Ներառական ձեռնարկներ` մանկավարժների և ծնողների համար

Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից հրապարակվել են մասնագիտական երեք ձեռնարկներ, որոնք հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով: 

«Ինչպե՞ս խթանել ներառումը դասարանում» (https://hmk.am/…/03/inchpes-xtanel-nerarumy-dasaranum.pdf) ձեռնարկում ներառական կրթության հիմնախնդիրները, մարտահրավերներն ու հաղթահարման ուղիները ներկայացվում են իրավական ակտերի, ուսուցիչների, ծնողների և կրթության մասնագետների դիտանկյունից։

Մասնագետները ձեռնարկից կարող են տեղեկանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության և զարգացման առանձնահատկությունների, ուսուցման մեթոդների, հնարների, հարմարեցումների մասին, որոնք կարող են կիրառվել հանրակրթական ուսումնական հաստատություններում։

Ներկայացվում են նաև ուսուցիչ-ծնող-մասնագետ արդյունավետ համագործակցության սկզբունքներն ու ուղղությունները, կրթական գործընթացի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները։ Երեք մասից բաղկացած ձեռնարկը նախատեսված է ուսուցիչների, կրթության մասնագետների և կրթության հարցերով հետաքրքրվող լայն շրջանակի համար: 

«Ինչպե՞ս խթանել ներառումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում» 

(https://hmk.am/…/2021/03/dzernark-mankavarjneri-hamar.pdf) մեթոդական ուղեցույցը նախատեսված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների համար: Ձեռնարկի առաջին մասում ներկայացված են ներառական կրթության արդյունավետ իրականացման հիմնական մոտեցումները, մանկավարժահոգեբանական եռամակարդակ աջակցության տրամադրման մեխանիզմները, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման հիմնական գործընթացները:

Ձեռնարկի երկրորդ մասում ներառված են խոսքի, լսողության, տեսողության, մտավոր զարգացման, շարժունակության, վարքային և հուզական խանգարումներ ունեցող նախադպրոցականների կրթության կազմակերպման հիմնական սկզբունքները և ռազմավարությունները:

Այս մասում կարելի է ծանոթանալ տարիքային զարգացման սանդղակով ներկայացված ցուցիչների համակարգին: Յուրաքանչյուր խանգարման համար տրված ուսումնական, մասնագիտական և միջավայրային ցուցումները կուղղորդեն առավել արդյունավետ կազմակերպել նախադպրոցականների կրթական գործընթացը:

Ձեռնարկում ներկայացված են նաև առանձին դեպքերի նկարագրություններ, որոնք կօգնեն բացահայտել պրակտիկայում հանդիպող խնդիրները և իրականացնել համապատասխան մանկավարժահոգեբանական աջակցություն: Յուրաքանչյուր ենթաբաժնից հետո տրված է գրականության ցանկ` հավելյալ տեղեկատվություն ստանալու և մասնագիտական գիտելիքների ու հմտությունների զարգացման համար: 

«Ինչպե՞ս կարգավորել երեխայի վարքը` չանտեսելով նրա առանձնահատկությունները» (https://hmk.am/…/2021/03/dzernark-cnoghneri-hamar.pdf) ձեռնարկում քննարկվում են երեխայի վարքում հաճախ ծագող որոշ խնդիրների առաջացման հնարավոր պատճառներն ու դրանց հաղթահարման եղանակները: Ներկայացված են խաղեր, որոնք կօգնեն հոգեբանորեն անվնաս և արդյունավետ ձևով շտկել երեխայի վարքում առկա խնդիրները: Մեթոդական ձեռնարկը նախատեսված է ծնողների և նրանց համար, ովքեր կարևորում են երեխայի ներդաշնակ զարգացումը:

Հավելենք, որ վերոնշյալ ձեռնարկները գործածության են երաշխավորվել ԿԳՄՍ նախարարության ու Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից:

Ըստ ձեռնարկներում տրված սահմանման` ներառական կրթությունն այն կրթությունն է, որի դեպքում բոլոր աշակերտների համար պետք է ապահովվի հավասար, սակայն ոչ նույնական վերաբերմունք` ստեղծելով սովորողների հետ համագործակցող, նրանց աջակցող և դաստիարակող միջավայր: Ձեռնարկների նպատակն է լրացնել այն բացը, որն առաջանում է համընդհանուր ներառականության ներդրման ճանապարհին հաճախ հանդիպող տեսության և պրակտիկայի անհամապատասխանությունները, որոնք դրսևորվում են տարատեսակ խնդիրների ձևով:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: