Ընտրակաշառքով ժողովրդի կամքի վրա ազդեցություն գործողները հայտնվելու են ճաղերի հետևում. Նիկոլ Փաշինյան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ճամբարակ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը նշեց, որ նախընտրական պրոցեսն ուղեկցվում է ընտրակաշառք տվողների ձերբակալություններով:

«Այդ ձերբակալությունները շարունակվելու են: Նրանք, ովքեր ընտրակաշառքով ժողովրդի կամքի վրա ազդեցություն են փորձում գործել, հայտնվելու են ճաղերի հետևում: Նրանք, որոնք փորձելու են ժողովրդի կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություն ունենալ, չեն մնալու իրենց տեղում՝ պաշտոններում: Ես կոչ եմ անում հունիսի 20-ին գնալ ընտրական տեղամաս և մեզ տրված թավշե մանդատը փոխարինել պողպատե մանդատով, որպեսզի ձեր անունից հաստատենք օրենքի և իրավունքի դիկտատուրա՝ ապահովելով բոլոր քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում դարձել է գործոն: Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացուն այլևս որևէ մեկը չի կարող պարտադրել որևէ ընտրություն: Հայաստանի քաղաքացին ազատ կամքով կատարելու է իր ընտրությունը:

Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: