Մենք որևէ մեկին կախարդական փայտիկ չենք խոստանում, հայ գյուղացուն չենք խոստանում, որ գանք իշխանության, ձեր կովերի կաթնատվությունը կբարձրանա. Իշխան Սաղաթելյան

Այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած ասուլիսում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դիմադրության շարժման ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ գործող իշխանությունները խաբել են հանրությանը բոլոր ոլորտներում: Նաև ընդգծեց, որ իրենք այդպես չեն վարվի:

«Ես մի անգամ ասել եմ. այն բոլոր խոստումները, որ այս իշխանությունները հանրությանը տվել են 2018 թվականին ու չեն իրականացրել, մենք նաև այդ խոստումներն ենք իրականացնելու: Այո, հայ մարդը Հայաստանում պետք է ապրի բարեկեցիկ, պետք է ապրի արժանապատիվ, Հայաստանում պետք է լինեն ներդրումներ և դրա հնարավորությունները կան: Առաջին խնդիրը, որ պետք է լուծենք, ատելության, պառակտվածության, թշնամանքի մթնոլորտի վերացումն է: Պետք է համախմբենք ողջ հայ ժողովրդի ներուժը: Լուծումները հեշտ չեն լինելու:

Մենք որևէ մեկին կախարդական փայտիկ չենք խոստանում, ինչպես իրենք էին խոստանում, մենք հայ գյուղացուն չենք խոստանում, որ մենք գանք իշխանության ձեր կովերի կաթնատվությունը կբարձրանա, ոնց իրենք էին խոստանում: Բայց մենք հայ գյուղացուն ասելու ենք, որ քո կողքը կանգնելու ենք», -հայտարարել է Սաղաթելյանը:

Նրա խոսքով, մարդը միայնակ է մնացել իր խնդիրներով, պետությունը քաղաքացու կողքին չէ: