Ամեն հերթական ստուգայցն ավելի ու ավելի բարվոք պատկեր է գրանցում. ԱԱՏՄ

Հեղինակ MediaLab

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ոչ աշխատանքային օրով ուժեղացված ստուգայցն անցկացրել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Մայրաքաղաքի այս հատվածում խստացված վերահսկողական աշխատանքներ հաճախ են տարվում։

Տեսչական մարմնի ամեն հաջորդ դիտարկումը փաստում է` նախկինում գրանցված խնդիրներն այստեղ էականորեն նվազել են։ Ակնառու է, որ տնտեսավարողներն առավել իրազեկ են այժմ եւ բարեխիղճ` սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման հարցում։

Ընդ որում, եթե անգամ նախորդիվ տվյալ տնտեսավարողը չի մշտադիտարկվել, ապա հարակից հատվածներում ընթացող ստուգայցերին տեղյակ` ինքն էլ է առավել զգոն դառնում։ Երկրում առանց ընդմիջման ու ակտիվորեն ընթացող մշտադիտարկումները սպասված արդյունքը տալիս են. դա է փաստում արձանագրվող խախտումների կայուն նվազման միտումը։

Այդուհանդերձ, ԱԱՏՄ-ն հերթական անգամ հորդորում է խստագույն պահպանել պարետի սահմանած անվտանգության նորմերը` ուղղված համավարակի տարածման կանխմանը։ Խախտումների դեպքում վարչական պատասխանատվությանն այլընտրանք չկա։ Վերջինիս ապացույցն են մեծաթիվ կասեցումները, որպիսիք այսօր եւս իրականացվել են, այսօր` առավելապես մարզերում։ 

Այս մասին հայտնում է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը։