեսզի նրանց փրկի, գնացել ա էդ զենքի վրա, որից գաղափար չուներ։ Թշնամին թիրախավորել ա, հաջորդ օրը առավոտյան մի սնարյադով փորձել ա ոչնչացնի տեխնիկան, էդ ժամանակ էլ դեպքը տեղի ա ունեցել»։

Սարգսյանները դեպքի մասին իմացել են 2 օր հետո։ 

«Երբ 23-ին չզանգեց, հասկացանք՝ ամեն ինչ լուրջ ա։ Քանի որ ոչ մեկը չէր կարողանում ճշմարտությունն ասել, էդպես սպասելով ամսի 25-ին երեկոյան ասեցին, որ 5 օր ա՝ ծանր վիրավոր ա, բայց մենք հասկացանք, որ զոհվել ա»,- ասում է Նարինեն։

Քույրը հուզմունքով ասում է՝ այդ օրվանից իրենց կյանքը շրջվել է, ամեն ինչ փոխվել։

«Մեր կյանքը կանգնեց։ Ամեն ինչում մեզ կիսատ ենք զգում, բառեր չկան էդ ամեն ինչը նկարագրելու համար։ 20 տարի ապրես ուժեղ երիտասարդի հետ ու մի օր արթնանաս ու իմանաս՝ ինքը չկա, անգամ վերջին հնարավորություն չունենաս իրան տեսնելու»,- արցունքների միջից ասում է քույրը։

Նարինեի խոսքով՝ քույր ու եղբայր շատ կապված են եղել, երբ Ժորան կար, նա իրեն շատ ապահով ու երջանիկ էր զգում․ «Մեր միջև 7 տարվա տարբերություն ա եղել, ես եմ իրան պահել, 7 տարվա տարբերություն էր, բայց մի հայացքից իրար հասկանում էինք, շատ ջերմ հարաբերությունների մեջ էինք։ Ես հպարտ էի, որ ինքը կար, էնքան ապահով էի ինձ զգում, պաշտպանված»,- ասում է Նարինեն

Ժորան բարի էր, համեստ, լուրջ, խիզախ, հայրենասեր՝ պատմում է քույրը։

«Պատերազմի ժամանակ ասում էի՝ բոլորը փախնում են, դու էլ արի, ասում էր՝ բա որ ես փախնեմ, դո՞ւ պետք ա ստեղ գաս կանգնես, ձեր համար եմ կանգնում, հո դուք չե՞ք գալու ստեղ կանգնեք։ Ինքն իր մասին չէր մտածում, պատերազմի ժամանակ էլ իր կյանքը զոհեց, որ փրկեր իր զինվորներին։

Էնքան հայրենասեր էր, որ մտածում էր՝ մեր հողերը պիտի հետ բերենք, մենք արմատներով սասունցի ենք, ինքը մտածում էր, որ Արցախը պիտի պահենք ու, բացի դրանից, մեր մնացած պապական հողերն էլ հետ բերենք»։

Ժորան սիրել է ֆուտբոլ, դպրոցական տարիներին դասերին զուգահեռ ֆուտբոլով է պարապել և որոշել էր բանակից վերադառնալուց հետո այդ ուղղությամբ շարունակել։ 

«Շատ էր սիրում ֆուտբոլ խաղալ, իր ապագան ֆուտբոլի մեջ էր տեսնում, բայց չարաբաստիկ պատերազմը ամեն ինչ կիսատ թողեց․․․»- ասում է ու կրկին հուզվում քույրը։

Ժորա Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am