ՄԱԿ-ն առաջարկում է հարգել երեխաների իրավունքները եւ վերացնել «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր դասավանդումը

ՄԱԿ-ն առաջարկում է հարգել երեխաների իրավունքները եւ վերացնել «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր դասավանդումը
ՄԱԿ-ն առաջարկում է հարգել երեխաների իրավունքները եւ վերացնել «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր դասավանդումը

ՄԱԿ-ի երեխաների իրավունքների հանձնաժողովն առաջարկում է վերանայել դպրոցների ուսումնական ծրագիրը՝ դրանում արտացոլելով բոլոր երեխաների կրոնի ազատությունը: Խոսքը մասնավորապետ գնում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի մասին: Այս մասին հաղորդվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ: Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) երեխայի իրավունքների հանձնաժողովի՝ ՀՀ երրորդ և չորրորդ համատեղ պարբերական զեկույցի վերաբերյալ ամփոփիչ դիտարկումներում ներառված է առաջարկություն՝ «վերանայել դպրոցների ուսումնական ծրագիրը՝ դրանում արտացոլելով բոլոր երեխաների կրոնի ազատությունը և վերացնելով «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր դասավանդումը» [ոչ պաշտոնական թարգմանություն]: Հանձնաժողովի ամփոփիչ դիտարկումները հաստատվել են 2013 թվականի հունիսի 14-ին գումարված՝ 1815-րդ նիստում և սույն դրույթը վերաբերում է այն մտահոգիչ հանգամանքին, որ երկրում առավել տարածված կրոնի ուսուցումը պարտադիր առարկա է դպրոցների ուսումնական ծրագրերում:
 
«2013թ. այս դիտարկումը վերաբերում է առարկայի դասավանդման պարտադիր պայմանին և կրոնական փոքրամասնություններին պատկանող երեխաների (օրինակ՝ եզդի, մոլոկան երեխաների կամ ավետարանական եկեղեցուն դավանող փոքրամասնությունների երեխաների) իրավունքների հանդեպ հարգանքին, այլ ոչ թե հայ եկեղեցու պատմությանը որպես խնդրո առարկա: Ըստ ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոնվենցիայի 14-րդ հոդվածի, անդամ պետությունը պետք է հարգի երեխայի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը: Հայաստանը հաստատել է կոնվենցիան 1993 թվականին»,-նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Արենսը:
 
Հանձնաժողովն այս դիտարկումները մշակում է՝ հիմնվելով անդամ պետության կառավարության և հասարակական կազմակերպությունների ներկայացրած տարեկան զեկույցների վրա՝ նպատակ ունենալով աջակցել անդամ պետություններին հարգել ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոնվենցիայի դրույթները: Անդամ պետություններն իրենց հաջորդ զեկույցում պետք է ընդգրկեն համախատասխան տեղեկատվություն, թե ինչպիսի հետևողական քայլեր են արվել մտահոգության տեղիք տվող հիմնական ոլորտների բարելավման և առաջարկությունների կատարման ուղղությամբ, կամ թե ինչ նկատառումներով դրանք չեն իրագործվել:

Կրոնի ազատությանը վերաբերող նմանատիպ մեջբերում նաև արվել է Հանձնաժողովի՝ դեռ 2004 թվականի հունվարի 30-ին ընդունած ամփոփիչ դիտարկումներում, ըստ որի ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոնվենցիայի 14-րդ հոդվածի լույսի ներքո Հանձնաժողովը հանձնարարում է անդամ երկրին, որ այդ «առարկայի պարտադիր ուսուցումը դպրոցներում չոտնահարի կրոնական փոքրամասնություններին պատկանող երեխաների իրավունքները»»:

###

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը խթանում է յուրաքանչյուր երեխայի իրավունքներն ու բարեկեցությունը: Մեր գործընկերների հետ միասին մենք աշխատում ենք 190 երկրներում և տարածքներում՝ ստանձնած պարտավորությունները գործնական քայլերի վերածելու համար և առավել խոցելի ու մեկուսացված երեխաներին աջակցելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով նպաստել բոլոր երեխաների բարեկեցությանը:

© Medialab.am