«Նախկիններն փողը դուրս էին գրում և փողի մեծ մասը մտցնում էին իրենց համապատասխան տեղերը, հիմա ծախսում են տոների վրա». Սերգեյ Դանիելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ)

– Պարո՛ն Դանիելյան, այս տարի Ամանորի տոների համար Երևանում ծախսվելու է մոտ 700 հազար դոլար, որը հատկացվել է Երևանի և պետական բյուջեներից։ Քննադատություններ կան, որ բազմաթիվ չլուծված խնդիրների պայմաններում նման ծախս անելն արդարացված չէ։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ։

– Ես միշտ լավ եմ վերաբերվում տոներին։ Նախկինում ընդդիմությունն էլի նույն ծախսերն էր մատնանշում, ասում, որ քաղաքում ուրիշ խնդիրներ կան, իսկ քաղաքապետարանը քեֆ է անում հարկատուների հաշվին։ Շատ հաճախ ասում են՝ ինչո՞ւ եք նախկինների հետ համեմատում, ես ասեմ, որ ճշմարտությունը միշտ համեմատության մեջ է ի հայտ գալիս։

Նախկիններն այդ փողը դուրս էին գրում և այդ փողի մեծ մասը մտցնում էին իրենց համապատասխան տեղերը՝ ես գրպանը նկատի ունեմ։ Իսկ այս իշխանությունը դուրս է գրում և ծախսում է տոների վրա։ Եթե ինչ-որ հետաքննող լրագրող պարզի, որ դուրս է գրվել N գումար, և այդ գումարի մի մասով քաղաքապետն իր համար տուն է սարքել կամ եսիմ ինչ է արել, ինչպես անում էին նախկինում, բնականաբար, այս աղմուկն արդարացի կլիներ։

– Այնպես չէ, որ այսօր ամեն ինչ թափանցիկ է, օրինակ՝ ընկերություններից մեկին՝ «Ֆակտորի փրոդաքշնին», արդեն երկրորդ անգամ առանց մրցույթ հայտարարելու ծառայություններ մատուցելու թույլտվություն է տրվել։ Այդ մասին մամուլի հրապարակումներ են եղել։

– Դե պետք է հարցնել Հայկ Մարությանին՝ արդյոք կայի՞ն մի երեք ընկերություն, որ պետք է այդ գործը կատարեին, բայց տվել են հենց այս մեկին։ Եթե մրցույթ չի անցկացվել և այդ մեկ ընկերությանն է տրվել, իհարկե վատ է։ Բայց դա հարկատուների գրպանին չի կպնում, հարկատուների համար ի՞նչ տարբերություն՝ այդ գումարն ա՞յս ընկերությունն աշխատեց, թե՞ այն։ Դա իրենց ներքին կոռուպցիան է, եթե, իհարկե, այդ երևույթը կա։

Պետք է թացը չորից տարբերակել։ Երբ մեզ ասում են՝ նախկինների հետ մի՛ համեմատեք, դա շատ սխալ մոտեցում է, պետք է համեմատել, միշտ պետք է հիշել, թե ոնց է եղել առաջ և ոնց է հիմա։ Իսկ համեմատությունները պետք են ամեն վայրկյան և բոլոր հարցերում, որպեսզի չնմանվեն նախկին իշխանություններին։ Այնտեղ, որտեղ նմանվում են, ես անպարկեշտ հայտարարություններով իմ բերանը բացում եմ։ Իսկ որտեղ նման չեն, թող աշխատեն, ի՞նչ է եղել, ի վերջո մեր տոնն է։

– Դուք ինչ եք կարծում՝ պե՞տք է արդյոք ճոխ նշել Ամանորը։

– Գիտեք՝ ես երբեք չեմ կարողանում հասկանալ՝ ինչն է ճոխ, ինչը՝ ոչ ճոխ։ Էլի գնում ենք համեմատությունների դաշտ։ Եթե համեմատում ենք Լոնդոնի հետ, դա ճոխ չէ, իսկ եթե համեմատում ենք կողքի Ադրբեջանի կամ Վրաստանի հետ, միգուցե ճոխ է։ Ի՞նչ ասել է ճոխ, մեկը սեղանին բուդ է դնում, մյուսը՝ հնդուշկա, մեկն էլ չի դնում։ Ամեն վայրկյան ասել՝ մեր լիֆտերը չեն աշխատում, եկեք Նոր տարի չանենք, դա նույնն է, որ ասենք՝ ես կոշիկ չունեմ, եկեք երեխային պոնչիկ չգնենք։

Միշտ պրոբլեմներ կան, ծախսերի կարիք կա։ Կոնկրետ իմ դարդն ու ցավը նախկինում այն էր, որ նախկինները լափում էին, վերջ։ Հնարավոր է, որ իրենք էլ միլիոն ծախսեին, և եթե Տարոնը իր երեխեքի հետ հեծանիվով գար յոլկայի մոտ, ես նորմալ կընդունեի, բայց այդ անասունները մեռան ուտելով մեզ՝ ճոխ տներ գնեցին իրենց, ամեն ինչ լափեցին։ Այսօր ինչ քանդված է, այս իշխանությունը չի քանդել, և եթե ինչ-որ մեխ խփվում է պատին, ուրեմն հիմա է խփվում։

Ես էլ կուզեի, որ երկու-երեք մեխ խփվեր։ Գիտեմ, որ շատ հաճախ վատ են աշխատում, երբեմն ապուշ են, ոչ պրոֆեսիոնալ են, լիքը դեբիլներ կան իրենց մեջ, դա բոլորը ես ընդունում եմ։ Բայց ամեն վայրկյան չպետք է ասել՝ 2 մլն դուրս գրեցին, էն վախտ էին դուրս գրում, հիմա նույնն է։ Նույնը չի, դա պետք է մենք հասկանանք։ Իսկ տոն միշտ էլ եղել է, էդ անտեր տոնածառը տնկվել է, Էրեբունի-Երևան միշտ եղել է, մարդիկ միշտ ծնունդ, կնունք ու թաղում արել են։

– Վերջին շրջանում բուռն քննարկվեց նաև այն հարցը, որ Երևանի քաղաքապետարանը հասարակությունից թաքուն էր պահել, որ որոշ գործարարներ աղբահավաք մեքենաներ էին նվիրել համայնքին։ Այստեղ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ կասկածներ կան։ Այսինքն՝ հասարակությունը պահանջում է թափանցիկություն, բայց որոշ դեպքերում պետական մարմինները թափանցիկ չեն գործում, դա նորմա՞լ է։

– Այո՛, հանրությունը պահանջում է թափանցիկություն, և բոլոր այդ արդարացումները, թե՝ կգար տարեվերջ, կասեինք, ընդունելի չեն։ Ասեիք միանգամից, ձեզ պե՞տք էր, որ շուն էիք հաչացնում։ Ես չեմ կասկածում, ոչ ոք չի կասկածում, որ Հայկն էդ «ԿամԱԶ»-ներով կնկան մանիկյուրի է տանում։

Եթե նվեր է տրվել համայնքին, պետք է այդ մասին ասել։ Նախևառաջ դա պետք է անել, որպեսզի նախկինների բերանը փակեն ու ցույց տան իրենց տեղը։ Երկրորդ՝ դա կարևոր է թափանցիկության ապահովման ու կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար։ Եթե ծախսեր են արվում, մարդիկ պետք է իմանան այդ մասին, եթե խոսքը, իհարկե, ռազմական կամ այլ գաղտնի ծախսերի մասին չէ։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am