Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, Բերդ-Ճամբարակ, Վանաձոր-Դիլիջան, (վատ տեսանելիության պատճառով), Սարավան-«Զանգեր», Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», Արարատի մարզի Լանջառ-Լուսաշող, Շիրակի մարզի Մեծ Սարիար-Կրաշեն-Լեռնուտ-Ջաջուռավան, Արթիկ-Նահապետավան, Արթիկ-Անուշավան, Արթիկ-Գեղանի, Ամասիայի և Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի և Գեղաքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանների միջհամայնքային, Թորոսգյուղ գյուղից դեպի Ամասիա, Ցողամարգ գյուղից դեպի Բավրա տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններից
դեպի Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի (անվաշղթաների կիրառման դեպքում):
Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Աշոցքի, Արթիկի, Մարալիկի և Ամասիայի տարածաշրջաններում, Ջաջուռ-Քեթի, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկ-Գնդեվազ, Հովունի-Ջաջուռ-Կապս-Քեթի ավտոճանապարհներին բուք է, իսկ Վայոց ձոր մարզի լեռնային գոտիներում՝ ձնաբուք:
Լոռու, Սյունիքի, Տավուշի, Արարատի մարզերում, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։