Արման Բաբաջանյանը խստորեն դատապարտում է դատավորի աշխատասենյակի ուղղությամբ կրակոցը

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց է արձակվել, ինչի առթիվ դատավորը դիմել է Ոստիկանությանը: Դեպքի վայր մեկնած ոստիկանները աշխատասենյակի ապակիների արանքում հայտնաբերել են կրակված գնդակ: Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:

Խստորեն դատապարտում եմ դատավորի նկատմամբ տեղի ունեցած նման անթույլատրելի ոտնձգությունը: Իրավապահ մարմինները պարտավոր են բացահայտել կատարվածը, դրա բոլոր դրդապատճառներն ու շարժառիթները և հանցագործին կամ հանցագործներին ենթարկել խստագույն պատասխանատվության:

Սա ոտնձգություն է ոչ միայն ու ոչ այնքան առանձին վերցրած դատավորի, որքան Հայաստանի դատական համակարգի, արդարադատության գաղափարի նկատմամբ ընդհնարապես: Պետությունը պարտավոր է խստագույն քրեաիրավական գնահատական տալ տեղի ունեցածին՝ ուղերձ հղելով առ այն, որ դատական համակարգն ամբողջության մեջ և դատավորները անհատապես գտնվում են պետության պաշտպանության ներքո:

Որպես Ազգային Ժողովի պատգամավոր հետամուտ եմ լինելու կատարված հանցագործության լիարժեք բացահայտմանը ու դրա հեղինակներին պատասխանատվության կանչելուն:

Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է անկախ դատական համակարգ: Սակայն դատական համակարգը չի կարող անկախ և անկաշկանդ գործել, եթե ապահովված չեն դատավորների տարրական ֆիզիկական անվտանգության պայմանները»: