Այս ընտրությունները Վրաստանի ժողովրդավարության ստուգաթեստն են․ ԵՄ դեսպան

Վրաստանում Եվրամիության դեսպան Կարլ Հերցելը այսօր երկրում ընթացող ՏԻՄ ընտրությունները համարել է Վրաստանի ժողովրդավարության ստուգաթեստ՝ նշելով, որ այն պետք է համոզիչ կերպով հանձնել, հայտնում է Ալիք մեդիան։

«Այսօր ընտրությունների օր է՝ առանձնահատուկ օր ցանկացած ժողովրդավարական երկրի համար։ Բոլորը՝ պաշտոնյաները, քաղաքական գործիչները, մեկնաբանները պետք է լուռ մնան, իսկ ընտրողները կատարեն իրենց քաղաքացիական պարտքը», — ասել է եվրոպացի դիվանագետը։ 

Անդրադառնալով ներքաղաքական վերջին բուռն զարգացումներին, նա հույս է հայտնել, որ ընտրությունները կանցկացվեն թափանցիկ, անվտանգ և խաղաղ միջավայրում։ 

«Որպես Վրաստանի բարեկամ, ես հույս ունեմ, որ այսօրվանից ժողովրդավարությունը հասնելու է երկրի յուրաքանչյուր քաղաքացու»։